Վ. Այվազյանը՝ Բիբինի նամակի մասին. «ՀՀ-ն իր օրենսդրությամբ և կառավարման մոդելով հնարավորություն ունի ցանկացած սպառնացողին ուրիշ բան անել»
Հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) տեղի ունեցող նիստի ժամանակ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանն ընթերցեց Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի նամակը, որում ասվում էր, որ որոշման հաստատվելու դեպքում ընկերությունը չի կարող երաշխավորել մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի և հուսալիությանը ներկայացվող անհրաժեշտ պահանջների բավարարումը, ինչպես նաև ապահովել մատուցվող ծառայության որակի բարելավմանն ու պահպանմանն ուղղված անհրաժեշտ ներդրումների իրականացումը:
Այսօրվա ասուլիսում լրագրողներից մեկն ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանից հետաքրքրվեց՝ արդյոք Ե. Բիբինի այդ նամակը նշանակո՞ւմ է, որ հովհարային անջատումների պետք է սպասենք առաջիկայում: Ի պատասխան՝ Վ. Այվազյանն ասաց, որ ինքն այդպես չի մտածում:
Դիտարկմանը՝ բայց դա ակնհայտ սպառնալիք էր, որը նաև Ռ. Նազարյանն արձանագրեց, Վ. Այվազյանն այսպես արձագանքեց. «Ամենաանհաջող գործը մարդկանց ասածները մեկնաբանելն է: ՀՀ-ն իր օրենսդրությամբ և կառավարման մոդելով հնարավորություն ունի ցանկացած սպառնացողին ուրիշ բան անել: Քանի որ ցանկացած պարագայում դու կարող ես անցնել օպերատիվ կառավարման մոդելին: Բիբինն ինքը ներկայացնում է իր հաշվարկները»:
Ըստ Վ. Այվազյանի՝ Ե. Բիբինի «վատ» կառավարման արդյունքում՝ համակարգն ընկել է ամբողջապես պարտքերի տակ:
Տնտեսագետ Վ. Բոստանջյանն էլ այսպես արձագանքեց Վ. Այվազյանին. «Բիբինը եկել է իմ տան մեջ իմ տունը փչացնում է, բա ե՞ս ինչ էի անում: Երկրորդն էլ, բացի ամեն ինչից՝ մի հատ էլ Բիբինին երաշխիք եմ տալիս, խի՞: Բիբինն ի՞նչ կապ ունի, դու ես անում, քո տունը դո՛ւ ես փչացնում, գնա դրա մասին մտածի, ի՞նչ Բիբին»: