Բաժիններ՝

«Այն ժամանակ հեռացա, որովհետև ուզում էին, որ ես ողորմություն խնդրող դառնայի». Գեղամ Գրիգորյան

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որին մասնակցեցին թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն ու թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը: Ասուլիսի ընթացքում խոսվեց թատրոնի գեղարվեստական ղեկավարի նշանակման, առաջիկա ծրագրերին առնչվող հարցերի մասին, ինչպես նաև քննարկում ծավալվեց թատրոնի առջև ծառացած մի շարք խնդիրների շուրջ:

Օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը նշեց, որ բազմիցս բարձրաձայնել է թատրոնում գեղարվեստական ղեկավար ունենալու խնդրի մասին և, որ իր համար մեծ պատիվ է՝ թեև երկար բանակցություններից հետո, այնուամենայնիվ, այդ պաշտոնում տեսնել հենց Գեղամ Գրիգորյանին: Վերջինս հայտնեց, որ նման որոշում կայացնելու համար իրենից երկար ժամանակ չի պահանջվել. «Անելու շատ գործ կան՝ երգացանկն ու ներկայացումների քանակը շատ շտապ պետք է մեծացնել: Պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել, բայց տարեկան գոնե 3-4 նոր ներկայացում պետք է լինի: Կարևոր է նաև համատեղ աշխատելու նախկին փորձը վերանայել: Այս առումով ես ուրախ եմ, որ թատրոնը կկարողանա Կոնսերվատորիայի հետ միասին օգտագործել իր օպերային ստուդիան»:

Գեղամ Գրիգորյանն այն կարծիքին է, որ այսօր Կոնսերվատորիայի շրջանավարտների մեջ կան փայլուն երիտասարդներ, որոնց անպայման պետք է ներգրավել Օպերային թատրոնում բեմադրվելիք աշխատանքներին. «Մենք պետք է ռեզերվներ ստեղծենք, և ես հուսով եմ, որ այլևս աշխատանքային մեծ ընդմիջումներ չեն լինի, որովհետև դրա արդյունքում տուժել են ոչ միայն թատրոնի ընթացիկ աշխատանքները, այլև մի ամբողջ սերունդ»:

Կադրային փոփոխությունների մասին այս պահին Գեղամ Գրիգորյանը որևէ բան ասել չի կարող: «Ես դեռ պետք է մտածեմ, ուսումնասիրեմ ձեռքիս տակ եղած բոլոր հնարավորությունները, տեսնեմ՝ ինչո՞վ՝ ի՞նչ կարելի է անել: Բոլոր օղակներում շատ շուտով կլինեն համապատասխան հանձնարարություններ, որի կատարման արդյունքում պարզ կդառնա, թե ով ինչ հնարավորությունների սահմաններում է պատրաստվում աշխատել թատրոնում կամ որքանո՞վ է նվիրված թատրոնի աշխատանքներին առհասարակ: Միայն աշխատանքի արդյունքը ցույց կտա՝ ինչ փոփոխություններ կլինեն, կամ կլինե՞ն, թե՞ ոչ», – պարզաբանեց Գեղամ Գրիգորյանը:

Կարդացեք նաև

Առաջիկա խաղացանկի մասին խոսելիս՝ թատրոնի նորանշանակ գեղարվեստական տնօրենն առանձնացնում է. «Խաղացանկում կան արդեն բեմադրված ներկայացումներ, որոնք կշարունակեն մնալ, այդ թվում՝ «Կարմենը», «Ժիզելի» պրեմիերան, նախատեսված են եղել «Պայացներն» ու «Գեղջկական ասպետությունը», բայց այս երկուսից կմնա միայն մեկը, որովհետև այս պահին «Պայացների» գլխավոր դերակատարի համար համապատասխան թեկնածու չեմ տեսնում: Կլինեն նաև նոր ներկայացումներ: Ես մինչև ամսվա վերջ կհայտարարեմ՝ ինչ նոր ներկայացումներ ենք բեմադրելու և ով ինչի վրա պետք է աշխատի: Ինձ համար շատ կարևոր է հայկական ներկայացումների ու ժամանակակից հեղինակների ներգրավումը խաղացանկում, ինչպես նաև՝ մանկական օպերաների բեմադրումը: Այս պարագայում մտածում ենք մինչև դեկտեմբեր բեմադրել «Շչելկունչիկը»,- ասաց Գեղամ Գրիգորյանը:

Նորանշանակ տնօրենն անդրադարձավ նաև մասնագիտական արտագաղթի խնդրին, որը կապեց անցած տարիներին պարապուրդի մատնված թատրոնի աշխատանքների հետ, սակայն լավատեսական չհամարեց արդեն արտերկիր մեկնած երաժիշտների հավանական վերադարձը. «Եթե նրանք գնում են ու օտար երկրում կայանում են՝ որպես երաժիշտներ, ապա արդեն անիմաստ է մտածել, որ նրանք երբևէ ընդմիշտ կվերադառնան այստեղ: Ի դեպ, ես նրանց արտագաղթն առհասարակ չեմ կապում ցածր աշխատավարձի պատճառաբանումներին, նրանք միանշանակ մեկնել են պարապ մնալու խնդրի բերումով: Ուրախ կլինեմ, որ գոնե մեկ-մեկ գան, երգեն մեզ մոտ, այնպես, ինչպես ժամանակ առ ժամանակ այդպես է անում, օրինակ, Հասմիկ Պապյանը, ես էի գալիս, երբ դրսում էի աշխատում: Նրանք հո գումարի համա՞ր չեն գալիս երգում մեր թատրոնում: Նման բան չկա: Գալիս են, որովհետև իրենք էլ շատ կուզենան երգել իրենց հայրենիքում»:

Հարցին, թե ինչո՞ւ ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը ներգրավված չէ Օպերային թատրոնի խաղացանկում, Գեղամ Գրիգորյանը պատասխանեց. «Նախ՝ նա ինքը նման ցանկություն չի հայտնել, հետո՝ նրա համար համապատասխան ներկայացում այս պահի խաղացանկում չկա, բայց եթե ինքը ցանկություն հայտնի երգելու այստեղ, ապա մենք անպայման կգտնենք համապատասխան միջոցներ՝ բեմադրելու Բարսեղ Թումանյանին արժանի ներկայացում»:

Հիշեցնենք, որ Գեղամ Գրգորյանը 1996-2000թթ. դարձյալ եղել է Օպերային թատրոնի գեղարվեստական տնօրենը, սակայն իր դիմումի համաձայն՝ հրաժարվել է պաշտոնից:

Լրագրողի հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված տարիներ առաջ առանց որևէ մեկնաբանության Օպերային թատրոնի գեղարվեստական տնօրենի պաշտոնը թողնելու նրա որոշումը, Գեղամ Գրիգորյանը պատասխանել չցանկացավ: «Այդ պահին այդպես էր պետք… Ուզում էին, որ ես ողորմություն խնդրող դառնայի, բայց ես նման բաներ չեմ սիրում: Ես գործի մարդ եմ»,- ավարտեց իր խոսքը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  նորանշանակ գեղարվեստական ղեկավարը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս