Սպառնալիքներ են հնչել Ռուսաստանի ութ խոշորագույն կազմակերպությունների հասցեին. նոր մանրամասներ
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս ռուսաստանյան մի քանի քաղաքներում գործող խոշոր առևտրաժամանցային կենտրոնների պայթեցման սպառնալիքների վերաբերյալ: Ինչպես հայտնի է՝ ՌԴ ոստիկանությունը մի քանի օր շարունակ հեռախոսազանգեր էր ստանում մասնավորաբար ՌԻՈ սուպերմարլետների պայթեցման սպառնալիքով, ինչը մեծ արձագանք գտավ հայաստանյան ԶԼՄ-երում ու սոցիալական ցանցերում:
Հիշեցնենք, որ ՌԻՈ առևտրի կենտրոնները պատկանում է ռուսաստանաբնակ հայազգի խոշոր գործարար Սամվել Կարապետյանին:
Ռուսաստանյան լրատվամիջոցների հավաստի աղբյուրների փոխանցմամբ, բոլոր զանգերը ստացվել են Ուկրաինայից: Ինչ վերաբերում է կոնկրետ հասցեատերերին, ապա նույն աղբյուրների պնդմամբ, ոստիկանությունը կեղծ ահազանգեր է ստացել ոչ միայն ՌԻՈ-երի, այլ ռուսական ևս յոթ խոշորագույն ֆիրմաների վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ սպառնալիքները ուղղված չեն մեկ կազմակերպության, իսկ բոլոր ահազանգերը կեղծ են եղել, ռուսաստանցի փորձագետները կարծում են, որ նման զանգերի նպատակը երկրում վախի մթնոլորտ ձևավորելն է: Փաստորեն, իրերի նման դասավորության պարագայում բացառվում են այն վարկածները, որոնք առաջ էին քաշվում հայկական մեդիադաշտում, այդ թվում՝ մեր որոշ հարևանների հնարավոր մասնակցության, ինչպես նաև բիզնես կամ քաղաքական շահերի վարկածները: