Ծխելը կարող է հասցնել շիզոֆրենիայի. գիտնականներ
Ըստ գիտնականների` ծխախոտի օգտագործումը կարող է ծխողների մոտ ավելացնել շիզոֆրենիայի առաջացման ռիսկը:
Ծխելը կարող է անմիջական ազդեցություն ունենալ շիզոֆրենիայի զարգացման վրա. այս մասին ասված է Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականների կողմից Lancet Psychiatry ամսագրում հրապարակված զեկույցում: Նրանց պնդմամբ` այս հարցը ավելի խորը ուսումնասիրության կարիք ունի:
Գիտնականները քննել են թվով 61 անկախ հետազոտություններ և հանգել են այն եզրակացության, որ ծխախոտի ծուխը կարող է փոխել ուղեղի աշխատանքը` առաջացնելով խանգարումների զարգացում:
Ծխելու և պսիխոզների միջև կապը վաղուց հաստատվել է, սակայն նախկինում կարծում էին, որ շիզոֆրենիայով տառապող հիվանդները հաճախ զարգացնում էին ծխելու ցանկությունը, որովհետև նրանք ծխախոտը օգտագործում էին որպես սթրեսի թեթևացման միջոց:
Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականները անալիզի են ենթարկել 14.555 ծխողների և 273.162 չծխողների մասին ինֆորմացիաները: Պարզվել է, որ պսիխոզ ունեցող մասնակիցների 57%-ն արդեն ծխել են այն պահին, երբ առաջին անգամ նոպա են ունեցել: Շիզոֆրենիայի զարգացման հավանականությունը ծխող մարդկանց մոտ երկու անգամ ավելի բարձր է եղել, քան չծխողների մոտ:
Գիտնականները հանգել են նաև այն եզրակացության, որ ծխողների մոտ շիզոֆրենիայի զարգացումը կատարվում է 1 տարով ավելի շուտ: Շիզոֆրենիան միջինը ախտորոշվում է 100 մարդուց մեկի մոտ: Ծխողների շրջանում այդ հարաբերակցությունը կարող է լինել 100-ից երկուսը:
Գիտնականների կարծիքով` նիկոտինը բարձրացնում է դոֆամինի նեյրոհորմոնի մակարդակը: Սովորաբար այդ հորմոնի բարձր մակարդակ լինում է պսիխոզ ունեցող հիվանդների մոտ:
Կարդիֆի համալսարանի ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրենը կարծում է, որ Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտողները բավական ուժեղ փաստարկներ են ներկայացրել այն բանի օգտին, որ ծխելը կարող է շիզոֆրենիայի զարգացման ռիսկ առաջացնել:
«Մենք գիտենք, որ Անգլիայի ամբողջ ծխախոտի 42%-ը ծխում են հոգեկան պրոբլեմներ ունեցող մարդիկ»,- ասում են Rethink Mental Illness բարեգործական ֆոնդի ներկայացուցիչները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը