Ում են իրականում վճարում ՀՀ քաղաքացիները՝ մուտքի թույլտվություն ստանալու համար
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի հետաքրքիր ուսումնասիրություն է սկսել: Պարզվում է, որ Լեհաստանի, Հունաստանի և մի քանի այլ դեսպանատներ վերջին շրջանում սկսել են սերտորեն համագործակցել նորաթուխ մի ընկերության հետ, որի հիմնադրի հետքերը տանում են, ըստ ամենայնի, դեպի օֆշոր: Մասնավորապես, դեսպանատները հրաժարվում են վիզաների տրամադրման համար քաղաքացիներից ընդունել փաստաթղթերը և ուղղորդում են «Ինտերստամպ» ընկերություն, որպեսզի դրա միջնորդությամբ ձևակերպեն վիզաները:
Ընկերության ծառայությունը, իհարկե, անվճար չէ. ծառայության դիմաց, բացի վիզայի համար սահմանված հյուպատոսական ծախսերից, «Ինտերստամպը» հավելյալ գանձում է 12 հազար դրամ: Նկատենք, որ ԵՄ հետ վիզային ռեժիմի դյուրացումից հետո նախկին 60 եվրոյի փոխարեն՝ եվրոպական երկրներ մուտքի արտոնագրերը ՀՀ քաղաքացիների համար այժմ արժեն 30 եվրո, իսկ որոշ դեպքերում էլ անվճար են:
Այսօր Ծաղկաձորում զբոսաշրջության ոլորտում մրցակցության խնդիրների շուրջ հրավիրած քննարկումների ժամանակ ՏՄՊՊՀ Իրավաբանական վարչության պետ Հայկ Կիրակոսյանը նշեց, որ ՀՀ քաղաքացին իրավունք ունի առանց միջնորդի դիմել հյուպատոսություն, սակայն այսօր այնպիսի վիճակ է ստեղծվել, որ վիզայի հարցերով խորհրդատվություն ստանալու համար դեսպանատներում չկան ազատ ժամեր, և քաղաքացին պետք է դիմի այդ ընկերությանը: Ընդ որում, «Ինտերստամպը» 12 հազար դրամով միայն ընդունում է փաստաթղթերը, իսկ դրանց լրացման գործում աջակցություն ստանալու համար քաղաքացին պետք է կրկին վճարի:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովը վարույթ է հարուցել ՀՀ քաղաքացիների բողոքների հիման վրա, ուսումնասիրությունները դեռ շարունակվում են:
ՀՀ պետռեգիստրի տվյալների համաձայն՝ «Ինտերստամպ» ընկերությունը գրանցվել է անցած տարի մայիսին: Հիմնադիրը «ՓԱՐԱՍՈՖԹ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» անվամբ ընկերությունն է, որը ՀՀ ռեզիդենտ չէ: 168.am-ի տեղեկություններով՝ այն խոշոր կորպորացիայի դուստր է, իսկ ծագումնաբանությունը սկիզբ է առնում օֆշորից: Համացանցում փնտրելիս հանդիպում ենք Parasoft ընկերությանը, որը զբաղվում է ծրագրային ապահովմամբ, մասնաճյուղեր ունի աշխարհի տարբեր երկրներում, բայց ուշագրավն այն է, որ այս ընկերությունը լեհական ծագում ունի, և ղեկավարն Ադամ Կոլավան է (Adam Kolawa):
Թե ինչո՞ւ են ՀՀ-ում գործող դեսպանատները որոշել վստահել սկսնակ «Ինտերստամպին», պարզ չէ: Բայց կարելի է ենթադրել, որ այն ստեղծվել է հատուկ նպատակով: Այսպիսի միջնորդ կազմակերպությունների պրակտիկան տարածված է Ռուսաստանում, բայց այնտեղ վիզաների համար դիմողների քանակն անհամեմատելի է Հայաստանի հետ: ՀՀ-ում հյուպատոսություններն այնքան էլ ծանրաբեռնված չեն, որ չկարողանան ՀՀ քաղաքացիների դիմումներն ընդունել: Թերևս, ընկերության ծագումնաբանության հարցերի պարզաբանումն առավել հստակ կտա ՏՄՊՊՀ-ն՝ վարույթն ավարտելուց հետո, և մեր քաղաքացիները կազատվեն հավելյալ միջնորդի ծառայությունների համար վճարելու պարտադրանքից: