Լյուքսեմբուրգում Եվրոպական Ներդրումային բանկի և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) գլխավոր քարտուղար, գործառնությունների հարցերով տնօրեն Կլաուս Տրոմելի հետ:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը և Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ Վարոս Սիմոնյանը:
Ողջյունելով Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամներին, Կլաուս Տրոմելն ընդգծել է, որ էկոնոմիկայի նախարարը Հայաստանի կառավարության առաջին անդամն է, ով այցելում է ԵՆԲ և դա շատ խորհրդանշական է։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իր հերթին կարևորել է Եվրոպական ներդրումային բանկի՝ Հայաստանում իրականացվող ծրագրերի շարունականությունը, ինչպես նաև ԵՆԲ-ի հետ համագործակցության խորացման հեռանկարները` պայմանավորված Եվրոպական Ներդրումային բանկի և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:
Եվրոպական Ներդրումային բանկի և Հայաստանի զարգացման հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են ԵՆԲ գլխավոր քարտուղար, գործառնությունների հարցերով տնօրեն Կլաուս Տրոմելն և Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և ԵՆԲ պաշտոնյաների ներկայությամբ:
Երկուստեք ընդգծվել է, որ վերոնշյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ կողմերը վերահաստատում են իրենց հետաքրքրությունն ու կամքը` Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև համագործակցությանը հաղորդելու նոր որակ ու բովանդակություն, ինչպես նաև հայտնում են իրենց մտադրությունը` բացելու նոր հնարավորություններ ներդրումային ծրագրերի մշակման և ներդրումների ներգավման, ներքին և արտաքին ֆինանսական աջակցությամբ իրականացվող ծրագրերի համաֆինանսավորման, տեխնիկական օժանդակության, արտահանման դիվեսիֆիկացման և աշխատատեղերի ստեղծման համար։