Հայ գիտնականի անակնկալը Կանարյան կղզիներում
168.am-ը զրուցել է առաջատար աստղաֆիզիկոս, «Սթարմուս» (StarMus) փառատոնի հեղինակ դոկտոր Գարիկ Իսրաելյանի հետ և բացահայտել «Սթարմուս» 3-րդ փառատոնի անակնկալները: Գ․ Իսրայելյանը 2011թ. հիմնադրել է «Սթարմուս» փառատոնը, որի պատվավոր հյուրերից են եղել Apollo 11 տիեզերանավի աստղագնացներ, Լուսնի վրա առաջինը ոտք դրած Նեյլ Արմստրոնգը և Բազ Oլդրինը:
– Արդեն հաստատվել է, որ 2016թ․ տեղի է ունենալու «Սթարմուս» 3-րդ փառատոնը։ Կասե՞ք՝ այս անգամ ի՞նչ անակնկալներ սպասեն Տիեզերքի սիրահարները։
– Այո՛, 2016թ. հունիսի 27-ից մինչև հուլիսի 2-ը Տեներիֆե կղզում կկայանա «Սթարմուս» 3-րդ փառատոնը։ Փառատոնի շրջանակներում Տիեզերքի սիրահարներին իսկապես մեծ անակնկալներ են սպասվում, թերևս, մեծ անակնկալներից է ամերիկացի հանրահայտ աստղաֆիզիկոս և գիտության հանրայնացնող Նեյլ դե Գրաս Թայսոնի (Neil deGrasse Tyson) մասնակցությունը, ով Նյու Յորքի «Երկիր և Տիեզերք» աստղացուցարանի տնօրենն է և այսօր համարվում է աստղագիտության համար առաջին հանրայնացնողը։ Թայսոնն աննկարագրելի հզոր ուժ ունի՝ մարդկանց աստղագիտության մեջ գրավելու։ Փառատոնի ծրագրում ներառված են դասախոսություններ, հրավիրված զեկուցումներ, քննարկումներ, բացառիկ երաժշտական կատարումներ, ստեղծագործական արվեստի ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ: Փառատոնի անակնկալներից է նաև երաժշտական ասպարեզի շատ հայտնի դեմքերի անմիջական մասնակցությունը։ Իսկ այդ հայտնիների անունները կնշեմ նոյեմբեր ամսին, Լոնդոնում՝ մամուլի ասուլիսի ժամանակ։
– Իսկ ինչո՞ւ եք անցկացնում հենց աստղաերաժշտական փառատոներ։
– Մենք երաժշտությունն օգտագործում ենք որպես զենք, որպեսզի մարդկանց գրավենք և բերենք դեպի աստղագիտությունը։ Մենք ստեղծել ենք «Սթարմուս» տիեզերական երաժշտություն հասկացույթը։ Մեր նպատակը երաժշտությունը չէ, երաժշտական շատ փառատոներ կան, և մարդիկ մասնակցում են, իսկ մեր դեպքում երաժշտությունը միջոց է փառատոնը և աստղագիտությունը գրավիչ դարձնելու համար։ Մարդիկ, ովքեր այդ երաժիշտներին և երաժշտական խմբերն են սիրում, շուտով սկսում են հետաքրքրվել նաև աստղագիտությամբ։ Երաժիշտների և այլ արվեստագետների միջոցով մենք հանրությանը բերում ենք դեպի աստղագիտություն։ Եվ սա է մեր փառատոնի նպատակը։ Մենք աշխատում ենք այն խմբերի, այն երաժիշտների հետ, ովքեր հարգում են գիտությունը և պատրաստ են իրենց արվեստով ոգեշնչել հանրությանը։ Մեզ չեն հետաքրքրում փոփ երաժիշտները, մեր փառատոնին մասնակցում են այն արտիստները, ովքեր փիլիսոփայություն են դնում ամեն մի հնչյունի մեջ։ Չէ՞ որ Տիեզերքը ներշնչում է աստղերին, իսկ մարդիկ Տիեզերքից ներշնչված ստեղծագործում են։
– Ապագայում ունե՞ք պլաններ՝ աստղագիտությունը ներկայացնել արվեստի և մշակույթի այլ ոլորտների միջոցով։
– Այո՛, այդ գաղափարն իրականացնելու ենք «Սթարմուս» 3-րդ փառատոնի շրջանակներում։ Այս անգամ աստղագիտությունը կներկայացնենք նաև կերպարվեստի միջոցով, լինելու է Space Art (Տիեզերքի արվեստ) ցուցադրություն, և ներկայացնելու ենք հայտնի նկարիչների ստեղծագործությունները տիեզերական թեմաներով։ Հանրությունն անմիջական ականատեսը կլինի, թե ինչպես են Տիեզերքից ներշնչված ծնվում արվեստի գլուխգործոցները։
– Հայաստանի հետ կապված ի՞նչ աստղագիտական ծրագրեր ունեք:
– Հայ աստղագետներից Արեգ Միքայելյանի հետ եմ համագործակցում, ստեղծել ենք էկզոպլանետներն ուսումնասիրող վիրտուալ խումբ, որտեղ ներգրավել ենք նաև հայազգի երիտասարդ աստղագետներից Վարդան Ադիբեկյանին և Գոհար Հարությունյանին, ովքեր այժմ իրենց ուսումնասիրությունները կատարում են արտերկրում: Խմբի ուսումնասիրությունները տեսական բնույթի են, դիտողական դեռևս չի կարող լինել, քանի որ ֆինանսավորման խնդիր կա, և Բյուրականի դիտակը չի համապատասխանում նման դիտումներ իրականացնելու համար։
Զրուցեց ՍՈՆԱ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ