«Նոր զարգացումները կլինեն անխուսափելի». Վարդան Խաչատրյանը՝ Բաղրամյան պողոտայի իրադարձությունների մասին

«Կարևորն այն էր, որ հասարակությունը դրսևորեց այս գործընթացը: Այն, որ հասարակությունը բավականին լուրջ էռոզիայի է ենթարկվել, այն, որ իշխանությունները ևս որպես ինստիտուցիոնալ համակարգ չեն կարողացել խուսափել հասարակության մի հատված լինելուց, այս ամենը պարզորոշ երևաց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, խոսելով վերջին օրերի իրադարձությունների մասին, ասաց ԱԺ նախկին պատգամավոր, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

Ըստ նրա՝ հենց սկզբից պարզ էր, որ երիտասարդները որոշակի սխալներ պետք է թույլ տային, որովհետև հասարակական-քաղաքական կյանքի այդպիսի փորձառություն՝ այն էլ առճակատման պայմաններում իրակակացնելու, չունեին. «Եկավ մի պահ, երբ իշխանությունը չգիտեր ինչ անել, փողոցում կանգնած երիտասարդ բազմությունը չգիտեր ինչպե՞ս շարունակել ՝ ճնշումն ուժեղացնե՞լ, թուլացնե՞լ, ի՞նչ տարբերակով ուժեղացնել, և ո՞րն էր, այսպես կոչված՝ մոդուս-վիվենդին, որին կարելի էր գալ»:

Վ. Խաչատրյանը նշեց, որ քաղաքական մշակույթի առումով՝ նոր երևույթներ կարելի էր նկատել, որ իշխանությունը փորձում էր ինչ-որ կոմպրոմիսներ որոնել, երիտասարդությունը կոչ էր անում զանգվածի ինքնակազմակերպման, ինչն, ըստ էության, մինչ այդ չի եղել:

«Ասել, որ այս ամենով վերջացել է հասարակության ներքին յուրօրինակ հակադրությունը՝ սխալ կլինի, քանի որ համոզված եմ, որ դա կունենա որոշակի շարունակություն, որովհետև պարբերաբար խոսելով, ասենք, ներհայաստանյան իրավիճակի մասին, հաշվի չենք առնում արտերկրա ուժային կենտրոնների հնարավոր ազդեցությունը, նրանց հնարավոր թիրախներն ու խաղի տարբերակը: Այս տեսակետից՝ ես համոզված եմ, որ ռեսուրսը չի կարող սպառված լինել և նոր զարգացումները կլինեն անխուսափելի»,- նշեց նա:

Կարդացեք նաև

 

 

Տեսանյութեր

Լրահոս