18 քառակուսի մետրն ու Թումանյան 123-ի երազանքը
Արդեն 3 տարի է, ինչ Խաչատրյանները հույսով մտնում են կառուցվող շենք, որ այս անգամ իրենց տունը պատրաստ կլինի։
18 քառակուսի մետր, 8 հոգանոց բազմազավակ ընտանիք
Ընտանիքը շարունակում է ապրել իրենց հին տանը՝ կիսախարխուլ հանրակացարանում։ Ընտանիքի հայրը՝ 45-ամյա Անդրանիկ Խաչատրյանը լրագրողներին արդեն մեղմ ասած սիրով չի ընդունում, բազմիցս են այցելել, իրենք էլ «հույս են կապել», բայց ոչինչ․ «18 տարեկան աղջիկս գետնին է քնում մեզ հետ՝ նույն սենյակում»։
Պարզվում է ոչ միայն 18-ամյա դուստրը, այլեւ ընտանիքի 8 անդամներն ապրում են հանրակացարանի ընդամենը 18 քառակուսի մետր տարածության մեջ, առանց խոհանոցի, բաղնիքի։
«Գիշերը անկողնուց վեր կենալ հնարավոր չէ, չես կարող մի բաժակ ջուր խմել երեխաներից մեկի գլուխը, մեկի ոտքը կամ փորը պիտի կոխես», ասում է ընտանիքի հայրը։
Սենյակում 2 անկողին է, բազմոց, փոքրիկ սեղան, բազկաթոռ։ Երեկոյան բազկաթոռը «թառ է լինում» փոքրիկ սեղանին՝ տեղը զիջելով 4 տղաներից մեկի «անկողնուն»։
37-ամյա բազմազավակ մայր Արֆենիա Խաչատրյանը արտասուքն աչքերին ասում է, որ պետությունը խրախուսում է բազմազավակ ընտանիքներին, բայց ընտանիքի ամեն նոր անդամի հետ կենսապայմանները դժվարանում են։
2 թղթի կտոր, 8 հոգու հույս
Ընտանիքում արդեն չգիտեն՝ կապրե՞ն նոր տանը, թե՞ ոչ։ Անդրանիկը պատմում է, որ քաղաքաշինության նախարարությունից մի քանի անգամ ասել են՝ «պատրաստ եղեք, հաջորդ ամիս տեղափոխվելու եք»։ «Ընտրություններից-ընտրություններ են հիշում մեր մասին, էս վերջին անգամ էլ էսպես փակեցին մեր բերանը»,- ասում է տանտիկինը եւ ցույց տալիս 2 թղթի կտոր, որտեղ նաեւ իրենց անուն-ազգանունը կա ու տան հասցեն՝ ինչ-որ ստորագրությամբ․տունը տվել են, բայց դեռ… «Ասում են՝ ապահովված ընտանիք եք…»։
Արֆենիան հիասթափված նշում է, որ մի անգամ Արցախի հանրային հեռուստատեսությունն է իր հաղորդումներից մեկում անդրադարձել իրենց․
«Իր նույն տեղում նստած էր,- ցույց է տալիս բազկաթոռին նստած ամուսնուն,- ես էլ էստեղ էի՝ երեխաներիս մոտ, նկարեցին, որ տան վկայականներ են տալիս ու արդեն քանի տարի է ռեկլամի նման ցույց են տալիս, բայց ես դեռ նոր բնակարանի երես չեմ տեսել»։
6 երեխաների մայրը նշում է, որ իրեն շատ են շնորհավորել, նոր տուն ստանալու առիթով, բայց շնորհավորողները չգիտեն, որ «հին տաշտակի առաջ են», որ երեխաները գետնին են դեռ քնում, որ քամին պատշգամբն էլ է ավերում, ու նույնիսկ փոշի մաքրելն արդեն վտանգավոր է։
Թումանյան 123 հասցեի նորակառույց շենքի մի մասն արդեն վաղուց բնակիչներ ունի, ինչպես Անդրանիկն է ասում, բնակարանները վաճառել են, դրա համար են շուտ կառուցել, իսկ իրենց տները… Երիտասարդ աշխղեկի խոսքով՝ 15 բանվոր է աշխատում շենքում ու 2015-ի վերջին շենքը պատրաստ կլինի։
Անդրանիկը նշում է, որ ամեն ամիս գալիս է, 2 բանվորից բացի ոչ մեկին չի տեսել շենքում, իրենք էլ պարապ-սարապ նստած են, գումար չեն տալիս։
Թումանյան 123․5-րդ հարկ, երազանքների տուն
Թումանյան 123․ արդեն քանի տարի է ինչ ամուսին ու կին տիրաբար բացում են դուռը, բայց միշտ նույն պատկերն է։ «Խոհանոցում միայն լվացարանն է ավելացել։ Մնացած ամեն ինչը նույնն է, ամեն անգամ մտածում ենք, որ արդեն պատրաստ կլինի կամ գոնե մի բան ավելացած կլինի, բայց չէ»,-հուսահատ տան կենտրոնում արդեն քանիերորդ տարին թափված տախտակներն է ցույց տալիս Արֆենիան։
20 տարուց ի վեր , առանձին սենյակի կարոտ, զուգարանի, խոհանոցի եւ բաղնիքի պակաս զգացող Արֆենիան քայլում է կիսակառույց տան սենյակներում եւ արդեն ամենքին իր սենյակը հատկացնում․ «Այստեղ աղջիկների ննջարանն է, այստեղ տղաների, դե պատշգամբին մոտ էլ մերը, չէ, որ մենք շուտ ենք արթնանում… մնում է սայլը տեղից շարժվի…»։
Մարիամ Սարգսյան