Տարվա գլխավոր միջոցառումներից մեկը. երկխոսություն բիզնեսի և տեխնոլոգիաների միջև
«Յու Այ Թի Ի Էքսպոն» (որ Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտացված միջոցառումներ կազմակերպող ընկերությունն է), արդեն պատրաստ է տարվա իր գլխավոր միջոցառումներից մեկին` «ԴիջիԹեք բիզնես ֆորումին», որը տեղի է ունենալու հունիսի 19-20-ը` «Արմենիա-Մարիոթում»:
Արդեն 8-րդ անգամ անցկացվող «ԴիջիԹեք բիզնես ֆորումի» նպատակն է՝ աջակցել բիզնես ոլորտին` գտնելու լավագույն լուծումները, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերություններին՝ հանդիպելու և մեկ վայրում ներկայանալու պոտենցիալ հաճախորդներին: «ԴիջիԹեք բիզնես ֆորումը» տեխնոլոգիական բիզնեսի և տնտեսության այլ բնագավառների միջև երկխոսության հայաստանյան միակ հարթակն է:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) փոխտնօրեն Հայկ Չոբանյանը 168.am-ին հայտնեց, որ այս տարվա «ԴիջիԹեքին» առաջին անգամ տեղի է ունենալու մրցանակաբաշխություն. սահմանված 10 անվանակարգերի միջոցով փորձելու են հայտնաբերել տեխնոլոգիական լուծումներ կիրառող ոչ ՏՏ ոլորտների առաջամարտիկ ընկերություններին: «Այդ մարդիկ իրականում մեծ գործ են կատարում մի ոլորտում, որը ռիսկային է: Որովհետև նախ՝ ոլորտը պահանջում է մեծ ներդրումներ, երկրորդ՝ միշտ նախօրոք հնարավոր չէ հաշվարկել, որ անպայման կհասնես հաջողության, այդ պատճառով մի փոքր իսկապես պետք է նորարար լինել և հստակ որոշում կայացնել, որ՝ այո՛, քո ղեկավարած ձեռնարկությունը գնում է այդ ճանապարհով: Ուստի պետք է անպայման հաջողված պատմությունները ներկայացնել և քաջալերել հեղինակներին»,- 168.am-ին հայտնեց Հայկ Չոբանյանը:
«ԴիջիԹեք բիզնես ֆորումն» այս տարի շուկայում գործող ընկերություններին նոր սկզբունք է առաջարկելու, ինչպես ասում է Հայկ Չոբանյանը, ժամանակն է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող հայկական ընկերությունները մրցակցությունից անցնեն համագործակցության: «Համոզված ենք, որ մեր հիմնական շուկաները արտերկրում են: Իսկ այդ շուկաները նվաճելու համար հզոր ուժեր են պետք: Մենք այդպիսի հզորություններ չունենք, բայց ունենք հզոր ուժեր` բաշխված տարբեր ձեռնարկություններում, և պետք է կարողանանք այդ ուժերի համախմբման շնորհիվ դուրս գալ դրսի շուկաներ: Ֆորումի բոլոր թեմատիկ նիստերի ժամանակ փորձելու ենք գտնել համատեղ ուժերով արտերկիր դուրս գալու բանալիները»,- ասում է Հայկ Չոբանյանը՝ նշելով, որ այդ առումով թիրախային են Աֆրիկան ու ԵՏՄ անդամ երկրները: Հայ մասնագետներն արդեն գործունեություն ծավալելու համար ուսումնասիրում են Եթովպիան և աֆրիկյան այլ երկրներ:
«Գնահատականներ կան, որ առաջիկա 20 տարվա ընթացքում աշխարհի խոշոր ներդրումային ծավալները լինելու են հենց Աֆրիկայում: Դա նշանակում է, որ այնտեղ կա աշխատելու, գործելու, բիզնես անելու հսկայական հնարավորություն: Պետք է փորձել այդ հնարավորության մեջ ինչ-որ ձևով տեղավորվել: Դրա համար մենք պետք է հասկանանք մեր կարողությունները, հնարավորությունները և համախմբման միջոցով աֆրիկյան տարածաշրջանը մեզ համար դարձնենք շուկա»,- ասում է ԻՏՁՄ փոխտնօրենը:
«ԴիջիԹեք բիզնես ֆորումն» ունի «Խելացի տեխնոլոգիաներ` խելացի բիզնեսի համար» կարգախոսը: Ֆորումի բացումն ավանդաբար կատարում է ՀՀ վարչապետը: