Բաժիններ՝

  «ԵՄ-ն շարունակում է արթուն պահել քաղաքականությունը Հարավային Կովկասում». եվրոպացի քաղաքագետները գնահատում են Տուսկի այցը տարածաշրջան

 

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը տարածաշրջանային այցի ընթացքում եղավ նաև Հայաստանում: Տուսկը Երևանում նշել է. «Մենք բարեհաջող ավարտել ենք նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը, նախանշել ենք ապագա համագործակցության ոլորտները։ ԵՄ անդամ պետություններն արդեն իսկ քննարկում են բանակցությունների մանդատի տրամադրման հարցը»։ Դոնալդ Տուսկը նաև նկատել է՝ վերջնական նպատակն «առանց վիզայի ռեժիմն է»: Եվրոպացի պաշտոնյայի խոսքով՝ 2015-ը վճռորոշ տարի է ԵՄ-Հայաստան հարաբերություններում, թեև Հայաստանն ընտրել է  լինել Եվրասիական տնտեսական միության անդամ: Տուսկը վերահաստատել է, որ ԵՄ-ն նախկինի պես պատրաստակամ է խորացնել հարաբերությունները բարեփոխումների ընդգրկուն օրակարգով՝ աշխատելով շուկաները բացելու, գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, առաջ ընթանալով ժողովրդավարական բարեփոխումների օրակարգով։

168.am-ի հետ զրույցում Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտն ասաց, որ Եվրոպական միությունը՝ անկախ Արևելյան Հարևանության գոտում առկա խնդիրներից, ցանկանում է պահել տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը, պահելով նաև իր ներկայությունն այնտեղ, ինչի  փայլուն փաստն է Տուսկի այցը Հարավային Կովկաս: Նրա հավաստիացմամբ` ԵՄ-ն այս փուլում էականորեն չի կարող փոխել կամ վերանայման ենթարկել իր քաղաքականությունը Հրվ Կովկասի նկատմամբ, սակայն կարող է այն  մշտապես արթուն պահել, ինչն էլ անում է ներկայումս հատկապես, երբ հարավկովկասյան երկրները չեն մերժում ԵՄ-ի հետ հարաբերությունները, ավելին, դրանցից առնվազն երկուսը` Հայաստանն ու Վրաստանը, հետաքրքրված են զարգացմամբ, ինչն էլ ամրագրվել է Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրում: Կոնրադ Զաշտովտը վերահաստատեց ավելի վաղ հայտնած իր կարծիքը, թե ենթադրել այս ամենից, որ ԵՄ-ն նոր թափով սկսում է գործել, սխալ կլինի, քանի որ ուկրաինական հակամարտությունը կարգավորված չի, իսկ դրա կարգավորումից է կախված միջազգային հարաբերությունների` Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների ապագան:

Լեհաստանցի փորձագետի կարծիքով` այն, ինչը նոր էր Տուսկի դիտարկումներում,  ՀՀ-ԵՄ վիզային ռեժիմի կնքման մասին  խոսակցությունն էր: Զաշտովտի խոսքով` դա հեշտ իրագործելի մտադրություն չէ, քանի որ այն դեռ չի իրականացվել նույնիսկ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում: «Սակայն ապագայում կարելի է խոսել վիզային ռեժիմի մասին, դա հեռավոր նպատակ է, քանի որ Եվրոպան իր առջև ծառացած միգրացիոն լրջագույն խնդիրների պատճառով չի կարողանում զարգացնել ազատ վիզային քաղաքականությունը, քանի որ ԵՄ որոշ երկրներ դեմ են դրան, ու ստացվում է, որ ԵՄ որոշ երկրներ խոչընդոտում են, որպեսզի զարգանա Արևելյան գործընկերությունը, որի բաղադրիչը  վիզային ազատականացումն է»,- նշեց Կոնրադ Զաշտովտը` հավելելով, որ ԵՄ-ում դեռ շարունակվում են տարակարծություններն ԱլԳ զարգացման շուրջ: Լեհաստանաբնակ վերլուծաբանի փոխանցմամբ` այս տարի արդեն  ուրվագծված կլինի ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեսքը: «Ինչպես բազմիցս ասել եմ, և ինչպես ավելի պարզ դարձավ Տուսկի հայաստանյան դիտարկումներից, ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագիրը  ոչնչով չի տարբերվելու Ասոցացման համաձայնագրից, քանի որ խոսք է գնում նաև առևտրային և տնտեսական հարաբերությունների մասին, պարզապես փոխվում է  ՀՀ-ԵՄ համագործակցության պայմանագրի անվանումը»,- հստակեցրեց Կոնրադ Զաշտովտը:

Մեզ հետ զրույցում Եվրոպայի քոլեջի դասախոս, նախկին դիվանագետ, Ֆրանսիայի միջազգային և ռազմավարական խնդիրների ինստիտուտի առաջատար վերլուծաբան, ԵՄ կառույցներում ուսումնական ծրագրեր իրականացնող Լոռ Դելքուռը նշեց, որ ամեն դեպքում Հայաստանն ու Եվրոպական միությունը երկարաժամկետ անելիքներ ունեն ոչ միայն՝ համաձայնագիրը կազմելու, այլև վիզային ազատականացման նպատակին հասնելու ճանապարհին: Ըստ նրա` ՀՀ-ԵՄ ապագա համաձայնագրի շրջանակը վաղուց պարզ է: «Այն ներառելու է քաղաքական երկխոսությունը, այսինքն` բարեփոխումներ, ինստիտուտների զարգացում, մարդու իրավունքներ, և այլն, և այլն, տնտեսական հարաբերություններ՝ հաշվի առնելով ՀՀ նոր տնտեսական պարտավորությունները ԵՏՄ-ում»,- ասաց Դելքուռը: Դելքուռի կարծիքով ևս,  առանց ուկրաինական ճգնաժամի կարգավորման՝ Արևելյան գործընկերությունից մեծ սպասելիքներ ունենալն անիմաստ կլինի: Նրա հավաստիացմամբ՝ ԵՄ-ն պետք է սպասողական քաղաքականություն վարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս