Բաժիններ՝

«Ես ազգությամբ հայ չեմ, բայց ընտրել եմ պատմելու հայկական մի պատմություն». Քրիստոֆեր Չեմբերսի

«Ոսկե Ծիրան» երևանյան 12-րդ միջազգային կինոփառաոնի «ՀԱՅԵՐ. ՀԱՅԱՑՔ ՆԵՐՍԻՑ ԵՎ ԴՐՍԻՑ» ծրագրի շրջանակներում ցուցադրված «Արամ, Արամ» խաղարկային ֆիլմը թեև պատմում է ազգությամբ հայ ընտանիքի մի պատմություն, ֆիլմի ռեժիսորը, սակայն, հայերի մասին լսել է միայն տարիներ առաջ: Ամերիկաբնակ Քրիստոֆեր Չեմբերսին, ով կարիերան սկսել է հեռուստատեսային տեսահոլովակներ և պրոմոներ նկարահանելով (թվով՝ մոտ 5000 պրոմո), ազգությամբ երկրորդ սերնդի ամերիկացի է, ապրում է Լոս Անջելեսում: «Արամ, Արամը» ռեժիսոր Քրիստոֆեր Չեմբերսիի առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է:

Ֆիլմը պատմում է հոր կերպար ունենալու՝ երեխայի հիմնարար պահանջի մասին: Անսպասելիորեն տնից հեռացած 12-ամյա լիբանանահայ տղային՝ Արամին, ուղարկում են արևելահայաստանցի պապի մոտ: Այնտեղ Արամը պայքարում է հին աշխարհի արժեքների և Փոքր Հայաստանի (Լոս Անջելես) նորաստեղծ հայկական ինքնության միջև գոյություն ունեցող հակասությունը հաղթահարելու համար: Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Լևոն Շարաֆյանը, Ջոն Սևակ Ռուհինյանը, Սևակ Հակոբյանը, Ալլա Թումանյանը, Մայք Գեյդերը, Դեյվիդ Վիլյադան, Ինգա Ստամբոլցյանը:

168.am-ի հետ զրույցում Չեմբերսին պատմեց, որ հեռուստատեսային կարիերան ինչ-որ պահից հոգնեցրեց իրեն, ու, քանի որ մեծ ցանկություն կար ստեղծագործական հնարավորությունները փորձել մեծամասշտաբ նախագծում՝ կինոյում՝ «Արամ, Արամը» դարձավ իր դեբյուտը կինոյում՝ հնարավորություն հանդիսանալով ծանոթանալ ու բացահայտել հայերին՝ որպես հին ու հետաքրքիր մշակույթ ունեցող ժողովրդի:
– Ֆիլմը, որ ներկայացրել եք «Ոսկե Ծիրանի» «Հայացք ներսից և դրսից» ծրագրին, պատմում է հայկական արմատներ ունեցող մի ընտանիքի մասին, և Դուք էլ մեր հանդիպման սկզբին հիանալի հայերենով բարևեցիք ինձ: Դուք հայկական արմատներ ունե՞ք:
– Այս հարցն ինձ էլի են տվել, և ոչ՝ մի անգամ, հատկապես, երբ նկարահանում էի հայկական ընտանիքի պատմության մասին իմ ֆիլմը, բայց պետք է ասեմ, որ ո՛չ, ես հայ չեմ: Արմատներս ինձ տանում են՝ դեպի երկրորդ սերունդ ամերիկացիներ, մյուս կողմից՝ շվեյցարական, ֆրանսիական և իռլանդական ծագում ունեմ:

– Ո՞րն էր առիթը՝ անդրադառնալու հայկական թեմատիկայով ֆիլմին:
– Ես մեծացել եմ Լոս Անջելեսում՝ Կալիֆոռնիայում, մի տեղ, որը շատ մոտ է գտնվում հայկական համայնքին: Երբեք հայկական համայնքից մարդկանց հետ հանդիպումներ կամ շփումներ չեմ ունեցել, բայց կողքից նայողի հայացքով իմ պատկերացումներն եմ կազմել՝ ինչպե՞ս են նրանք ապրում, ի՞նչ արժեքային համակարգի դավանողներ են, թեև պետք է նաև նշեմ, որ հայկական համայնքը Կալիֆոռնիայում բավականին փակ ու ինքնաբավ համայնք է:

Կարդացեք նաև

aram-aram-himn

– Ինչպե՞ս պատահեց Ձեր առաջին ծանթությունն ու շփումն այդ մարդկանց հետ:
– Երբ ես 20 տարեկան էի և աշխատում էի «Սարսափ» ֆիլմի նկարահանման հրապարակում, մի օր ճաշի ժամին նստեցի սեղանի շուրջ, որտեղ հայ տղա կար: Նա էլ այդ ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ էր, կարծեմ՝ օպերատորական մասի աշխատակից: Սովորաբար նկարահանման հրապարակներում ճաշի ժամերը սահմանափակվում են 5-10 րոպեով, բայց այդ մեկը տևեց ավելի քան մեկ ժամ, որովհետև այդ հայ տղան, որի անունը, ի դեպ, Արամ էր, ինչպես և հետագայում իմ ֆիլմի հերոսի անունը կնքեցի, այնպես վարակիչ զրույցի էր բռնվել սեղանակիցների և ինձ հետ, որ չնկատեցինք, թե ինչպես թռավ ժամանակը: Նա պատմում էր իր ազգակիցների մասին, որ հայերն առաջին քրիստոնեություն ընդունած ազգն են երկրի երեսին, որ նրանք վերապրել են Ցեղասպանության արհավիրքները, որի մասին ես մինչ այդ ոչինչ չէի լսել, և, որ իրենք ունեն հին ու գեղեցիկ մշակույթ: Ես այնքան տպավորված էի նրա պատմություններով, որ տուն վերադառնալով՝ ողջ երեկոն անցկացրեցի համակարգչի առջև նստած՝ համացանցում՝ Հայաստանի և հայերի մասին տարբեր ինֆորմացիաներ ուսումնասիրելով:

– Ո՞ւր հասցրեցին Ձեզ այդ որոնումները:
– Այդ որոնումներն ինձ հանեցին մի կայքի, որտեղ Ամերիկա այցելած հայ էմիգրանտները պատմում էին իրենց պատմությունները, կիսվում իրենց տպավորություններով, նոր կարգավիճակի հետ առաջ եկած խնդիրներով: Դրանք, բացի կենցաղային բնույթ ունենալուց, առավել հոգեբանական ծանր ապրումների և տառապանքների աղբյուր էին դարձել: Իմ ֆիլմի պատմության հենքը ես գտա հենց այդ կայքում զետեղված պատմությունների որոնումներում:

– Արամն իրակա՞ն կերպար է:
– Ես գտա իմ պատանի հերոսի՝ Արամի պատմությունը, որը ներկայացնում է հին ու բնիկ մի ժողովրդի կյանքի փոքրիկ պատկեր: Ինչ-որ տեղ Արամը հավաքական կերպար է, այնտեղ ես ներդրել եմ նաև իմ անձնական կյանքի որոշ դետալներ, այսինքն՝ այդ կերպարում կան նաև ինքնակենսագրական տարրեր: Եթե ամփոփ ձևակերպում տամ՝ սա ցանկացած երեխայի պահանջն է՝ ունենալու հոր կերպար:

aram-aram1

– Դերասանական կազմն ինչպե՞ս ընտրեցիք, որովհետև, տեսնում եմ, ֆիլմում ներկայացված են ամերիկաբնակ հայ հայտնի դերասաններից մի քանիսը, ովքեր նաև քաջ հայտնի են Երևանում՝ Լևոն Շարաֆյան, Ալլա Թումանյան, և այլք:
– Ես ազգությամբ հայ չեմ, բայց ընտրել եմ պատմելու հայկական մի պատմություն, այստեղ շատ վտանգավոր ու նուրբ անկյուն կար: Ես շատ էի ուզում արդյունքում ունենալ անկեղծ ֆիլմ, դա ինձ համար կարևոր էր: Սրան հասնելու համար ֆիլմում հայի կերպարները պետք է մարմնավորեն բացառապես ազգությամբ հայ դերասանները: Այսպես քաստինգներից մեկի ընթացքում ես բացահայտեցի, իմ կարծիքով՝ տաղանդավոր դերասանուհի Ալլա Թումանյանին, որ այնտեղ՝ Լոս Անջելեսում դարձավ իմ մորաքույրը: Երբ ամեն անգամ հանդիպում էինք իր տանը՝ այս կամ այն տեսարանը քննարկելու, նա ինձ այնպիսի համեղ հայկական ուտելիքներով էր հյուրասիրում, որոնց համը ես երբևէ չեմ մոռանա: Թեև այստեղ էլ փորձել եմ հայկական ուտելիքներ, որոնցից ամենատպավորիչը, այնուամենայնիվ, հայկական խորովածն է, բայց պետք է ասեմ, որ Ալլայի կերակուրները տարբերվում են, ուրիշ ոչ մի կերակուրի մեջ չկա այն սերը, որ նա ներդնում է իր պատրաստած կերակուրի մեջ (ժպտում է.- Ն.Մ.):

– Իսկ Լևոն Շարաֆյանին ինչպե՞ս գտաք:
– Ա՛յ, սա լրիվ ուրիշ պատմություն է… այստեղ պատմություն կա: Պատմեմ, Դուք էլ իմացեք: Տանը նստած աշխատում էի ֆիլմի սցենարի վրա, հեռուստացույցն էլ միացված էր հայկական հեռուստաալիքին: Ես պարբերաբար հետևում էի դրան՝ հայ դերասաններ գտնելու հույսով, թեև այդ հեռուստաալիքի լեզուն հայերենն է, և երբ խոսում են՝ ես ոչինչ չեմ հասկանում: Շատ պատահաբար աչքիս ընկավ Լևոն Շարաֆյանը, ու ես նույն պահին հասկացա, որ նա հենց իմ փնտրած հերոսն է՝ ֆիլմի պապիկը՝ Արսենը: Անմիջապես հենց էկրանից լուսանկարեցի նրան: Այն, ինչ ես ունեի ձեռքիս տակ, այդ լուսանկարն էր, անունն անգամ չգիտեի: Ես նույնիսկ հետաձգեցի ֆիլմի արտադրությունն ու քաստինգը՝ հույսով, որ կգտնեմ նրան, թեև ինքն անձամբ իմ հայտարարած քաստինգներին չէր ներկայանում: Մի անգամ ինձ մոտ քաստինգի եկավ մի դերասան, որի դեմքն ինձ շատ ծանոթ թվաց: Հետո միայն հիշեցի, որ սա իմ փնտրած դերասանի խաղընկերն էր՝ այն կադրում, որը ես նկարել էի էկրանից: Երբ նա անցավ քաստինգը, հրավիրեցի ինձ մոտ ու առաջինը, որ արեցի՝ ցույց տվեցի նրան համակարգչիս վրա տեղադրված Շարաֆյանի լուսանկարն ու հարցրի՝ ճանաչո՞ւմ ես նրան: Նա այնպիսի հանգստությամբ ասաց՝ Լևոնի՞ն, իհա՛րկե, ո՞նց չեմ ճանաչում, իմ լավ ընկերն է… չեք պատկերացնի՝ ինչ զգացի այդ պահին: Ասացի՝ հնարավորություն ունե՞ս կապվելու հետը, ասաց՝ դրանից էլ հեշտ բա՞ն, հենց հիմա կզանգեմ: Իմ աչքի առաջ վերցրեց հեռախոսն ու զանգահարեց Լևոն Շարաֆյանին: Հաջորդ օրը հնչեց տանս դռան զանգը: Բաց արեցի, և նա էր կանգնած դիմացս՝ գեղեցիկ հագուստով, սլացիկ կեցվածքով: Նա իմ փնտրած հայ պապիկի կերպարն էր, այն ցավն ու տխրությունը, որ կար իմ կերպարում, ես անսխալ հայտնաբերեցի նաև նրա ներքին աշխարհում: Այսպես սկսվեց իմ ճամփորդությունը Լևոնի հետ, ամենազիլ դերասանը, որի հետ մինչև այսօր աշխատել եմ:

– Ասում եք, որ հայկական համայնքը Լոս Անջելեսում փակ է: Ձեզ հեշտությա՞մբ ընդունեցին համայնքից ներս:
– Առհասարակ, այս ֆիլմի հետ կապված՝ շատ հետաքրքիր պատմություններ ու բացահայտումներ եղան, որովհետև ես դրսից մարդ էի, ով մտավ համայնք, ու ինձ այնտեղ այնպիսի ջերմությամբ ընդունեցին, որ շատ դեպքերում բառերով նկարագրել չեմ կարող: Ձեզ մի դեպք կպատմեմ: Ես հաճախ էի հետևում հայկական համայնքի կյանքին, մարդկանց: Ֆիլմի աշխատանքների համար դա շատ օգտակար է՝ լինել բնական միջավայրում, որտեղ հայերն ապրում են իրենց առօրյա կյանքով: Իմ հերոսը՝ Արսենը, որի կերպարը, ինչպես արդեն ասացի, կերտեց Լևոն Շարաֆյանը, կոշկակար է: Ի դեպ, հայկական համայնքում կոշկակարներ շատ կան: Ինձ հետ մի օր այնպիսի մի դեպք պատահեց, որ մինչև այսօր հիշելով՝ փշաքաղվում եմ: Համայնքում ես շատ պատահականորեն ծանոթացա մի հայ կոշկակարի հետ, որի հետ մեր զրույցը բերեց նրան, որ ես պատմեցի իմ ֆիլմի սցենարը: Ընթացքում նկատում էի, որ նրա հայացքը գնալով ավելի ու ավելի անհանգիստ է դառնում, աչքերում անբացատրելի կայծ հայտնվեց: Երբ ես նրան հարցրի՝ ի՞նչն է իր անհանգստության պատճառը, նա ինձ ասաց՝ չես կարող պատկերացնել, որ դու հիմա ինձ պատմում ես իմ կյանքի պատմությունը… Նա էլ որդի ուներ, որն իր հերթին՝ նոր ամերիկյան միջավայրում ադապտացվելու լուրջ խնդիր ուներ, ինչպես իմ ֆիլմի երիտասարդ հերոսն է՝ Արամը: Ի վերջո, այդ կոշկակարը, որ, ի դեպ, մասնագիտությամբ երաժիշտ է եղել և Ամերիկա գաղթելուց հետո է միայն սկսել զբաղվել կոշկակարությամբ, պատմեց ինձ, որ իր որդին հիմա բանտում է: Նա միգուցե իրեն էր մեղադրում՝ որդու ճակատագրի նման զարգացման համար, և այստեղ ես հասկացա, որ, իսկապես, այն խնդիրը, որ ես բարձրացրել էի իմ ֆիլմում՝ հոր կերպարի ընկալումը, առկա էր այս տղամարդու ողբերգական կյանքում: Նա ներկա էր ֆիլմի լոսանջելեսյան պրեմիերային: Ֆիլմից հետո ելավ, գրկեց ինձ, ու մենք մի քանի րոպե լուռ էինք…

– Ձեր կոստյումին փակցված անմոռուկ եմ տեսնում: Որտեղի՞ց դա Ձեզ, այստե՞ղ են տվել:
– Ոչ, սա ես ինձ հետ Ամերիկայից եմ բերել: Ի դեպ, ես երկու կրծքանշան ունեմ՝ մեկը Հայաստանի պետական դրոշն է, ինչպես դուք եք ասում՝ եռագույնը, մյուսն այս անմոռուկն է, որ այս ֆիլմով փառատոներ այցելելիս՝ միշտ կրում եմ կոստյումիս վրա: Ի դեպ, երկու օր առաջ եմ ժամանել Հայաստան: Այս կրծքանշանն ինձ նվիրել է իմ ֆիլմի երիտասարդ հերոսը՝ Սևակը, որ խաղում է Արամի կերպարը: Միգուցե հենց այդ պատճառով այս մեկն ավելի հոգեհարազատ է ինձ: Շատ հաճախ տարբեր երկրներում մարդիկ մոտենում են ու հարցնում ինձ, թե ի՞նչ է սա, ի՞նչ խորհուրդ ունի, և ես պատմում եմ նրանց Հայոց ցեղասպանության մասին, գոնե այնքանով, որքանով ես եմ տեղյակ այդ արհավիրքից:

– Առաջին անգա՞մ եք Հայաստան այցելում:
– Այո: Ի դեպ, այստեղ եմ, որովհետև ֆիլմս մասնակցում է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին, և այս մասնակցության միտքն ինձ հուշել էր Լևոն Շարաֆյանը:

– Կա՞ մի բան այստեղ, որ տպավորել է Ձեզ:
– Առանց չափազանցության՝ ամեն ինչ տպավորել է: Մարդիկ այստեղ անսովոր ջերմ են: Երևանն է ինձ տպավորել՝ իր ճարտարապետությամբ: Թեև սա իմ հայաստանյան ճամփորդության սկիզբն է միայն, վաղը ես կլինեմ քաղաքից դուրս:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս