Բաժիններ՝

40 տարի անց ԱՄՆ-ը և ՌԴ-ն միավորեց Հայաստանը

Այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) նախագահությունում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված «Սոյուզ»-«Ապոլոն» խորհրդաամերիկյան համատեղ օդաչուավոր տիեզերական թռիչքի իրականացման 40-րդ տարեդարձին:

Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց ՀՀ ԳԱԱ Նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը՝ իր կրծքին կրելով Յուրի Գագարինի անվան մեդալը: Նա խոսեց Խորհրդային Միության տիեզերական զանազան նախագծերում Հայաստանի մասնակցության մասին: ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտը, որի ղեկավարը երկար տարիներ եղել է Ռ. Մարտիրոսյանը, իրականացրել կամ ակտիվորեն մասնակցել է տիեզերանավերի և միջմոլորակային ավտոմատ կայանների հեռակա կառավարման նախագծերին:

ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Վուդուորդ Քլարք Փրայսը կիսվեց «Ապոլոն»-«Սոյուզ» տիեզերանավերի թռիչքի և կցման վերաբերյալ իր մանկական հիշողություններով: Նա մինչ այժմ հիշում է, թե իր ծնողները որքան էին ոգևորված այդ իրադարձությամբ և իրեն էլ վարակեցին գիտության և տեխնիկայի նկատմամբ հարգանքով:

ՀՀ-ում ՌԴ խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովն իր խոսքով անդրադարձավ Ռուսաստան-ԱՄՆ համագործակցության կարևորությանը և միջոցառումը բնութագրեց՝ որպես 40 տարի անց ևս մի կցում` այս անգամ՝ ոչ թե տիեզերքում, այլ Հայաստանում:

Կարդացեք նաև

11714255_10204976148667648_541291716_n

11739672_10204976148787651_1986611111_n

11655580_10204976148627647_1818515540_n

11714350_10204976148587646_672607983_n

Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Արեգ Միքայելյանը շեշտեց մեծ տերությունների միավորման միտումը խոշոր հարցերում, ինչպիսին են տիեզերական տարածության նվաճումը, տիեզերական անվտանգությունը և գիտական մեծ նախագծերը: Մասնավորապես, նա հիշեց Սառը պատերազմի տարիներին ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի և Խորհրդային Միության առաջնորդ Լեոնիդ Բրեժնևի հեռախոսազրույցը, որտեղ կարևորվում էր երկու երկրների համագործակցությունն արտերկրային քաղաքակրթությունների հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար:

Իսպանահայ աստղագետ, «Սթարմուս» փառատոնի տնօրեն Գարիկ Իսրաելյանը պատմեց գիտության շնորհիվ ամերիկյան և ռուսական տիեզերագնացների շփումների մասին: Կանարյան կղզիներում նրա կողմից կազմակերպված միջոցառումներին պատմության մեջ առաջին անգամ հանդիպել են բաց տիեզերք դուրս եկած առաջին տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը և Լուսնի վրա ոտք դրած առաջին աստղագնաց Նեյլ Արմսթրոնգը: Գ. Իսրաելյանը հետաքրքիր կադրեր ցուցադրեց առաջին երկու «Սթարմուս» փառատոներից և տեղեկացրեց, որ 2016թ. տեղի կունենա երրորդը, ինչպես նաև՝ ԱՄՆ և ՌԴ դեսպանությունների ներկայացուցիչներին նվիրեց «Սթարմուսի»՝ իր և աշխարհահռչակ կիթառահար Բրայան Մեյի կողմից խմբագրած գիրքը:

Հայաստանի ֆիլատելիստների միության փոխնախագահ Էդուարդ Կուրղինյանը պատմեց տիեզերական թեմաներով ֆիլատելիստների ունեցած հավաքածուի և համապատասխան կատալոգների մասին և հրավիրեց դիտելու ՀՀ ԳԱԱ նախասրահում բացված ֆիլատելիստական ցուցահանդեսը:

Հիշեցնենք, որ «Սոյուզ»-«Ապոլոն» նախագիծը խորհրդային «Սոյուզ-19» տիեզերանավի և ամերիկյան «Ապոլոն» տիեզերանավի համատեղ փորձնական թռիչքի ծրագիրն է։ Ծրագիրը հաստատվել է 1972 թվականի մայիսի 24-ին ՍՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև համագործակցության համաձայնագրով՝ տիեզերքի խաղաղ նպատակներով օգտագործման մասին։ Տիեզերանավերի թռիչքներն իրականացվել են 1975թ., իսկ հուլիսի 15-ին տեղի է ունեցել դրանց կցումը տիեզերքում, և Ա. Լեոնովի և Թ. Սթաֆորդի գլխավորած անձնակազմերը հանդիպեցին մեկմեկու:

Նյութը հրապարակման պատրաստեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս