«Մենք ինքներս կրակն ենք ընկել ԵՏՄ ձեռքը, հիմա նաև մեր ղրղզ բարեկամներին ենք տանում մեզ հետ»
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց 2015 թ. մայիսի 8-ին Մոսկվայում ստորագրված «Ղրղզստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու առնչությամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող առանձին միջազգային պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունները, որոնցով Ղրղզստանն էլ է միանում ԵՏՄ-ին:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` նշելով, թե պատգամավորները բողոքում են, որ առանց քննարկելու բերում են նախագծեր և հապճեպ ընդունել տալիս, և այս արձանագությունները միայն այսօր առավոտյան են քննարկվել հանձնաժողովում, իսկ նախագծերը հընթացս են ստացվել. «Եթե մեր ղրղզ գործընկերներն այդքան ուզում էին մեր բախտակիցը դառնային, ապա մայիսի 8-ից հետո երկու քառօրյա նիստեր էինք անցկացրել, կարող էիք մայիսի 9-ից հետո բերել: Եթե չեք շտապել, ապա ո՞ւր ենք շտապում հիմա: Մենք ինքներս կրակն ենք ընկել ԵՏՄ ձեռքը, հիմա նաև մեր ղրղզ բարեկամներին ենք տանում մեզ հետ»:
Ս.Կարայանը չհամաձայնեց ԵՏՄ-ին ՀՀ-ի միացման վերաբերյալ պատգամավորի դիրքորոշման հետ, նշեց, թե պետք է անցնեին համապատասխան ընթացակարգեր, քննարկվեր Սահմանադրական դատարանում սահմանադրականության հարցը, ՍԴ-ում քննարկվել է անցած շաբաթ: Նա նշեց, թե փաստաթուղթը հրապարակային է եղել և կարող էին ծանոթանալ:
Ա.Արզումանյանը չհամաձայնեց ու պնդեց, որ ընթացակարգերը կարող էին անել մայիսի 9-ից սկսած. «Իմ մոտեցումները բոլորդ եք կիսելու, երբ ԵՏՄ-ն կքանդվի, դրան շատ սապասել պետք չի»: