Ցորենը շատ է, բայց հացն ու ալյուրը`թանկ
Asparez.am-ը գրում է. 45 հազար ընդհանուր հացահատիկի ցանքատարածություն, մինչ այս 33 հազար հեկտար հնձված դաշտեր, մեկ հա-ից միջինը 33 ցենտներ ստացվող բերք, 140 հազար տոննա ցորենի սպասվելիք բերքատվություն: Այս ցուցանիշներով Շիրակի մարզում դեռ շարունակվում է հացահատիկի բերքահավաքը: Նախատեսվում է այն ավարտել մինչեւ սեպտեմբերի 10-ը:
Չնայած բերքի աննախադեպ առատ ցուցանիշին՝ գյուղացին կրկին դժգոհ է: Պատճառը, հավանաբար, ցորենի էժան գինն է` 90-100 դրամ: Նշենք նաեւ, որ ցորենի բերքի առատ լինելուն զուգընթաց, հացը եւ ալյուրը վաճառվում են համեմատաբար ավելի թանկ: Հացը արժի` 120-140, իսկ բարձր տեսակի ալյուրի 1 կգ-ն` 380-430 դրամ:
Հատուկ «Ասպարեզի» խնդրանքով տնտեսագետ Արթուր Առաքելյանը կատարեց վերլուծություն, պարզաբանումներ տալով մեր հարցերին: Ալյուրի ու հացամթերքի բարձր գնի պահպանումը, ըստ տնտեսագետի, պայմանավորված է մի քանի գործոններով.
-Եթե բերքը առատ է, դա չի նշանակում, որ այս տարվա բերքը միանգամից մտնում է արտադրության մեջ: Առայժմ օգտագործվում է հին բերքը, որը կա եւ գնվել է այլ գներով: Դրա համար միաժամանակ պահպանվում է բարձր գինը,- ասում է տնտեսագետը:
Արթուր Առաքելյանը մեկ այլ տարբերակ էլ է առաջ քաշում: Ասում է՝ պետք է հաշվի առնել թե համաշխարհային շուկայում ցորենը ինչ արժեք ունի, քանի որ միջազգային շուկայի գները եւս ազդում են հայաստանյան շուկայում տեղի ունեցող գնաճի վրա:
-Պատկերացրեք՝ Հայաստանը իր ցորենի բերքով եւ համաշխարհային շուկան իր ցորենով: Դա անհամատեղելի է, եթե համաշխարհային շուկայում գինը բարձր է, ապա անկախ նրանից, որ Հայաստանում բերքը լավ է, միեւնույն ,է ձգտում եւ հասնում է համաշխարհային շուկայի գներին, -ասում է Արթուր Առաքելյանը:
Իսկ թե որքան է համաշխարհային շուկայում ցորենի կամ հացամթերքի գինը, տնտեսագետը դժվարանում է պատասխանել, քանի որ կան խոշոր արտադրանք տվող երկրներ, որտեղ կամ դեռ չի ավարտվել բերքահավաքը, կամ էլ չի սկսվել: Երբեմն էլ ստացվում է, որ անկախ բերքի ստացված արդյունքներից, նշյալ ապրանքատեսակների ինքնարժեքը մեզ մոտ ավելի բարձր է: Տնտեսագետը սրա վերաբերյալ պարզաբանում է.
-Հայաստանում ծրագիր է իրականացվում, որի շրջանակներում պետությունը գյուղացուն տալիս է սերմացու ցորեն, իսկ մյուս երկրներում գյուղացին ցանում է իր ցորենը: Հայաստանում մենք գործ ենք ունենում վարկային հարաբերությունների հետ: Ենթադրենք՝ պետությունից վերցվել է 1 տոննա սերմացու ցորեն, մյուս տարի վերադարձվում է 1 տոննայով ավել:
Եթե այս պայմաններում, մասնավորապես, 1 հատ հացը վաճառվում է 140 դրամ, քանիսո՞վ կվաճառվի հացը, երբ վերոնշյալ իրավիճակին գումարվի նաեւ էլեկտրաէներգիայի ավելացված 7 դրամ սակագինը, քանի որ կառավարությունը չի պատրաստվում հավերժ սուպսիդավորել 7 դրամը:
-Նախ՝ նշեմ, որ Հայաստանը կարողանում է միայն ապահովել հացի պահանջի 30-40 տոկոսը, մյուս մասը ներկրում ենք: Ըստ այդմ էլ, թե որքան կլինի ցորենի կամ ալյուրի գինը, դրան էլ կավելանա էլեկտրաէներգիայի արժեքը,-ասում է Արթուր Առաքելյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: