
«Առողջապահության նախարարն ամեն կերպ ուզում է իրականացնել ալյուրի հարստացման ծրագիրը». Ռուբեն Հայթյան

Սպառողների ազգային ասոցիացիայի փոխնախագահ, մարքետինգի, մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով Երևանում անցկացված բժիշկների միջազգային համաժողովում ֆոլաթթվով ալյուրի հարստացման թեմայի քննարկման, բարձրացված վտանգավոր հարցերի, և հ/կ-ների՝ դահլիճը լքելու մասին, ասաց, որ իրենց այնտեղ նույնիսկ չէին էլ հրավիրել, այլ իմանալով, որ նման քննարկում կա՝ որոշել են մասնակցել, բայց դա նույնիսկ քննարկում չի եղել:
«Քննարկումից առաջ, երբ մենք դիմել էինք Գիտությունների ազգային ակադեմիա (ԳԱԱ), նրանք պատասխանել էին, որ ալյուրի հարստացման ծրագրով զբաղվող համապատասխան մասնագետներ չունեն: Մենք զարմացանք, որովհետև ԳԱԱ-ն համարվում է կառավարության խորհրդատվական կառույց: Հետո դիմեցինք ՌԴ Ակադեմիայի Սննդի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Տուտելյանին:
Նա պատասխանել էր, որ ալյուրի հարստացման ծրագիրը ցանկալի չէ, մանավանդ՝ Հայաստանի պայմաններում: Սակայն օրեր առաջ անսպասելի իմացանք, որ Տուտելյանին հրավիրել են Հայաստան՝ բաց քննարկմանը, որտեղ նա լրիվ այլ բան է ասել: Պարզվեց, որ ուզում են ծածկադմփոց անել, մեր մասնագետների հարցերին չէին պատասխանում: Այնպիսի տպավորություն էր, որ առողջապահության նախարարն ամեն կերպ ուզում է իրականացնել ալյուրի հարստացման ծրագիրը»,- ասաց նա:
Բժիշկ, մանկաբարձ, գինեկոլոգ Ֆեդյա Գսպոյանն ալյուրի հարստացման ծրագիրը որակեց՝ համակարգված դավադրություն. «Այո, կան սակավարյունություն ունեցող հղիներ, որոնց բուժում ենք հատուկ դեղերով, որովհետև այդ դեղերից բացի՝ այլ նորմալ միջոցներ չկան:
Բայց դրանց մեջ կան որոշ դեղեր, որոնք հենց ֆոլաթթու են պարունակում, օրինակ՝ B12-ը, որն այսօր հանված է արտադրությունից, քանզի համարվում է քաղցկեղածին պրեպարատ: Իմ առարկումն այն է, որ չի կարելի համատարած անել դա: Ի՞նչ մեղք ունեն չհղիացած տղամարդիկ, երեխաները, որ համատարած ընդունեն ֆոլաթթվով ու երկաթով հարստացված ալյուր: Տարբեր հիվանդությունների դեպքում ֆոլաթթուն հակացուցված է»: