«Ռուսաստանը, ի պատասխան Իրանի ուղղությամբ Երևանի ակտիվությանը, ձեռքերին ազատություն կտա. Ալեքսանդր Գուշչին
«Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ) տնտեսապես շահավետ չէ ԵՏՄ անդամ երկրների համար»,- այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց մամլո ասուլիսի ընթացքում ասաց ՌԴ Հումանիտար պետական ինստիտուտի դոցենտ Ալեքսանդր Գուշչինը` անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության հեռանկարներին:
Նա նշեց, որ Ռուսաստանը փորձում է քաղաքական երանգավորում հաղորդել ԵՏՄ պրոյեկտին: Ըստ նրա` որքան էլ որոշ փորձագետներ փորձեն պնդել միության տնտեսական բաղադրիչի մասին, այնպիսի անդամների միացումը պրոյեկտին, ինչպիսին Ղրղըզստանն է, խոսում է այն մասին, որ Մոսկվան շտապում է միացնել ԵՏՄ-ին այնպիսի երկրների, որոնք իրապես դրան պատրաստ չեն:
Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա Գուշչինը կարծում է, որ նախորդ տարին ցույց է տվել` ԵՏՄ անդամ երկրների միջև երրորդ երկրների հետ վարվող մաքսային քաղաքականության շուրջ տարաձայնություններ կան, դրանք հատկապես սրված էին քաղաքական ճգնաժամի` ուկրաինական պատերազմի չկարգավորման պայմաններում: Ըստ ռուսաստանցի դոցենտի՝ մեկ այլ կարևոր հանգամանք է այն, որ Ղազախստանում և Բելառուսում բացասական արձագանք ստացավ միասնական արժույթի ստեղծման գաղափարը, և ամեն ինչ արվեց՝ ցույց տալու համար, որ նախաձեռնությունը ժամանակավրեպ է:
Ալեքսանդր Գուշչինն ասաց, որ ևս մի քանի ռիսկային հանգամանք կարող է թվարկել, բայց դրանք ամենևին էլ չեն փաստում այն մասին, որ պրոյեկտն անհեռանկարային է: Նա, որպես դրական քայլ՝ մատնանշեց այն, որ ԵՏՄ անդամ երկրներում ձեռք բերված բարձրագույն կրթության դիպլոմն անցողիկ է ողջ ԵՏՄ տարածքում, այսինքն՝ Ղազախստանի, Բելառուսի և Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ում կարող են աշխատել արտոնյալ պայմաններով:
«ԵՏՄ-ն, անխոս, ունի հեռանկարային մի շարք բաղադրիչներ, բայց հարցն այն է, որ ԵՏՄ անդամ երկրների համար կան ռիսկային հանգամանքներ, ինչպիսին ներմուծման ծավալների աճի և արտահանման ծավալների նվազման հաշվին առևտրաշրջանառության աճն է: Ղազախստանի հիմնական արտահանումն ուղղված է ԵՏՄ տարածքից դուրս: Այս ամենն ուժեղացնելու է միգրացիոն հոսքերը, օրինակ՝ Ղրղըզստանից: Հայաստանի համար լրջագույն խնդիրներ են ներքին շուկայի գներն ու Վրաստանի միջոցով բեռների տարանցումը: Բացի այս ամենից, ԵՏՄ երկրների մեծամասնությունում, պլյուս-մինուս, բարձր է կոռուպցիայի մակարդակը, ինչը միանշանակորեն արգելակ է դառնալու միության զարգացման ճանապարհին»,- նշեց Ալեքսանդր Գուշչինը:
Վերջինս անդրադառնալով կարծիքներին, թե՝ անիմաստ է նույն երկրների անդամակցությունը տարբեր ինտեգրացիոն կառույցներին, ինչպիսին են «Շանհայի համագործակցության կազմակերպությունը» (ՇՀԿ), ԲՐԻՔՍ-ը (որի անդամ երկրներն են Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը և ՀԱՀ-ը) և ԵՏՄ-ն, ասաց, որ դրանում ոչ մի զարմանալի բան չկա: Գուշչինի խոսքով` ԵՏՄ-ն բացառապես հետսովետական պրոյեկտ է, չնայած հաճախ խոսք է գնում ՌԴ-ի համար հեռավոր արտասահմանյան երկրների անդամակցության մասին և աշխարհաքաղաքական նշանակություն ունի Ռուսաստանի համար, թեև պրոյեկտի գաղափարը 1990-ական թթ. տվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: ՇՀԿ-ն, ըստ Գուշչինի, մի կառույց է, որում առանցքային դեր ունի Չինաստանի և Ռուսաստանի համագործակցությունը, իսկ ԲՐԻՔՍ-ն ավելի լայն կազմակերպություն է, որը դեռ գտնվում է կայացման փուլում: Այսինքն` ռուսաստանցի վերլուծաբանի ակնարկով՝ այս կազմակերպությունները բոլորովին տարբեր են:
Հարցին, թե Հայաստանն ու Ադրբեջանը միացել են ՇՀԿ-ին՝ որպես երկխոսության գործընկերներ, որքանո՞վ է բարձր հավանականությունը, որ Երևանի և Բաքվի միջև երկխոսություն կծավալվի ՇՀԿ-ի շրջանակում՝ առանց ԼՂ հիմնահարցի հիշատակման, պատասխանեց, որ բավականին դժվար է խոսել այդ մասին: Սակայն, նրա համոզմամբ, Մինսկի խմբին այլընտրանք չկա:
«Արևմուտքը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, դժվար թե թողնեն տարածաշրջանը, ԼՂ հակամարտության կարգավորումը թողնեն ՇՀԿ հարթակին, կարծում եմ, որ դա ձեռնտու չէր լինի նաև Ռուսաստանին: Բաքուն միանշանակ կցանկանար դա, սակայն, ինձ թվում է, որ դա Ադրբեջանի և Արևմուտքի միջև առևտրի առարկա է: ԱՄՆ-ը չի ցանկանա Բաքվին թույլ տալ հեռանալ դեպի ՇՀԿ, այդ կազմակերպությունն ինքնին, Հայաստանի և Ադրբեջանի անդամակցության դեպքում, իրենից կներկայացնի շատ ավելի խղճուկ պատկեր:
Իմ տեսանկյունից` ՄԽ-ին այլընտրանք այսօր չկա, իսկ այնպիսի կազմակերպությունները, ինչպիսին ՇՀԿ-ն է, դժվար թե կարողանան առաջարկել խնդրի կարգավորման էական նոր ծրագրեր, որոնք կողմերի համար ընդունելի կլինեին»,- նշեց նա:
Անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթուղու հեռանկարայնությանը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկին՝ ուղղված ԵՏՄ, ՇՀԿ, ԲՐԻՔՍ անդամ երկրներին՝ ֆինանսներ ներդնել այդ պրոյեկտում, ասաց, որ դա բավականին հեռավոր ապագա ունեցող պրոյեկտ է:
«Վլադիմիր Յակունինի կարծիքի փոփոխությունն այս հարցի վերաբերյալ ցույց է տալիս կարևոր մի բան, որ քաղաքականապես այս նախաձեռնությունը Մոսկվայի համար շարունակում է կարևոր մնալ, բայց դիտարկվում է՝ որպես տնտեսապես ոչ այնքան շահավետ: Կարծում եմ, որ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի համար դժվար է ներդնել նման պրոյեկտներում, որոնք, առավել ևս, պայմանավորված են Վրաստանի հետ հարաբերություններով, որում Վրաստանը տարանցիկ երկիր պետք է դառնա: Սակայն կարևոր է նաև Իրանի դիրքորոշումը:
Հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ջերմացումը, չի բացառվում, որ Իրանը սկսի ավելի ակտիվ գործել այս ուղղությամբ: Սակայն նման ջերմացման հավանականությունը դեռ մնում է հեռավոր ապագայում: Այո՛, Մոսկվան կհակադարձի իրանական ուղղությամբ Երևանի չափազանց բարձր ակտիվությանը, ինչը նրա ձեռքերին մեծ ազատություն կտա: Ռուսաստանի համար կարևոր է՝ Հայաստանին պահպանել սեփական ազդեցության ուղեծրում»,- ասաց Գուշչինը: