
Հունաստանում հանրաքվեի նախօրեին բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում

Երեկ Աթենքում տեղի են ունեցել վարկատուներին զիջումներ կատարելու կողմնակիցների ու հակառակորդների բազմահազարանոց ցույցեր միջազգային վարկատուների կողմից Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման պայմանների վերաբերյալ հանրաքվեի նախօրեին:
Հանրաքվեի «Այո» ու «Ոչ» պատասխանների կողմնակիցները զանգվածային ցույցեր են անցկացրել միմյանց հարևանությամբ: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել հույներին վճռական «Ոչ» ասել վաղը կայանալիք հանրաքվեում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ցիպրասը հանդես է եկել Աթենքի կենտրոնի հրապարակում իր հազարավոր կողմնակիցների առաջ, նրան դիմավորել են ծափողջյուններով: Նա հայտարարել է որ «Ոչ»-ը կլինի քվեարկություն ընդդեմ վախի ու կոչ է արել հավաքվածներին. «Ոչ ասեք
վերջնագրին ու նրանց, ովքեր վախեցնում են մեզ»:
Ցիպրասի խոսքով՝ «Ոչ»-ը հանրաքվեում նշանակելու է ընտրություն հօգուտ «Եվրոպայում արժանապատիվ կյանքի»:
Վաղը Հունաստանում կանցկացվի հանրաքվե, որի ընթացքում երկրի բնակիչները պետք է որոշեն՝ արդյոք կո՞ղմ են կոշտ տնտեսական միջոցառումներին, թե՞ ոչ: