Դավիթ Բաբայանն արձագանքում է Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն օրերս ռուսական «Վեդոմոստիին» իր հարցազրույցում հայտարարել է, որ գրավված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը՝ համապարփակ կարգավորման շրջանակում: ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե հնարավոր է՝ դա ճիշտ չեն մեկնաբանել:

«Ընդհանուր առմամբ մեր մոտեցումը հետևյալն է և չի փոփոխվել. Նախ և առաջ հակամարտությունը պետք է կարգավորվի համապարփակ ձևով և պետք է կարգավորվի այնպես, որ սկզբում վերացնեն հակամարտության պատճառները, միայն հետո խոսք գնա հետևանքների մասին: Այն, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության արդյունքում փոխվել են սահմանները, դա հակամարտության պատճառների հետևանքն է, դա պատճառը չէ: Եվ մինչև բուն պատճառներին չանդրադառնանք, հետևանքների մասին խոսելը որևէ տրամաբանական ավարատ չի ունենա»,- ասաց Դ.Բաբայանը:

Նա շեշտեց, որ մեզ համար չկա վերադարձ անցյալին, այսինքն՝ ԼՂ երբեք չի ունենալու ԼՂ ինքնավար մարզի սահմանները: Դ.Բաբայանի խոսքով՝ դա բացառված է, որովհետև այստեղ ամբիցիաներ չեն, այստեղ ինչ-որ «մեծ գաղափարներ կամ էքսպանսիոնիստական» ինչ-որ մոտեցումներ չեն, այլ սա բուն անավտանգության խնդիր է.

«Բոլորի համար պարզ է և սա ցույց տվեց մեր պատմությունը, որ ԼՂՀ-ն՝ նախկին ԼՂ ինքնավար մարզի՝ գումարած Շահումյանի շրջանի սահմաններում (Գետաշենի ենթաշրջանի), այլ սահմաններում ի վիճակի չէ գոյատևել որպես անկախ պետություն, որովհետև ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը և դառնում է գայթակղիչ մի թիրախ, որպեսզի հակառակորդը հարձակվի և փորձի ուժի միջոցով հարցը կարգավորել:

Նա դա արեց 88 թվականին, դա շարունակվեց 1990թ. «Կոլցո» օպերացիան, և բազմաթիվ այլ անգամներ և վերջապես լայնածավալ պատերազմի ժամանակ: Եվ մենք չենք կարող դա թույլ տալ ևս մեկ անգամ: Մենք չափազնաց շատ գին ենք վճարել մեր անվտանգության համար: Սա բոլորի համար պետք է պարզ լինի: Եվ պարզ է, որ այս հանգամանքները հաշվի առնելով պետք է մոտենանք հակամարտության կարգավորմանը և, բնական է, որ Արցախն էլ պետք է մասնակցի բոլոր փուլերին, ոչ թե ինչ-որ մի փաստաթուղթ պատրաստվի, հետո ասեն՝ ո՞նց եք մտածում, ուզո՞ւմ եք ստորագրել, թե՞ ոչ: Մենք պետք է մասնակցենք ի սկզբանե՝ քննարկումներից, ընդհանուր գաղափարաների փոխանակումից, մինչև կոնկրետ փաստաթղթի մշակումն ու իրականացումը»:

Դիտարկմանը, որ Ուորլիքը դրական է գնահատել, որ ՀՀ և Ադրբեջանի նախագահները վերջին 12 ամիսներին 4 հանդիպում են ունեցել, բայց չի խոսել Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի մասին, Դ.Բաբայանը պատասխանեց, որ շատ կարևոր է, որ ԼՂՀ-ն վերադառնա բանակցային սեղանի շուրջ. «Բնական է, եթե հիմա հանդիպումները նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով ընթանում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Ուորլիքը պետք է դրանց գնահատական տա: Բայց պարզ է, որ պաշտոնական Ստեփանակերտը պետք է մասնակցի: Այսինքն՝ անվտանգության հարցերը մեզ համար առաջնային են, մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի մեր պետությունը լինի խոցելի, պետք է կարողանանք ապահովել մեր անվտանգությունը բոլոր հարթություններում, օրինակ՝ ջրային անվտանգությունը:

Շահումյանի շրջանում կամ Քարվաճառում սկիզբ է առնում մեր ջրային պաշարների 85%-ը, Սևանա լիճը սնող Արփա և Որոտան գետերը: Ի՞նչ է, այդ տարածքը պետք է անցնի ահաբեկչական Ադրբեջանի՞ն, որ նրանք ահաբեկեն, թունավորեն Սևանա լճը, թունավորեն մեր բոլոր գետե՞րը: Առանց այն էլ հերոսացնում են մի տականքի, որ քնած հայ սպա է սպանել, սրսկում են Ադրբեջանում պատահաբար հայտնված հայ քաղաքացիներին:

Բնական է, որ այդ պետությունը ամեն քայլի գնալու է, իսկ մենք չենք ուզում նորից ցեղասպանություն տեսնել: Իսկ եթե փորձ կատարվի անել այն, ինչ Ադրբեջանն է ուզում, այսինքն՝ նա ուզում է, որ Արցախը չլինի անկախ պետություն, չունենա իր անվտանգությունն ապահովող սահմաններ, ապա 100% կլինի նոր ցեղասպանություն»:

 

Տեսանյութեր

Լրահոս