Որքան գումար ունեն դատարանների նախագահները

«168 ժամն» իր նախորդ հրապարակումներում ներկայացրել է ՀՀ ընդհանուր և վերաքննիչ դատարանների դատավորների դրամական միջոցները: Այս հրապարակմամբ կներկայացնենք դատարանների նախագահների դրամական միջոցները:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի կայքում տեղադրված Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արմեն Դանիելյանի՝ 2014թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա սկզբում և վերջում նրա դրամական միջոցների չափը գրեթե չի փոխվել. հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա վերջում նա ունեցել է 17,500,000.00 դրամ, 245,000.00 դոլար և 148,000.00 եվրո: Նշենք, որ նա դատարանի նախագահ նշանակվել է 2013թ.:

2004թ. Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Ուզունյանի՝ 2014թ. հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա սկզբում նրա դրամական միջոցները կազմել են 2,000,000.00 դրամ, իսկ տարվա վերջում ավելացել են՝ կազմելով 3,000,000.00 դրամ:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի ներկայացրած 2014թ. հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները հարկային տարվա սկզբում և վերջում գրեթե չեն փոխվել. հարկային տարվա վերջում նա ունեցել է 46,000,000.00 դրամ և 50,000.00 դոլար: Դատարանի նախագահի պաշտոնում Ա. Օհանյանն աշխատում է 2006թ.:

Իսկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում աշխատող Ռուբեն Վարդազարյանը 2014թ. հայտարարագիր էր ներկայացրել, համաձայն որի՝ տարվա վերջում նա ունեցել է 1,000,000.00 դրամ և 55,000.00 դոլար:

Կարդացեք նաև

ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանի որդին՝ Դավիթ Բալայանը, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է նշանակվել 2015թ. փետրվարին: 2015թ. նրա հայտարարագրի համաձայն՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նա ունի 6,800,000.00 դրամ:

2014թ. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակված Գարիկ Ավագյանի՝ 2014թ. հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա սկզբում և վերջում նրա դրամական միջոցների չափը գրեթե չի փոխվել: Հարկային տարվա վերջում, ըստ նրա հայտարարագրի, նա ունեցել է 24,000,000.00 դրամ և 12,000.00 դոլար:

Վարդան Աբրահամյանը Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում նշանակվել է 2009թ. փետրվարին: 2014թ. նրա հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա վերջում նա ունեցել է 23,800,000.00 դրամ և 40,000.00 դոլար:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Գրիգորյանի՝ 2014թ. հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 65,977.00 եվրո և 40,000.00 դոլար:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանի 2014թ. ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ թե հարկային տարվա սկզբում, թե՛ վերջում նա 8,000,000.00 դրամ է ունեցել:
Իսկ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի՝ 2014թ. նրա հայտարագրի համաձայն՝ հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 23,000,000.00 դրամ:

2004թ. մինչ օրս Սամվել Մարդանյանը զբաղեցնում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը: Հարկային տարվա վերջում, ըստ հայտարարագրի, նրա դրամական միջոցները կազմել են 7,000,000.00 դրամ:
Մուշեղ Հարությունյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում նշանակվել է 2014թ.: Հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են 27,000,000.00 դրամ:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի Վարդան Ստեփանյանի հայտարարագրի համաձայն՝ թե հարկային տարվա սկզբում, թե վերջում նրա դրամական միջոցները կազմել են 15,000,000.00 դրամ:
2014թ. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ նշանակված Գագիկ Հովհաննիսյանի հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա ավարտին նրա դրամական միջոցները կազմել են 10,000,000.00 դրամ և 25,000,000.00 դոլար:
Սուրեն Մնոյանը 1999թ. մինչ օրս զբաղեցնում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը: 2014թ. հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա վերջում նա ունեցել է 1,000,000.00 դրամ և 70,000.00 դոլար:

1999 թվականից Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Հրաչիկ Սարգսյանը: 2014թ. հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա ավարտին նրա դրամական միջոցները կազմել են 27,000,000.00 դրամ և 34,000.00 դոլար:

Կարեն Մաթևոսյանը ՀՀ վարչական դատարանի նախագահի պաշտոնում նշանակվել է 2010թ.: 2014թ. հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները կազմել են 35,600,000.00 դրամ, 100,000.00 դոլար և 4,000.00 եվրո:
2009թ. ապրիլից վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Անատոլի Մաթևոսյանը: 2014թ. հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 18,000,000.00 դրամ:
Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանն այդ պաշտոնին նշանակվել է ՀՀ նախագահի 2011թ. հրամանագրով: 2014թ. հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա ավարտին նա ունեցել է 12,000,000.00 դրամ և 3,000.00 դոլար:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 8,500,000.00 դրամ:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը հարկային տարվա վերջում 5,000,000.00 դրամ և 185,790.00 դոլար է ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս