Ծաղիկներ՝ Մայակովսկուց

Վլադիմիր Մայակովսկու կյանքի ամենահուզիչ դրվագներից մեկը եղել է Փարիզում, ուր նա սիրահարվում է Տատյանա Յակովլևային:

Նրանց միջև ոչ մի ընդհանուր բան չէր կարող լինել: Կիրթ, նուրբ, դաստիարակված, Ֆյոդոր Տյուտչևի և Պուշկինի ստեղծագործություններով մեծացած ռուս տարագիր Տատյանա Յակովլևան ոչինչ չէր հասկանում խորհրդային մոդայիկ գրող Վլադիմիր Մայակովսկու կոպիտ, կտրտված, անհասկանալի բառապաշարով բանաստեղծություններից: Նա ընդհանրապես Մայակովսկու ոչ մի բառը չէր ընկալում նույնիսկ իրական կյանքում: Մայակովսկին Տատյանային վախեցնում էր իր՝ ապրելու անհագուրդ կրքով, հակասական, պայքարող, անզուսպ մարդկային տեսակով: Նա չէր հանձնվում ո՛չ Մայակովսկու բառերի, ո՛չ էլ անսահման հավատարմության առաջ: Տատյանայի սիրտն անտարբեր էր ու անսասան: Եվ Մայակովսկին միայնակ մեկնեց Մոսկվա:

Այդ վայրկենաբար բռնկված և չկայացած սիրուց Մայակովսկուն մնաց միայն թախիծ, իսկ մեզ՝ «Письмо Татьяне Яковлевой» կախարդական բանաստեղծությունը՝ «Я все равно тебя когда-нибудь возьму – одну или вдвоем с Парижем!» հրաշալի տողերով: Իսկ Տատյանային մնացին ԾԱՂԻԿՆԵՐԸ: Փարիզյան ելույթների համար ստացած իր ողջ հոնորարը Վլադիմիր Մայակովսկին փոխանցեց ծաղիկներ վաճառող հայտնի փարիզյան ընկերության հաշվեհամարին՝ պայմանով, որ վերջիններս շաբաթական մի քանի անգամ Տատյանա Յակովլևային ուղարկեն ամենագեղեցիկ և անսովոր ծաղիկները՝ հորտենզիաներ, պարմյան մանուշակներ, սև կակաչներ, թեյագույն վարդեր, աստղածաղիկներ, օրքիդեաներ կամ քրիզանթեմներ: Հեղինակավոր փարիզյան ընկերությունը հստակ կատարում էր իր խենթ հաճախորդի ցուցումները, և Մայակովսկու՝ Մոսկվա մեկնումից ի վեր, անկախ եղանակային պայմաններից, տարիներ շարունակ Տատյանա Յակովլևայի դուռն էին թակում առաքիչները և նրան փոխանցում անհավանական գեղեցկության ծաղկեփնջեր՝ «Սա Ձեզ՝ Մայակովսկուց» մեն մի հատիկ նախադասությամբ:

Մայակովսկու երկրային կյանքն ընդհատվեց 1930 թվականին: Այս լուրը Տատյանա Յակովլևային շշմեցրեց, ինչպես անսպասելի ուժեղ հարվածը կտապալեր: Նա արդեն վաղուց սովորել էր, որ Մայակովսկին կանոնավոր կերպով ներխուժում է իր կյանք, որ նա կա ինչ-որ տեղ ու իրեն ծաղիկներ է ուղարկում: Նրանք չէին հանդիպում, բայց իրեն այդքա՜ն շատ սիրող մարդու ներկայությունն ազդում էր նրա հետ կատարվող ամեն ինչի վրա:

Կարդացեք նաև

Նա արդեն չէր հասկանում, թե ինչպես է հետո ապրելու՝ առանց այդ ծաղիկների մեջ լուծված խենթ սիրո:

Սակայն ծաղկի խանութին տրված կարգադրության մեջ Մայակովսկու մահվան դեպքի հանգամանքի մասին ոչինչ չկար, և հաջորդ առավոտյան սովորականի պես նրա դռան առաջ կանգնեց հերթական առաքիչը՝ արդեն հայտնի նախադասությունը շուրթերին: Ասում են, որ մեծ սերը մահից էլ ուժեղ է, բայց բոլորին չի հաջողվում այս հայտնի ճշմարտությունը կյանքի կոչել: Վլադիմիր Մայակովսկուն դա հաջողվեց: Ծաղիկներ Տատյանային բերում էին և 1930 թվականին, երբ Մայակովսկին մահացավ, և 40-ին, երբ նրա մասին արդեն մոռացել էին: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիների կողմից շրջափակված քաղաքում Տատյանա Յակովլևային ապրեցրին Մայակովսկու շքեղ ծաղիկները, որոնք նա վաճառում էր փարիզյան ճեմուղիներում: Հետո Փարիզն ազատագրվեց, ու Տատյանան, բոլորի հետ միասին, արտասվում էր երջանկությունից, երբ ռուսները մտան Բեռլին:

Իսկ ծաղիկներ նա դեռ ստանում էր: Առաքիչները մեծանում էին, նրանց փոխարինում էին ուրիշները, որոնք հասկանում էին, որ իրենք էլ են մեծ լեգենդի մի մասնիկը: Ու որպես գաղտնաբառ՝ խորհրդավոր ժպիտով կրկնում էին վաղուց հարազատ բառերը՝ «Սա Ձեզ՝ Մայակովսկուց»:

Մայկովսկու ծաղիկներն այժմ արդեն փարիզյան պատմության մի մասնիկն են: Ճշմարտություն է, թե ոչ, սակայն մի անգամ՝ 1970-ական թթ. վերջերին, խորհրդային ինժեներ Արկադի Ռիվլինը, ով իր պատանեկության տարիներին այս պատմությունը մորից էր լսել, ընկնում է Փարիզ: Տատյանա Յակովլևան դեռ կենդանի էր և սիրով ընդունում է իր հայրենակցին: Նրանք երկար զրուցեցին մի բաժակ թեյի սեղանի շուրջ՝ աշխարհում ամեն ինչի մասին: Այդ գողտրիկ տանը ծաղիկներն ամենուր էին, սակայն Ռիվլինն անհարմար էր զգում ծեր կնոջը հարցեր տալ իր երիտասարդության և սիրո մասին: Մի պահ, սակայն, չդիմացավ և, այնուամենայնիվ, հարցրեց, թե արդյոք ճի՞շտ են ասում, որ Մայակովսկու կողմից ուղարկված ծաղիկները փրկել են նրա կյանքը պատերազմի տարիներին: Մի՞թե դա գեղեցիկ հեքիաթ չէ, և հնարավո՞ր է արդյոք՝ այդքա՜ն տարի շարունակ…
– Խմեք Ձեր թեյը,- պատասխանեց Տատյանա Յակովլևան,- խմեք, չէ՞ որ Դուք ոչ մի տեղ չեք շտապում:

Եվ այդ պահին հնչեց դռան զանգը: Ռիվլինն այլևս երբեք այդպիսի շքեղ ծաղկեփունջ չտեսավ, որի հետևում առաքիչը գրեթե չէր երևում:

Ոսկեգույն ճապոնական քրիզանթեմներ էին, որոնց փայլող ճաճանչների միջից լսվեց առաքիչի ձայնը՝ «Սա Ձեզ՝ Մայակովսկուց»:

Թարգմանությունը՝ ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆԻ

Տեսանյութեր

Լրահոս