«Դե, որ գիտեք՝ արժեք է, ինչի՞ եք քանդում «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը». Սաշուր Քալաշյան
Այսօր Առնո Բաբաջանյանի անվան Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովի նիստը, որի նախաձեռնողը Մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանն էր: Նիստի օրակարգում ընդգրկված էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կլոր ուղևորային համալիրի վերաբերյալ Կոնցեսիոների կողմից ներկայացված խնդրի լուծման նոր տարբերակի քննարկման հարցը: Նիստի նախաձեռնող կողմը, սակայն, հանդես էր գալիս միայնակ, առանց պատասխանողի՝ Կոնցեսիոների ներկայացուցիչների:
Հանդիպման մասնակից, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը խնդրի մասին մանրամասնելով՝ նշեց.
«Մեզ ներկայացված է ընդամենը մի լուսանկար, առանց գծագրի, առանց տեքստային մասի, որտեղ երևում է, որ հին օդանավակայանից պահված է միայն միջուկային հատվածը՝ աշտարակը, իսկ օղակային և ճանապարհային հատվածը քանդվում է: Փոխարեն՝ իրենց ներկայացրած լուսանկարի աջ կողմում կառուցվում է մի անհասկանալի շենք, որի բովանդակությունը գոնե մեզ հասկանալի չէ, երկու մասնաշենքերը միացված են նոր օղակով: Մեզ մոտ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ հին օղակը չի կարելի նորի փոխարեն օգտագործել և նոր խնդիրներ չստեղծել:
Այսօրվա հանդիպման նպատակը հենց դա էր՝ ստանալ այդ ու էլի մի քանի հարցերի պատասխանները: Ասացինք՝ եկեք նստենք, միասին խոսենք, հասկանանք, բայց արգենտինացի կոնցեսիոներները՝ Էդուարդո Էռնեկյանի մարդիկ, հրաժարվեցին գալ՝ մեկնաբանելով, որ իրենք չեն ուզում ներկա գտնվել այս ձևաչափով հանդիպմանը: Պատասխանեցին միայն, թե Նախագիծը կհանձնեն Կառավարությանը, ու թող Կառավարությունը քննարկի: Թե ի՞նչ պետք է քննարկի Կառավարությունը՝ հայտնի չէ, էդ Կառավարությանն ինչի՞ տեղ են դրել, ես չգիտեմ: Ի վերջո, մենք ուզում ենք հասկանալ՝ ինչո՞ւ նրանք չեն ուզում պահպանել հին շենքը:
Ասում ենք՝ էլի ընդարձակեք, վերակառուցեք, նոր մասնաշենքեր կառուցեք, եթե դրանց կարիքը կա, բայց մի՞թե դա հնարավոր չի անել՝ առանց հին շենքը քանդելու: Ի վերջո, անցյալ տարի Հանրային խորհրդի նիստի ընթացքում, որին իրենք էլ էին ներկա, կես ժամից ավելի բացատրեցինք հին շենքի պատմամշակութային արժեքը, դրա կարևորությունը: Ուշադիր լսում էին, վերջում մեզ ասացին՝ կարծում եք՝ մենք չգիտե՞նք, որ այդ շենքը հսկայական արժեք է… Զարմացած իրար նայեցինք՝ դե, որ գիտեք՝ արժեք է, ինչի՞ եք քանդում ՙԶվարթնոցի՚ հին շենքը, սա է անպատասխան հարցը»:
«Զվարթնոցի» կլոր ուղևորային համալիրի խնդրի վերաբերյալ իրենց դեմ կարծիքը հայտնեցին քննարկմանը ներկա՝ Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովի նախագահ Գագիկ Մանասյանը, Հանրային խորհրդի Քաղաքաշինության ենթահանձնաժողովի նախագահ Գրիգոր Ազիզյանը, «Զվարթնոց» օդանավակայանի համահեղինակ ճարտարապետ Ժորժ Շեխլյանը, ճարտարապետ Լևոն Իգիթյանը և այլք:
Հանդիպման ընթացքում Լևոն Իգիթյանը կարծիք հայտնեց, որ իրավիճակի այսպիսի զարգացումները հասարակական բացակա կարծիքի արդյունք են: «Հասարակական կարծիք չկա, դեմոկրատիա խաղալով՝ եկանք հասանք էս օրին, դեմոկրատիան ո՞րն է…», – ասաց Լ. Իգիթյանը:
Հանդիպմանը ներկա ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ներկաների ուշադրությունը սևեռեց դեռևս անցյալ տարի Միջազգային հեղինակավոր «Դոկո Մոմո» կազմակերպության՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած, իր բնորոշմամբ՝ շատ խիստ նամակի բովանդակությանը.
««Դոկո Մոմոն» միջազգային հայտնի կազմակերպություն է, որը զբաղվում է արժեքավոր և պատմության համար նշանակալի շենքերի պահպանմամբ:
Դեռ անցյալ տարի հոկտեմբերի 16-ին այս կազմակերպության ռուսաստանյան ներկայացուցչությունից պարոն Սերժ Սարգսյանին շատ խիստ բովանդակությամբ նամակ էր ուղարկվել, որում բարձրաձայնվում էր «Զվարթնոց» օդանավակայանի արժեքավոր և կարևորագույն պատմամշակութային շինություն լինելու փաստը, և նամակով խնդրում էին նրան՝ ապահովել և պահպանել շենքի վիճակն այնպիսին, ինչպիսին եղել է իր նախագծային վիճակով՝ թույլ չտալով, որ քանդումներ կամ աղավաղումներ մտցվեն շենքի ճարտարապետական տեսքի մեջ:
Պարոն Սարգսյանից արձագանքներ դեռ չկան, իսկ դա խոսում է նրա՝ մեր մշակույթի նկատմամբ եղած անտարբեր վերաբերմունքի մասին: Ստացվում է, որ ոչ մեկին դա պետք չէ ու չի հետաքրքրում: Ես կասեի՝ դա խիստ բնորոշ է նոր պետական կառավարման ատյաններին՝ պարզապես թերագնահատել կամ առհասարակ չգնահատել մեր ունեցածը և թեթևությամբ քանդման համաձայնություններ տալ պատմական նշանակություն ունեցող արժեքավոր շենքերին»:
ՀՀ Հանրային խորհրդի Մշակույթի ենթահանձնաժողովի այսօրվա նիստը եզրափակվեց խորհրդի նախագահ Գագիկ Մանասյանի կողմից մասնագիտական նոր հանդիպում նախաձեռնելու հայտարարությամբ, որտեղ, առանց լրագրողների ներկայության, կոմպետենտ կողմերը կքննարկեն խնդրի լուծման տարբերակներն ու կհայտնեն իրենց դիրքորոշումը: Նոր հանդիպման ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ, ինչպեսև հայտնի չէր, թե ինչո՞ւ, օրինակ, այսօրվա հանդիպումը չէր կարող ծառայել այդ նպատակի համար, և ի՞նչ ուղերձ ուներ առհասարակ այն այսօր. այն այսօր, թերևս, միայն տեղեկատվական բնույթի հանդիպում էր:
Տեղեկացնենք նաև, որ հարցի վերաբերյալ հանրային քննարկումներ կազմակերպելու առաջարկով Հանրային խորհուրդ էր դիմել ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը: