Ջրաշենցի 4-ամյա աղջնակի մահվան մեջ հայրը մեղադրում է բժշկին. «Փաստինֆո»
«Այդքան հեշտ չի երեխային սպանել ու դրանով ապրել, ինքը ինձ է սպանել, ոչ թե՝ երեխուս, իմ կյանքը իմաստազրկվել է, ունեի-չունեի այդ մի երեխան ունի ու սպանեց, եթե պարզվի, որ իրա մեղավորությամբ է եղել… ուր էլ որ գնա գտնելու եմ»: «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց 2 օր առաջ «Արմավիր» ԲԿ տեղափոխված և ժամեր անց մահացած ջրաշենցի 4-ամյա երեխայի հայրը:
Ներկայացնելով մինչև հիվանդանոց տեղափոխվելը երեխայի վիճակը՝ հայրը պատմեց, որ տանը միջոցառում է եղել, երեխան կերել է այն է, ինչ բոլորը, իսկ գիշերվա ընթացքում սկսել է փսխել, մրսածության նշաներ են նկատվել, ծնողները կարծել են, որ ստամոքսի խանգարում է փոքրիկի մոտ:
Հաջորդ օրը երեխային տարել են հիվանդանոց, հոր խոսքով՝ երեխան քայլելով բարձրացել հիվանդանոց է մտել, երեխային զննող բժշկուհին ծնողներին ասել է, որ երեխան մնա, կաթիլային կմիացնեն, իսկ հաջորդ օրը կտանեն տուն: Կաթիլային են միացրել, աղիներն են լվացել, սակայն մոտավորապես 4 ժամ անց երեխան մահացել է:
Փոքրիկի հոր խոսքով՝ բժշկուհին իրենց ասել է, որ երեխայի մոտ այդ պրոցեսը մի քանի օր առաջ է սկսել, սակայն հայրը պնդում է, որ դուստրը նորմալ վիճակում է գտնվել, և ոչ ոք իրեն հակառակում չի կարող ապացուցել, քանի որ ինքն ամեն օր այդ երեխայի հետ է ապրել և տեսել նրա վիճակը:
Հայրը նաև նշեց, որ հիվանդանոցի անմխիթար վիճակը տեսնելով՝ չի ցանկացել, որ երեխան մնա այնտեղ և բուժման կուրսն ընդունելուց հետո տուն տանել, անհրաժեշտության դեպքում նորից բերել հիվանդանոց, բայց բժշկուհին պնդել է, որ երեխան իրենց հսկողության տակ գտնվի, հայրը համաձայնել է. «հենց իրենց հսկողության տակ երեխան մահացավ»:
Հիվանդանոցում երեխայի մոտ մնացել են մայրը և տատիկը։
«Մինչև մահանալը երեխային ցանկացել են ստամոքսի լվացում կատարել, այն դեպքում, երբ երեխան քնած է եղել, քնած մարդու կերակրափողը փակ է լինում, աշխատում է շնչափողը, ինքը լինելով բժիշկ այդքանը չի հասկացել… եթե մարդ քնած է, ոնց կարելի է կերակրափողը խողովակ մտցնել ու ստամոքսի լվացում կատարել»,- նշում է հայրը՝ հավելելով, որ ինքը բժիշկ չի, բայց այդքանը հասկանում է:
Հայրը ենթադրում է, որ կերակրափողի փոխարեն խողովակը մտել է շնչափողը, հեղուկը լցվել է թոքերն ու երեխան մահացել է:
Իսկ մինչ հայրը երեխային տեղափոխել է վերակենդանացման բաժանմունք, որը հիվանդանոցին շատ մոտ է գտնվում՝ երեխան արդեն մահացել է: Երեխային բուժող բժիշկը վերակենդանացման բաժանմունքի բժշկին ասել է. «Ինչ ուզում ես արա, մի բան արա», պատմում է մահացած երեխայի հայրն ու հավելում, որ այդ ամենը նշանակում է, որ բժիշկը գիտեր, որ սխալ բան է արել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: