Ջոն Լենոնի գրքի հիման վրա ներկայացում կբեմադրվի
The Beatles-ի հիմնադիրներից Ջոն Լենոնի In His Own Write գիրքը կվերածվի թատերականացված շոուի, հայտնում է The Guardian-ը: Գիրքը ներառում է Լենոնի հեգնական բանաստեղծությունները, նկարներն ու ծաղրանկարները: Ներկայացումը հանդիսատեսի դատին կհանձնվի 2015 թ. օգոստոսին Էդինբուրգի արվեստների փառատոնում:
Ինչպես բացատրում է պարբերականը, շոուին մասնակցելու համար հրավիրվել են երեք դերասաններ, որոնք բեմից ամբողջությամբ կկարդան գիրքը:
Լենոնի այրին՝ Յոկո Օնոն, մտադիր է գնալ Շոտլանդիա՝ ներկա գտնվելու փորձերին կամ պատրաստի բեմադրությանը:
Երաժիշն առաջին անգամ հատվածներ է կարդացել իր գրքից 1964թ. հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ (նույն տարում այն առաջին անգամ հրապարակվել է): Այդ ժամանակից ի վեր հավաքածուի բովանդակությունը ոչ մի անգամ չի հարմարեցվել թատերական բեմի կամ հեռուստատեսության համար:
Այս տարի Էդինբուրգի փառատոնում կցուցադրվի ևս մեկ շոու՝ նվիրված The Beatles-ի մասնակիցներին: Lennon: Through a Glass Onion ներկայացումը կներառի Լենոնի մասին պատմություններ ու երաժշտական կատարումներ: