«Ցանկություն կա Ադրբեջանին ինչ-որ կերպ ավելի ամուր կապել և ներքաշել ԵՏՄ». Կոնստանտին Կալաչով

Մեր զրուցակիցն է ռուս քաղաքագետ, «Քաղաքական փորձագիտական խմբի» ղեկավար
Կոնստանտին Կալաչովը

– Պարոն Կալաչով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Ուֆայում մասնակցելով ԲՐԻԿՍ, ԵԱՏՄ և Շանհայյան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթաժողովին, իր ելույթում խոսեց Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման մասին, կոչ արեց ներդրումներ անել այդ նախագծում, սակայն արձագանք չեղավ: Ինչպե՞ս եք մեկնաբանում սա:

– Ես կարծում եմ, որ հայ-իրանական երկաթուղին առայժմ ավելի շատ քաղաքական, քան թե տնտեսական նախագիծ է, քանի որ կան այլընտրանքային տարբերակներ: Հայ-իրանական երկաթուղու կառուցման պարագայում ամեն ինչ կախված է կողմերի քաղաքական կամքից, այդ քաղաքական կամքն ամենից վեր դասելուց, և այստեղ ոչ այնքան տնտեսական նպատակահարմարության հարց է, որքան` ոչ թե երկու, այլ երեք երկրների հարաբերությունների հետագա զարգացման: Ես կարծում եմ, որ այդ նախագիծը, իհարկե, պետք է իրականացնել, չնայած այլընտրանքների առկայությանը: Եվ շատ կարևոր է, թե այս առիթով ինչ են մտածում թե՛ Մոսկվայում, թե՛ Իրանում: Հասկանալի ու բնական է, որ հայերը հետաքրքրված են:

– Այսինքն` չարժե՞, որ Հայաստանը ներդրումներ սպասի այս գագաթաժողովի արդյունքում:

– Ես կարծում եմ, որ հույսը վերջինն է մահանում, և պետք է լավին սպասել: Սակայն պետք է ասեմ, որ ներդրումների հավանականությունն այնքան մեծ չէ, որքան ցանկալի կլիներ: Կարծում եմ` քանի որ հարցը քաղաքական է, դա այն հարցն է, որի լուծումը մեծապես կախված է Հայաստանի ղեկավարությունից և գործընկերների պատրաստակամությունից՝ աջակցելու այդ նախագծին: Առայժմ դրանք խոսակցություններ են: Թե որքանով է իրատեսական այդ նախագիծը, որքանով են իրականում հնարավոր ներդրումները, մեծապես պայմանավորված է հենց հայկական կողմի հաստատակամությամբ: Ինչպես հասկանում եք, այդ նախագիծը քաղաքական բնույթ ունի, իսկ տնտեսական նպատակահարմարությունն այսօր հարցականի տակ է, թեև երկարաժամկետ հեռանկարում այն լիովին կարող է հետաքրքիր լինել: Այստեղ շատ կարևոր է, որ հայկական կողմն առավելագույն հաստատակամություն դրսևորի այդ նախագծի իրագործման հարցում:

– Բայց չէ՞ որ ԵՏՄ երկրները նույնպես շահագրգռված են Իրանի հետ հարաբերությունների զարգացմամբ:

– Այո, իհարկե, բայց հարցն այն է, թե ճանապարհը կանցնի Հայաստանո՞վ, թե՞ այլ ուղիով: Այսինքն` կան այլընտրանքային ճանապարհներ:

– Ինչպիսի՞, նկատի ունեք Ադրբեջա՞նը:

– Այո, դա բոլորին քաջ հայտնի է և միանգամայն ճիշտ է` Ադրբեջանի տարածքով:

– Բայց խնդիր չե՞ք տեսնում, որ Ադրբեջանը ԵՏՄ անդամ չէ` ի տարբերություն Հայաստանի:

– Գիտե՞ք ինչն է խնդիրը, այստեղ մեծ դեր ունի քաղաքական նպատակահարմարությունը: Շատ կարևոր գործոն է, թե ով է ԵՏՄ անդամ, իսկ ում փորձում են ներգրավել միություն: Ակնհայտ է ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացումը, դա միանգամայն ակնհայտ է: Ցանկություն կա Ադրբեջանին ինչ-որ կերպ ավելի ամուր կապել և ներքաշել ԵՏՄ:

Ադրբեջանն ասում է, որ իր անդամակցությունը ԵՏՄ-ին հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կլուծվի Ղարաբաղի խնդիրը, և ոչ մի այլ պարագայում: Այսինքն` Բաքուն կոշտ պայմաններ է առաջադրում. կամ Ղարաբաղի հարցն է լուծվում, և դրանից հետո ԵՏՄ անդամակցության հարցն է քննարկվում, կամ հակառակ դեպքում` այդ հարցն ակտուալ չէ: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանն այսօրվա դրությամբ միակ շահավետ ուղին է: Ռուսաստանը, ինչպես տեսնում եք, փորձում է ամրապնդել հարաբերությունները: Հայաստանը դաշնակից է, Ադրբեջանը` գործընկեր: Պուտինը Երևանում էր Ցեղասպանության տարելիցի միջոցառումների ժամանակ, բայց հետո նաև Բաքվում էր Եվրոպական խաղերի բացման ժամանակ:

Այսինքն` ոչ մեկի, ոչ մյուսի հետ հարաբերությունները զոհաբերել Ռուսաստանը պատրաստ չէ, փորձում է ոսկե միջին գտնել, և այդ իմաստով` խնդիրն այն է, որ Ադրբեջանն իր հերթին` ինչ-որ հիմնավորումներ ունի: Ինձ թվում է, որ լուրջ խնդիր կա` կապված նրա հետ, որ փորձելով Ադրբեջանին ներքաշել իր ազդեցության գոտի` Ռուսաստանը պատրաստ է գնալ այս կամ այն քայլերին, որոնք կարող են դուր չգալ Հայաստանին: Բայց, կարծում եմ, խնդիրը հենց Հայաստանի մեջ է: Վերջերս ես մասնակցեցի Ռուսաստանի կենտրոնական հեռուստատեսության մի հաղորդման` ղրղըզական աշխատանքային միգրանտների մասին:

Եվ այնտեղ խոսում էին խնդրի մասին, բայց ոչ ոք հարց չբարձրացրեց, որ Ղրղըզստանը ԵՏՄ անդամ է, իսկ ԵՏՄ-ն կապիտալի, ապրանքների և աշխատուժի ազատ տեղաշարժման տարածք է: Ես նստած էի ու զարմանում էի: Ձեր դեպքում, ես կարծում եմ, որ խնդիրն այն է, որ երկրի ղեկավարությունը ցույց է տալիս իր կողմնորոշման միավեկտորությունը: Օրինակ` Ադրբեջանը, չնայած այնտեղ հակաարևմտյան կամպանիան թեժ ընթացքի մեջ է, սակայն, ամեն դեպքում, նա իրեն պահում է որպես երկիր` բազմավեկտոր կողմնորոշվածությամբ: Համապատասխանաբար, Ռուսաստանն ավելի շատ է գլուխ դնում նրա հետ, ինչպես կամակոր երեխայի դեպքում: Հայաստանի հետ, կարծես, ընկերներ ենք, գործընկերներ ու դաշնակիցներ ենք, ոչ մի տեղ չի գնա: Էլ ի՞նչ, եթե արդեն ընկերներ ու դաշնակիցներ ենք: Նախկինում էլ եմ ասել, կրկնեմ, որ իմ կարծիքով` Սարգսյանը կամ ՀՀ ցանկացած իշխանություն, լինի դա Սարգսյանը կամ մեկ ուրիշը, պետք է քաջ գիտակցի, որ պառկած քարի տակ ջուր չի հոսում: Քանի դեռ դու ի սկզբանե կախյալ վիճակում ես, քանի դեռ կա համոզվածություն, որ ոչ մի տեղ չես կորի, ոչ ոք քո հետ հաշվի չի նստի ու լուրջ չի ընդունի: Ոչ ոք չի փորձի քեզ որևէ մի նախագծով հրապուրել: Դու արդեն յուրային ես: Այս իրադրությունը շատ պարզ է, Հայաստանն արդեն ԵՏՄ անդամ է, իսկ Ադրբեջանը` դեռ ոչ: Այդ պատճառով էլ հենց ծագում է ցանկություն` Ադրբեջանին ավելի մեծ ուշադրության արժանացնել ու գրավել նրա համակրանքը: Ահա և վերջ:

– Եվ որքա՞ն հեռու կարող է գնալ Ռուսաստանն Ադրբեջանին իր կողմը գրավելու հարցում։

– Որոշ ռուս քաղաքագետներ, գտնվելով Բաքվում, արդեն խոստանում են գրավյալ տարածքների վերադարձ: Կարդացեք, օրինակ, Սերգեյ Մարկովին, ով Բաքվում հաճախակի հյուր է և հայտարարում է, թե տարածքների խնդիրը շատ շուտով կլուծվի, և այլն: Այս իրավիճակում յուրաքանչյուրն իր շահն է փնտրում: Ես կարծում եմ, որ ամեն դեպքում Ռուսաստանը պատրաստ է կատարել Ադրբեջանի քմահաճույքները մինչև որոշակի սահման:

Իսկ այդ սահմանն իրականում գծում է ոչ այլ ոք, քան Հայաստանը, այն պայմանավորված է հայերի վերաբերմունքով դեպի ռուսները: Ռուսաստանը պատրաստ չէ կորցնել իր միակ դաշնակցին Հարավային Կովկասում: Եթե դաշնակիցը չի պնդում այս կամ այն իրեն անհրաժեշտ լուծումները, ապա համապատասխանաբար կարելի է ընդլայնել հնարավորությունների, գործունեության միջանցքը: Իմ կարծիքով` ամբողջ խնդիրը Ռուսաստանում չէ, Ռուսաստանն իրեն պահում է լիովին հասկանալի ու ռացիոնալ, փորձում է հարաբերությունները զարգացնել երկու երկրների հետ: Խնդիրն առավելապես Հայաստանի մեջ է, որը լիովին ՌԴ քաղաքականության ծիրում է, հաճախ պատրաստ չէ սեփական շահը հետապնդել այնքան կոշտ, որ մի կողմից` չփչացնի հարաբերությունները, մյուս կողմից էլ` հասկանալի լինի, որ Հայաստանը պահանջում է իր հանդեպ այնպիսի վերաբերմունք, ինչպես հավասարազոր գործընկերոջ: Կարծում եմ, որ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Երևանում, շատ նշանակալի են, նաև դատելով նրանից, թե ինչ նյարդային արձագանք ունեցան ռուսական որոշ լրատվամիջոցների կողմից:

Այնտեղ, որտեղ ՀՀ իշխանությունը բավարար չի աշխատում, այդ բացը կարող է լրացնել հանրային կարծիքը, որ խնդիր դնի ու պահանջի դրա լուծումը: Պայմանականորեն ասած, եթե չլինեին Գյումրիի, Երևանի դեպքերը, ՌԴ-ն կարիք չէր ունենա արձագանքելու և իրականում մտորելու, թե արդյոք ամեն ի՞նչն է բավարարում մեր գործընկերներին, և ընդհանրապես ինչպե՞ս ենք մենք կառուցում հարաբերությունները, և որքանո՞վ են դրանք կայուն: Կարծում եմ, որ երջանկության հասնելու պայքարում ամեն մեկն անում է իր գործը: Հայ հասարակությունից ավելին է կախված, քան երբեմն թվում է: Ռուսաստանի համար գործընկերային և դաշնակցային հարաբերությունների պահպանումը շատ կարևոր է, բայց միաժամանակ, եթե գործընկերն ինքը չի պահանջում որևէ բան, ապա ի՞նչ իմաստ ունի որևէ լուծում փնտրելը:

Տեսանյութեր

Լրահոս