Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով մեղադրողի ճառը չի հնչել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով նիստը չի եղել: Գործով ամբաստնյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տուժողի ներկայացուցիչը չի կարողացել ներկայանալ դատարան: Նշենք, որ նախորդ դաական նիստի ընթացքում ավարտվել էր դատաքննությունը, դատարանն անցել էր վիճաբանությունների փուլին և մեղադրական ճառով պետք է հանդես գար դատախազը;

Այս գործով միակ ամբաստանյալը Արտակ Բուդաղյանն է. նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 01.06.2013 թ ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող `Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»:

Նշենք, որ Datalex դատական տեղեկավական համակարգում տեղադրվել է դատարանի՝ ավելի վաղ կայացրած որոշումը, որով մերժվել է տեսաձայնագրային փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը:

Ըստ դատարանի որոշման՝ դատական նիստի ժամանակ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել տեսաձայնագրային փորձաքննություն նշանակելու մասին` նշելով, որ անհրաժեշտ է պարզել, թե դեպքի վայրում գտնված կանանցից` Լորետա Բարսեղյանից, ևս երեք կանանցից, ինչպես նաև` տղամարդկանցից` Տիգրան և Տրդատ Խաչատրյաններից, ում են պատկանում համակարգչատեխնիկական և տեսաձայնագրառման համալիր փորձաքննության եզրակացության 25-րդ էջում արձանագրված խոսակցության մեջ առկա կանացի ձայն 3-ը, 4-ը և 5-ը:

Կարդացեք նաև

Ամբաստանյալ Արտակ Բուդաղյանը միացել է պաշտպանի միջնորդությանը:
Դատարանի որոշման համաձայն՝ դատախազ Կարեն Հարությունյանը և տուժողի ներկայացուցիչներ Ռուբեն Սահակյանն ու Մարտին Զիլֆուղարյանն առարկել են միջնորդությանը` նշելով, որ այն անհիմն է:

Datalex դատական տեղեկատվական կայքում հրապարակված որոշման համաձայն՝ դատարանը գտել է, որ տեսաձայնագրային փորձաքննություն նշանակելու հիմքեր չկան, դրա անհրաժեշտությունը հիմնավորող ապացույց չի ներկայացվել, նշված փորձաքննության արդյունքում ստացված եզրակացությունը վերաբերելի չի լինի Արտակ Բուդաղյանին առաջադրված մեղադրանքին: Բացի այդ, դեպքի վայրում գտնվող վկաներից մեկը բացակայում է ՀՀ տարածքից: Նման պայմաններում առանց նրա ձայնի նույնականացման չի կարող կատարվել նշված փորձաքննությունը:

Տեսանյութեր

Լրահոս