«Տեղի ունեցածը կարելի է համարել հաղթանակ կամ առնվազն պատուհան և դուռ»
«Տեղի ունեցածը հաղթանակ էր քաղաքացիական հասարակության համար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը:
Պողոսյանն ասաց, որ տեղի ունեցածը քաղաքացիական հասարակության, շարժման հաղթանակն է, շարժում, որը ուշադրություն հրավիրեց խնդրի վրա և պարտադրեց լուծումներ փնտրել: Տեղի ունեցածը, ըստ պատգամավորի կարելի է համարել հաղթանակ կամ առնվազն պատուհան և դուռ, որը բացում է դեպի ավելի համակարգված աշխատանք և միգուցե բանակցությունների միջոցով ավելի խորը լուծումներ փնտրելու և գտնելու հնարավորություն:
«Ուրախ եմ, որ աուդիտի խնդիրն ավելի է կոնկրետացել, հուսով եմ, որ աուդիտ անելուց հետո մենք կտեսնենք ոչ միայն փաստաթուղթ, որի վրա գրված կլինի` ինչն է վատ եղել, ինչն է պետք փոխել, այլև տեղի ունենան քննություններ և Գլխավոր դատախազության, Ոստիկանության, Քննչական կոմիտեի կողմից բոլոր այն կոռուպցիոն ծրագրերի, ատկատների, անհասկանալի տենդերների մասին, ոչ իմաստային ծախսերի, որպեսզի մեղավորները պատժվեն: Եթե ճիշտ աշխատանք կատարվի քննությունների միջոցով և մեղավորները բոլորը պատժվեն, վստահ եմ նաև, որ շատ գումարներ կվերադարձվեն բյուջե, իսկ դա գուցե մինչև 10 դրամ սակագինն իջեցնելու հարց առաջացնի: Վստահ եմ, որ եթե թալանված գումարները վերադարձվեն մեր բյուջե, ապա հենց այդ գումարներն էլ կարելի է օգտագործել այդ համակարգի արդիականացման համար: Գլխավոր խնդիրը պետք է լինի քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի համար մշտական վերահսկողություն պահել այս գործընթացի նկատմամբ»,- ասաց Թևան Պողոսյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է իշխանություններն այս քայլին դիմեցին՝ անհանգստանալով ՀՀ-ում հնարավոր հակառուսական տրամադրությունների աճից` նա պատասխանեց, թե քիչ հավանական է: «Ինձ թվում է, որ Պերմյակովին հանձնելու, աուդիտի անցկացման համաձայնությունը ոչ թե մեր Կառավարությունն է տվել, այլ երևի ռուսական կողմը՝ հասկանալով, որ ռուսական կազմակերպության վարած բիզնեսն է երկիրը հասցրել այս իրավիճակին, ապա ինքն ունի պատասխանատվություն իր ստեղծած խնդիրներ լուծելու հարցում: Եկեք դիտարկենք արդյունքը, քանի որ արդյունքն է կարևոր»,- ասաց Թևան Պողոսյանը: