Վալերի Օսիպյանը խոստացել է անձամբ 5 վրան տրամադրել ակտիվիստներին, եթե…
Ազատության հրապարակում շարունակվում է «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած նստացույցը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ: Հիշեցնենք, որ երեկ նախատեսվող երթի փոխարեն նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ անցնում են նստացուցի՝ իշխանություններին մինչև երկուշաբթի օրը ժամը 19:00-ն ժամանակ տալով՝ վերնայալու էլետրաէներգիայի սակագնի թանկացման մասին որոշումը: Հիշեցնենք, նաև որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատել է որոշումը՝ թանկացնել էլեկտրաէներգիան 6.93 դրամով:
168.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն ասաց, որ գիշերը շատ լավ է անցել Ազատության հրապարակում, արտառոց դեպքեր չեն գրանցվել. «Մեր սպասածից ավելի շատ մարդ կար՝ 310 հոգի էինք մինչև առավոտյան 6:10-ի դրությամբ: Դրանից հետո մի մասը գնաց տուն՝ հանգստանալու, որ գա հերթափոխի, մի մասը գնաց իրազեկման»:
Նա նշեց, որ եթե մինչև երկուշաբթի օրը ժամը 19:00-ն իրենք հստակ պատասխան չստացան, որ չեղարկվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը, իրենք մնալու են Ազատության հրապարակում, որից հետո կշարժվեն Բաղրամյան 26. «Իսկ թե ինչ կկատարվի այնտեղ, կորոշենք հենց այնտեղ»:
Հարցին՝ ոստիկանները ոչ մի ձևով չե՞ն փորձում ձեր նստացույցը խոչընդոտել, խանգարել, Վ. Շուշանյանը պատասխանեց, որ խոչընդոտներ չեն եղել. «Միայն առավոտյան մի բան եղավ, արևից սնունդը և ջրերը պաշտպանելու համար կարդոնե թղթերով տանիք էինք սարքել, ոստիկանները մոտեցան՝ ասացին՝ «չի կարելի, հանեք, վրանի նման բան է ստացվում, դրա իրավունքը չկա, եթե քաղաքապետարանի իրազեկումը ներկայացնեք, դուք խնդիր չունեք»:
Եթե քաղաքապետարանը թույլ տա, պարոն Օսիպյանը խոստացել է անձամբ 5 վրան մեզ տրամադրել, բայց շաբաթ-կիրակի է, իրենք էլ գիտեն՝ ինչ են ասում»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: