Իրանական գազի տարանցումը Եվրոպա Հայաստանի միջոցով ժամանակի հարց է. իրանցի քաղաքագետ
«Հայ-իրանական հարաբերությունները կզարգանան նոր թափով»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Tehran Times թերթի նախկին խմբագիր, Press TV-ի սյունյակագիր, քաղաքագիտության դոկտոր Իսմայիլ Սալամին` անդրադառնալով Իրան-«Վեցյակ» պատմական համաձայնության կնքմանը:
Նա ևս ձեռք բերված համաձայնությունը պատմական որակեց՝ հավելելով, թե պետք է սպասել ձեռք բերված պարտավորությունների կատարմանը: Ըստ նրա, եթե այդ պարտավորությունները կատարվեն, ապա Իրանը կսկսի տարածաշրջանում գործել՝ որպես լիարժեք խաղացող, հատկապես, երբ Մերձավոր Արևելքը հայտնվել է «Իսլամական պետություն» չարիքի թիրախում: «Իրանին բարդ ճանապարհ է սպասվում իր արտաքին քաղաքականության մշակման հարցում, քանի որ այդ քաղաքականությունը գործի չի դրվել Իրանի շրջափակման պայմաններում»,- նշեց Իսմայիլ Սալամին: Վերջինիս համոզմամբ՝ նոր շնչով զարգացում ապրող Իրանը կարող է այլ որակի հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Իրանի ապաշրջափակումից հետո Հայաստանն իրանական գազը Եվրոպա տարանցելու հնարավորություն ստանա, պատասխանեց, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ ժամանակ է անհրաժեշտ համապատասխան պայմանավորվածություններ, ենթակառուցվածքներ ձեռք բերելու համար: Նրա հավաստիացմամբ, իրանական կողմը կցանկանար իրագործել այդ մտադրությունները, սակայն դրանք փոքր-ինչ դժվար իրագործելի են:
Իսմայիլ Սալամիի համոզմամբ, Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը մեծապես կաճի պատժամիջոցների վերացումից հետո, քանի որ Իրանը չէր կարողանում իր հարևանների հետ աշխատել իր ամբողջ ներուժով սահմանափակումների դեպքում: Սակայն, իրանցի փորձագետի կարծիքով, ներկայումս դժվար է կանխատեսել հնարավոր փոփոխությունները, քանի որ դժվար է նաև ասել, թե պարտավորությունների որ մասը կողմերը կիրականացնեն, իսկ որ մասը` ոչ:
Ինչ վերաբերում է Իրանի մասնակցությանը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ապա Tehran Times-ի նախկին խմբագիրը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության նկատմամբ Իրանի դիրքորոշումը վերջին տարիների ընթացքում փոփոխությունների չի ենթարկվել: Նրա հավաստիացմամբ` Իրանը չեզոք դիրքորոշում է փորձում դրսևորել այս հակամարտության կարգավորման գործընթացի նկատմամբ, ինչն ամենևին չի նշանակում, որ Իրանն անտարբեր է:
«Քչերն են հիշում, բայց Իրանը նախկինում ակտիվ դերակատարություն է ունեցել հակամարտող կողմերի միջև լարվածությունը թուլացնելու հարցում, խոսակցություններ կային նաև միջնորդների ցանկում Իրանին ներառելու մասին, այդ հարցում որոշակի խոչընդոտներ առաջացան: Այսօր Իրանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարգավորման միակ իրավասու հարթակն է, այլ միջնորդներ անհրաժեշտ չեն, այսինքն` մեր երկրի դիրքորոշումը հավասարակշիռ և չեզոք է: Բայց մեկ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է` ԼՂ հակամարտության կարգավորման գոտում ռազմական գործողություններ չպետք է լինեն»,- նշեց Իսմայիլ Սալամին:
Վերջինիս հավաստիացմամբ՝ կողմերը պետք է վստահեն ԵԱՀԿ Մինսկի խմբին և հասնեն երկարաժամկետ, կայուն կարգավորման: Իրանցի քաղաքագետը դժվարացավ խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբում Իրանի ներգրավման մասին, քանի դեռ այդ մասին ցանկություն հակամարտող կողմերն ու միջնորդները չեն հայտնել: