Օրենքներում եղած հակասությունները կվերացվեն
ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ քրեական օրենսգրքում և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է վերը նշված օրենքներում եղած հակասությունները և բացերը վերացնելու անհրաժեշտությամբ: Փաթեթի վերաբերյալ կառավարությունը որևէ առարկություն չի ներկայացրել:
ՀՀ մի խումբ պատգամավորների օրենսդրական մյուս նախաձեռնությունը, որով առաջարկվում է լրացում և փոփոխություն կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում, վերաբերում է սահմանադրական դատավարության ընթացքում վկային և փորձագետին բերման ենթարկելու կարգի սահմանմանը: Այս նախաձեռնությունը նույնպես ընդունելի է կառավարության համար:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: