Բաժիններ՝

Սա մի բեռ է, որ վախեցնում ու խրտնեցնում է ՓՄՁ-ներին. Գագիկ Մակարյանը՝ տեսչական ստուգումների մասին

Կառավարության նիստում երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարեց տեսչություններ ունեցող պետական մարմինների հետ քննարկել ստուգումների կասեցման հնարավորությունը։ 168.am-ի հետ զրույցում Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը նշեց, որ մի քանի խնդիր է գումարվել:

«Առաջինը՝ մեզ մոտ տեսչական ստուգումները շատ են ծավալով: Տեսչական բարեփոխումները արդեն 5 տարի է, սկսվել են, բայց առանձնապես տեսչական մարմինների քանակը չի կրճատվել և ստուգումների ծավալը չի պակասել: Սա մի բեռ է, որ վախեցնում ու խրտնեցնում է ՓՄՁ-ներին, կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում: Նաև ստուգումները անհավասարաչափ են տեղի ունենում, որովհետև տարբեր տեսուչները ևս ունեն բիզնեսներ, և տեսչական սգտուգումներն ավարտվում էին ոչ այդքան հաջող»,- ասաց Գ.Մակարյանը:

Նա նշեց, որ միությունն ուսումնասիրություն է իրականացրել և մեկ շաբաթ առաջ նամակ էր հղել վարչապետին, որն իր ազդեցությունն է ունեցել այս որոշման ընդունման հարցում. «Դրանում նշվում է, որ ուսումնասիրությունները և ստուգումները ամիսներով երկարաձգվում են, բեռ են ավելացնում ՓՄՁ-ներին, նաև նկարագրել ին խնդիրները»:

Գ.Մակարյանի խոսքով՝ բավականին մեծ թվով ՓՄՁ-ներ են փակվել վերջին տարում՝ ավելի քան 10 հազար, որը հուսադրող վիճակ չէ: Նա նշեց, որ երկիրը տնտեսական աճի լուրջ խնդիր ունի, կառավարությունը բոլոր ջանքերը դնում է, որ բյուջեն լցնի և ՀՆԱ աճը դրական ապահովի. «Կարծում եմ, հիմա ամբողջ նպատակը դա է, որ թողնեն բիզնեսը շունչ քաշի, տեսնեն տարին ինչպես է ավարտվում, հետո որոշեն, թե ինչ քայլերով շարժվեն: Տնտեսության համար դա կարևոր է, ՓՄՁ-ները կհանգստանան, լարվածությունը կնվազի, իրենց նվիրվածությունը գործին կավելանա, վախերը կվերանան»:

Ըստ Գ.Մակարյանի՝ վերջերս մարզերում տեսուչները շատ են իմպրովիզ անում. «Գնում, ասում են՝ եթե այսպես չանեք, շատ կանհանգստացնենք, կամ պարտադրում են, որ հաշվապահի փոխարեն իրենց ձևակերպեն, կամ հաշվապահին ազատեն աշխատանքից, իրենց ընդունեն, որովհետև փողի խնդիր ունեն: Այսինքն՝ ինչքան էլ մենք ուզենանք, որ ազնիվ ձևով լինեն ստուգումները, միևնույնն է, հազարավոր տեսուչների մեջ հնարավոր չէ ձեռքը բռնել, ամեն մեկն իր ձևով է շարժվում: Իսկ այս որոշումը «քոքից» կտրեց ու ասեց՝ այս տարի չեք մտնում ստուգումների»:

Նրա խոսքով՝ 10 հիմնական նախարարությունենրն իրենց ներքո ունեն տեսչական մարմիններ, որոնք պետք է վերանայվեն. «Այս խառնաշփոթից դուրս գալու համար ճիշտ էր ստուգումները կանգնեցնելը: Սննդի և այլ հատուկ դեպքերը չեն մտնում դրա մեջ: Մինչ այս ստուգումները շատ խրթին ձևով են անցկացրել, ուսումնասիրությունների անվան տակ շաբաթներով գնում գալիս են, ուսումնասիրության արդյունքում ծնվում է ստուգում և այլն: Այսինքն՝ իմպրովիզները շատ էին: Հիմնարկներ կային, որ 2 տարի պարբերաբար ստուգումերը չէին ավարտվում: Մոդելը պետք է փոխվի: Կարծես, ՓՄՁ արմատներին ջուրը չի հասնում: Պետք է պատճառները ճիշտ գնահատել: 10 հազարից ավելի ձեռնարկության փակման հետևանքով հաշվեք, թե քանի մարդ է գործազուրկ դարձել: Որոշումը ողջունելի է, բայց կրկնակի կողջունեմ, երբ ռազմավարությունը վերանայվի ու ստուգումների մասով ճիշտ որոշում կայացվի: Այլապես ամեն մի նախարարություն տեսչությունն իր համար գործիք է դիտարկում, մահակ, որ իրեն խնդրեն, և այդ հոգեբանությունը պետք է դուրս գա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս