Գերման Ստերլիգովը Մոսկվայից վերադարձել է Շուշի
Ռուս գործարար Գերման Ստերլիգովը Մոսկվայից մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ իր ընտանիքի մոտ: Այս մասին նա հայտնել է «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում:
Ինչպես ասվում է ֆերմերի գրառման մեջ, Մոսկվայում ռուս իրավապահ մարմինները իր նկատմամբ հետաքրքրություն չեն դրսևորել ու ինքը վերադառնում է Շուշի:
«Լրանում է Մոսկվայում գտնվելու իմ ժամանման երեք օրը ու ես ձեզ հայտնում եմ, որ ՌԴ իրավապահ մարմինները իմ նկատմամբ նվազագույն հետաքրքրություն չեն դրսևորել: Թեման համարում եմ սպառված ու վերադառնում եմ Ղարաբաղ կնոջս ու երեխաների մոտ»,-գրել է Ստերլիգովը:
Ստերլիգովի խոսքով՝ ինքը Մոսկվա էր վերադարձել, որ պատասխան տա ադրբեջանական ու ռուսական ԶԼՄ-ներով տարածվող «զրպարտանքներին»: Նա բացատրել է, որ Լեռնային Ղարաբաղում չի թաքնվել ռուսական ոստիկանությունից:
Ստերլիգովը մեկնաբանել է նաև իր ու փաստաբան Արթուր Հայրապետովի դեմ զրպարտության մասին քրեական գործի վերաբերյալ տեղեկությունը: Գրառման մեջ ասվում է, որ ինքը «թքած ունի Իսրայելի կամ Ադրբեջանի սադրանքների վրա, որոնք փորձում են իրավաբանական մեխանիզմների օգնությամբ խոչընդոտել Լեռնային Ղարաբաղ իր վերադարձին»:
Հիշեցնենք, որ էքսցենտրիկ իսրայելուհի Միլանա Գորենշտեյնը, ով իրեն համացանցում հռչակել է Երուսաղեմի ու Լեռնային Ղարաբաղի թագուհի Մարիա 2-րդ, հայտարարել է, որ Ստերլիգովն ու նրա փաստաբանը իրեն հրապարակավ վիրավորել են՝ անվանելով «խելագար կին»: