Բաժիններ՝

Քըրք Քըրքորյանը՝ ամերիկյան երազանքի մարմնացում. հետաքրքիր մարմնամասներ հայազգի միլիարդատիրոջ մասին

Հունիսի 16-ին Լոս Անջելեսի իր տանը մահացավ ծագումով հայ ամերիկացի միլիարդատեր, խաղային հաստատությունների MGM Resorts International խոշորագույն ցանցի հիմնադիր ու բաժնետոմսերի մեծ մասի սեփականատեր Քըրք Քըրքորյանը:

Քըրքորյանն ամերիկյան երազանքի մարմնավորում էր: Ծնված լինելով Ֆրեզնոյում, հայ ներգաղթյալների՝ Ահարոն ու Լիլի Քըրքորյանների ընտանիքում՝ նա ստիպված էր եղել փոքր հասակում ավելի քան 20 անգամ տեղից տեղ տեղափոխվել, ինչպես ավելի ուշ խոստովանել էր Fortune-ին տված հարցազրույցում: Ընտանիքում նա 4 երեխաներից ամենափոքրն էր: Տանը խոսում էին միայն հայերեն, ու նա անգլերեն էր սովորում միայն փողոցներում ու իր ոչ մշտական ուսման ժամանակ: «Մեր առաջին լեզուն հայերենն էր, նայած այն բանին, որ այստեղ ենք ծնվել: Մենք անգլերեն փողոցներում ենք սովորել»,- մի անգամ ասել է Քըրքորյանը:

Նրա հայրն աճեցնում էր ձմերուկներ, սակայն ձգտում էր մեծացնել իր գործը, ինչում հաջողության հասավ: Նա գնեց մի քանի ֆերմա ու 1000 ակր հողատարածք, սակայն 1921թ. տնտեսական անկման ժամանակ ամեն ինչ կորցրեց: Ընտանիքը ստիպված էր տեղափոխվել: Այդ ժամանակ Քըրքն օգնում էր ընտանիքին՝ թերթեր ու ձմերուկ էր վաճառում:

Քըրքորյանը չէր սիրում հարցազրույցներ տալ ու հրապարակային կյանք չէր վարում: Նա միշտ խուսափել է հրապարակայնությունից: «Ես դպրոց չէի գնում, սակայն վաղ եմ սկսել զբաղվել բիզնեսով, շատ էի գնում ու վաճառում: Ես շատ ձեռնարկություններ ունեի: Հաջողությունը բազմիցս է ուղեկցել ինձ»,- Bloomberg-ին տված հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է միլիարդատերը:

Կարդացեք նաև

Ավարտելով դպրոցը 16 տարեկանում ու մեծ փորձ ձեռք բերելով փողոցային կռիվներում՝ Քըրքորյանն ավագ եղբոր հետ գնաց բռնցքամարտի: 20 տարեկանում նա արդեն բավական լավ բռնցքամարտիկ էր ու շահել էր իր առաջին Խաղաղօվկիանոսյան սիրողական առաջնությունը միջին քաշային կարգում: Այդ ժամանակ նա ուներ 33 հաղթանակ ու 4 պարտություն, ինչպես նաև հայտնի էր Rifle Right անունով:

Սակայն շուտով նա տարվեց ինքնաթիռներով՝ այն բանից հետո, երբ նրա նոր ընկերը՝ Թեդ Ֆլաերթին, ում հետ աշխատում էր վառարանների տեղադրման գործում, իր հետ տարավ մեկշարժիչանի ինքնաթիռով ուղևորության: Քըրքը հիացած էր իր ուղևորությունից, սակայն դրանով որպես հոբբի զբաղվելը ծախսատար էր: Նա գտավ ելքը: Երիտասարդը հայտնի կին օդաչու Ֆլորենս Բարնսին՝ «Պանչո» մականունով, առաջարկեց աշխատել նա Happy Bottom ռանչոյում, օգնել կովերին խնամել ու ֆերմայի աշխատանքներում՝ դրա դիմաց ստանալով ամառային դասեր: Օդաչուն համաձայնեց ու օգնեց նրան Լոս Անջելեսում ստանալ միջնակարգ դպրոցի դիպլոմ:

Երկրորդ համաշխարհային պատերազմը մոտենում էր, ու Քըրքը չէր ցանկանում գնալ բանակ: Դրա փոխարեն՝ նա ամբողջ ժամանակ որպես քաղաքացիական օդաչու ծառայեց բրիտանական ռազմաօդային ուժերում: Նա ղեկավարում էր Mosquito ռմբակոծիչները: 1944 թվականին նա ու իր հրամանատար Ջ. Դ. Վուլրիջն Ատլանտյան օվկիանոսը հատելու ռեկորդ սահմանեցին: Վուլրիջը Շոտլանդիա հասավ 6 ժամ 46 րոպեում, Քըրքորյանը՝ 7 ժամ 09 րոպեում: Երկուսուկես տարում նա եղավ 4 մայրցամաքում ու ղեկավարում էր առաջին 4 շարժիչանի ինքնաթիռը:

Պատերազմից հետո նա իր աշխատած գումարի մի մասը՝ 5000 դոլար, ծախսեց մեկ շարժիչանի Cessna ինքնաթիռի գնման վրա ու սկսեց մասնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել Լոս Անջելեսի ու Լաս Վեգասի միջև, ինչը զարմանալի չէր երկնքին սիրահարված մարդու համար: Շուտով դա սկսեց լավ եկամուտ բերել:

1944թ. նա առաջին անգամ այցելեց Լաս Վեգաս ու տարվեց մոլախաղերով: Երկար ժամանակ անտեղ անցկացնելուց հետո Քըրքը թողեց ազարտային խաղերն ու 1947թ. գնեց ոչ մեծ ավիաընկերություն, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ կառավարությունն   էժան գներով ինքնաթիռներ էր վաճառում: Քըրքորյանը սկսեց դրանք գնել: Արդյունքում՝ նա ունեցավ առաջին ընկերությունը՝ Transinternational Airlines-ը, որը ղեկավարում էր մինչև 1968 թվականը, ինչից հետո 104 դոլարով վաճառեց Transamerica Corporation-ին:

1962-ին Քըրքորյանը գնեց 80 ակր հող Լաս Վեգասում՝ 960 000 դոլարով, որտեղ կառուցվեց լեգենդար Caesars Palace խաղատունը: 1967-ն նա ևս 82 ակր հողատարածք գնեց Լաս Վեգասում՝ 5 մլն դոլարով, որտեղ կառուցեց International հյուրանոցը: Այսօր International-ը հայտնի է՝ որպես Las Vegas Hilton: Այդ ժամանակ հյուրանոցը համարվում էր աշխարհում խոշորագույնը: Նա նաև գնեց Flamingo հյուրանոցը, որը 1970-ին վաճառեց Hilton Hotels Corporation-ին:

1969-ին Քըրքորյանը ձեռք բերեց MGM կիոնստուդիան: Շուտով բացվում է նաև MGM Grand Hotel and Casino հյուրանոց-խաղատունը. որն ավելի մեծ էր Empire State Building-ից:

1980թ. նոյեմբերի 21-ին MGM հյուրանոցում մեծ հրդեհ տեղի ունեցավ, որը համարվում է Լաս Վեգասի աղետներից վատագույնը: Հրդեհի հետևանքով զոհվեց 87 մարդ: Հյուրանոցը բացվեց միայն 8 ամիս անց: MGM-ի հրդեհից հետո այրվեց մեկ այլ հյուրանոց՝ Las Vegas Hilton-ը, որին զոհ գնաց 8 մարդ: 1986-ին MGM հյուրանոցը Քըրքորյանը վաճառեց Bally Technologies ընկերությանը: 2005-ին MGM կինոստուդիան վաճառեց Sony-ին 2,9 մլրդ դոլարով:

Qrk (8)

1970-ականների սկզբին նա գնեց Western Airlines ավիաընկերության ու Metro-Goldwin-Mayer (MGM) կինոստուդիայի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Հենց այդ ժամանակ նրան սկսեցին անվանել «հեռատես ներդրող»:

Նա փորձեց օգտվել Chrysler-ի ժամանակավոր դժվարություններից ու գնել ընկերությունը 23 մլրդ դոլարով: Գործարքը չհաջողվեց, իսկ նրա ընկերությունը Chrysler-ի ղեկվար Լի Յակոկայի հետ խզվեց: Նրա ավտոմոբիլային ներդրումներից էր 2005 թվականին General Motors-ի 10 տոկոսի գնումը, սակայն իր մասնաբաժնից նա ազատվեց արդեն 2006-ին:

Ժամանակի հետ նա սկսեց մեծ գումարներ ծախսել բարեգործության վրա: Նախ՝ նա դա սկսեց անել Բևեռլի Հիլզում տեղակայված Trasinda Corporation ներդրումային հիմնադրամի միջոցով, սակայն Հայաստանի երկրաշարժից հետո՝ 1989-ին, հիմնադրեց բարեգործական հիմնադրամ՝ Linsy Foundation-ը (անվանումը միլիարդատիրոջ երկու աղջիկների անունների միավորումն է), որը զբաղվում էր կրթության ոլորտի ծրագրերի ֆինանսավորմամբ:

Հայտնի է, որ Քըրքորյանը երեք անգամ ամուսնացած է եղել: Առաջին անգամ ամուսնացած է եղել Հիլդա Շմիդտի հետ 1942-1952թթ.: Նրա երկրորդ կինն անգլիացի պարուհի Ջին Մերի Հարդն էր (1954-1984թթ), ում հետ ծանոթացել էր Լաս Վեգասում հյուրախաղերի ժամանակ, ունի երկու դուստր՝ Թրեյսին ու Լինդան: Հենց նրանց անուններով է կոչվում Քըրքորյանի Tracinda Corporation-ը: Ամուսնալուծությունից հետո նրանք շարունակեցին մնալ մտերիմ ընկերներ:

Քըրքորյանի երրորդ կինը (1999թ.) իրենից 50 տարով փոքր պրոֆեսիոնալ թենիսիստուհի Լիզա Բոնդերն էր, ում հետ ամուսնությունը տևեց ընդամենը 1 ամիս: 2010թ. Քըրքորյանը համաձայնեց 100 հազար դոլար վճարել Բոնդերի դստեր՝ 12 տարեկան Կիրայի համար: Նա նաև 10 մլն դոլար է վճարել երեխայի մորը՝ նրա ծախսերը հոգալու համար, լավ իմանալով, որ ինքն աղջկա կենսաբանական հայրը չէ:

2011թ. նա այն միլիոնատերերից էր, որոնք իրենց կարողության զգալի մասը կորցրին ֆինանսական ճգնաժամի հետևանքով: Նրա կարողությունը քառակի կրճատվեց: 2008-ին գործարարի կարողությունը 16 մլրդ դոլար էր: Forbes-ի տեղեկություններով՝ աշխարհի ամենատարեց միլիարդատերը Դեյվիդ Ռոքֆելլերն է, ով հունիսի 12-ին դարձավ 100 տարեկան: 98-ամյա Քըրքորյանը թվով երկրորդ միլիարդատերն էր՝ մոտավորապես 4 մլրդ դոլար կարողությամբ:

Պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս