Բաժիններ՝

«Գեոթիմի» միջոցով 8 պատանի տարբեր համայնքներից մասնակցում են Աղվերանի վիքիճամբարին

Ամուլսարի շրջակա համայնքներից 8 պատանի այս տարի մասնակցում է «Վիքիմեդիա Հայաստան» Աղվերանի վիքիճամբարին, որի շրջանակներում սովորում են Վիքիպեդիայում նյութեր խմբագրել և տեղադրել: Թեև Ամուլսարի ծրագիրը դեռևս չի սկսել արդյունահանումը, ընկերությունը զուգահեռ՝ սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր է իրականացնում դեռևս 2007 թվականից և մինչ օրս ծրագրերի համար արդեն հատկացրել է ավելի քան 2 միլիոն ԱՄՆ դոլար:

Նշենք, որ «Վիքիմեդիա Հայաստանը», արդեն երկրոդ տարին է, վիքիճամբարներ է իրականացնում, որտեղ 14-20 տարեկան պատանիները խմբագրում են «Վիքիպեդիա» կամ «Վիքի բառարան», ինչպես նաև անցկացնում են իրենց ժամանցը:

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆինանսավորումը «Վիքիմեդիա հիմնադրամին» առաջին տարին ներկայացրել էին 100 երեխայի համար, բայց քանի որ Լոնդոնում անցյալ տարի ծրագիրը ճանաչվեց «ամենացնցող ծրագիր», այս տարի արդեն 200 երեխայի համար ունեն ֆինանսավորում:

«Կան երեխաներ, որոնց համար վճարում են կա՛մ ծնողները, կա՛մ հովանավորները:  Այս տարի 8 ոչ խմբագրող երեխա «Գեոթիմի» շնորհիվ մասնակցում է այս ճամբարին, որպեսզի սովերեն խմբագրել և նյութեր տեղադրել Վիքիպեդիայում և տարածեն իրենց տարածաշրջանում»,- նշեց Ս. Մկրտչյանը:

Կարդացեք նաև

Նա նշեց, որ սա «Գեոթիմի» հետ առաջին համագործակցությունն է, ու հույս ունեն, որ հետո այդ համագործակցությունը կշարունակվի. «Սա առաջին քայլն է, կարծում եմ՝ մենք կարող ենք շատ լավ համագործակցել նաև «Վիքիակումբների» հարցով: «Գեոթիմի» երեխաները խմբագրող չեն եղել, նոր են սովորելու, բայց ես շատ ուրախ եմ, որովհետև Ջերմուկի տարածաշրջանից մենք չունեինք խմբագրողներ»:

168.am-ի հետ զրույցում «Գեոթիմի» միջոցով «Վիքիճամբարին» մասնակցող Էմմի Անդրեասյանը, որ Ամուլսարի ազդակիր Գնդեվազ համայնքից է, ասաց, որ ինքն այստեղ շատ գիտելիքներ է ձեռք բերել, առաջին հերթին սովորել է՝ ինչպես «Վիքիպեդիայում» նյութեր խմբագրել, որն իր համար շատ հետաքրքիր պրոցես է: Նա նշեց, որ բացի գիտելիքներից, նաև ձեռք է բերել նոր ընկերներ տարբեր քաղաքներից ու գյուղերից, ու շատ ուրախ է, որ իրեն բախտ է վիճակվել այս ծրագրին մասնակցել:

Գորայքցի Դիաննա Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ սկզբնական շրջանում իր համար մի քիչ դժվար էր նյութեր խմբագրելը «Վիքիպեդիայում», բայց հիմա արդեն վարժվել է ու ուզում է անընդհատ անել դա: Նա ասաց, որ ինքն արդեն մոտավորապես 9 խմբագրած նյութ ունի:

13-ամյա Տարոն Հարությունյանի խոսքով էլ՝ ինքը շարունակելու է «Վիքիպեդիայում» նյութեր խմբագրել, քանի որ իրեն շատ է դուր գալիս այս աշխատանքը:

«Գեոթիմի» սոցիալական ծրագրերի մենեջեր Նառա Ղազարյանն էլ հայտնեց, որ «Գեոթիմը» 2007 թվականց սկսած բավականին շատ ներդրումներ է կատարել հարակից մարզերում՝ մասնավորապես Ջերմուկում, Գորայքում, Գնդեվազում, Սարավանում, ինչպես նաև՝ Սյունիքի տարածաշրջանում, կարևորելով համայնքներում սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը:

«Եթե ընդհանուր թվով ասենք՝ մոտ  2 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ  են կատարվել, ներառյալ՝ նաև կրթական ծրագրերը: Մեր ներդրումներն ուղղված են  մի քանի ուղղությամբ այս համայնքներում, որի կարևոր մասերից մեկը կրթությունն է: Մենք առաջին անգամ ենք համագործակցում «Վիքիմեդիայի» հետ, և հույս ունեմ, որ դա ավելի կընդլայնվի: Մենք էլի իրագործել ենք ամառային ճամբարների ծրագիր, որոնք ունեցել են էլի դաստիարակչական, կրթական, սպորտային  ուղղվածություն: Այս մեկը մի  քիչ ավելի շատ «Վիքիմեդիայի» ուղղվածությունն է, որն էլի կարևոր է, որովհետև կարևոր է, որ այդ համայնքի սոցիալական ծրագրերը մեկնաբանվեն հենց իրենց համայնքի երեխաների կողմից»,- նշեց Ն. Ղազարյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենք մոտավորապես  1 միլիոն դրամ են ներդրել այս երեխաների՝ 14 օր ճամբարում մնալու համար:

Նշենք նաև, որ, թեև Ամուլսարի ծրագիրը դեռևս չի սկսել արդյունահանումը, ընկերությունը զուգահեռ՝ սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրեր է իրականացնում դեռևս 2007 թվականից և մինչ օրս ծրագրերի համար արդեն հատկացրել է ավելի քան 2 միլիոն ԱՄՆ դոլար:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս