Կառավարությունը կհաստատի հերթական ռազմավարությունը
ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում նախատեսում է հավանություն տալ Մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հիմնախնդիրների լուծման ռազմավարությանը և դրանից բխող 2015-2016 թվականների միջոցառումների ցանկին: Հայաստանում մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հետ տարվող աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվում է Ոստիկանության կողմից:
Պետական շահագրգիռ գերատեսչությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների փոխհամագործակցության շրջանակներում կատարված լայնածավալ աշխատանքների արդյունքում տարեցտարի արձանագրվում է մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների թվաքանակի նվազում: Այսպես, 2012թ.-ին Վարչության ծառայողների կողմից պրոֆիլակտիկ հաշվառման է վերցվել մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող 16 երեխա, 2013 թվականին՝ 13, իսկ 2014 թվականին՝ 7 երեխա: Ընդհանուր առմամբ՝ 1997 թվականից մինչ օրս պրոֆիլակտիկ հաշվառման է վերցվել մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող շուրջ 300 երեխա: Այնուամենայնիվ, ըստ որոշման նախագծի՝ ոլորտում առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները ենթադրում են շարունակական մոտեցման ապահովում, որի պարագայում միայն հնարավոր կլինի ավելի երկարատև ժամանակահատվածի համար արձանագրել մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների թվի կրճատման կայուն դինամիկա:
«Պայմանավորված նրանով, որ Ոստիկանության կողմից հայտնաբերվելուց հետո մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաները, հնարավորության դեպքում, հանձնվում են սոցիալական ոլորտի կառույցների խնամքին (մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ), իսկ հաճախ՝ նրանց ծնողների հսկողությանը, շարունակաբար գոյություն ունի վտանգ, որ այդ անչափահասները նորից կհայտնվեն փողոցում:
Ավելին, կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երեխան կրկին հայտնվում է փողոցում, որովհետև հատկապես անհաշտ և սոցիալապես անապահով ընտանիքների ծնողները հենց իրենք են երեխային դրդում մուրացկանությամբ զբաղվելուն, կամ իրենց անուշադիր և անտարբեր վերաբերմունքով նպաստում են երեխայի հակասոցիալական վարքագծի դրսևորումներին։ Ոլորտում առկա հիմնախնդիրների լուծումը պահանջում է պետական և հասարակական կազմակերպությունների համակարգված և շարունակական աշխատանքների իրականացում»,- ասվում է նախագծում։