«Բոլոր գողերը միասին են որոշել, որ Բիբինը չգա ԱԺ»

Երեկ Ազգային ժողովում կայացան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ խորհրդարանական լսումները և արձանագրվեց, որ սակագինը բարձրանալու է 6.93 դրամով: Լսումների ընթացքում բազմաթիվ ելույթներ հնչեցին Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) խայտառակ գործունեության, թալանի, գողությունների մասին: Հիշեցնենք նաև, որ երեկվա լսումներին ներկա չէր ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, ինչը բուռն քննադատության արժանացավ ինչպես՝ ընդդիմադիր, այնպես էլ՝ իշխանական պատգամավորների կողմից:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ արդեն երկար տարիներ գողություն է տեղի ունենում ՀԷՑ-ում: «Ցանկացած տեղամասի դեմ գնացեք, կտեսնեք՝ շքեղ մեքենաների շարքը կանգնած»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Սոս Գիմիշյանի խոսքով՝ եթե ՀՀ իշխանությունը ցանկություն ունի և ջանք չի խնայում, որպեսզի պաշտպանի և այդ գողությունը գցի ժողովրդի վրա, ապա դրանում ինքն էլ է մասնակից. «Եթե ինքը մասնակից չլիներ, կասեր՝ եղբայր, սնանկ ճանաչի քեզ, պարտքերի դիմաց հետ կվերցներ այդ ցանցը, կդարձներ ՀՀ-ի սեփականություն և ինքը կկառավարեր: Այդ հանձնաժողովը (նկատի ունի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին.- Ա. Ք.) ինձ համար ոչ ոք է, այդ հանձնաժողովում Սերժ Սարգսյանն ինչ կասի՝ հանձնաժողովը դա էլ կորոշի: Ամբողջ իշխանությունը (և՛ ԱԺ-ն, և՛ նախագահը, և՛ կառավարությունը), ամեն ինչ անում է, որ այդ գողությունը փակի ժողովրդի հաշվին: Դա ո՞ր դեպքում կանի, երբ ինքն էլ է մասնակից այդ գողությանը: Ինչպե՞ս կարելի է՝ ՀՀ-ում այդպիսի մեծ չափերի թալան տեղի ունենա, մեր իշխանավորները, որոնք երազում են՝ մի տեղից մի բան փախցնեն, մասնակից չլինեն: Մասնակից են, միասին են դա արել, դրա համար էլ հիմա մեկը մյուսին ուզում է փրկի»:

Ս. Գիմիշյանը կարծում է՝ այն, որ Ե. Բիբինը չի եկել լսումներին, ոչ միայն ԱԺ-ի, այլև երկրի նկատմամբ վերաբերմունք է: Ըստ նրա՝ ոչ ոք այդպիսի իրավունք չունի, և պետք է Ե. Բիբինին դատի տալ ու «նստեցնել»:

Կարդացեք նաև

«Ի վերջո, դա ռուսական պետության սեփականություն է, չէ՞, թող պարտքերն իրենք փակեն, ո՞ւմ է հետաքրքիր՝ իրենք են դրել ղեկավարին, իրենք են կառավարում այդ հիմնարկը, թող իրենք էլ փակեն, ինչո՞ւ պետք է հայ ժողովուրդը փակի, որովհետև այդ ցանցը և մեր իշխանավորները գո՞ղ են»:

Հարցին՝ եթե այդ գողությունն իրականում իրար հետ են արել, ինչո՞ւ են Հայաստանի իշխանություններն անընդհատ խոսում այդ թալանի մասին ու մեղադրում ՀԷՑ-ին վատ աշխատանքի համար, Ս. Գիմիշյանն այսպես արձագանքեց. «Դե, պետք է մի բանով հիմնավորե՞ն, որ բարձրացնում են: Բարձրացնում են, որ էլի թալանեն, ավելի շատ թալանեն: Բա, պետք է մի բանով բացատրություն տան, եթե մի ցանցում տեղի է ունեցել գողություն, ՀՀ-ի տարածքում է գործում այդ հիմնարկը, նորմալ իշխանությունը պետք է դիմի Դատախազություն, քրեական գործ հարուցի և գողերին բռնի: Եթե վաղը դիմեն դատարան, ես ներողություն կխնդրեմ, կասեմ՝ մեր իշխանությունը կապ չունի, որովհետև դիմել է դատարան, և բոլոր գողերին ուզում են Քրեական օրենսգրքին համապատասխան պատասխանատվության ենթարկեն: Բայց քանի իրենք չեն դիմում, սա նշանակում է՝ իրենք միասին են: Բացառվում է՝ Հայաստանում մեկը գողություն անի, այն էլ՝ այդ չափերի, ու Հայաստանի իշխանություններն անտեղյակ լինեն»:

Հարցին էլ՝ ինչո՞վ եք պայմանավորում Ե. Բիբինի այդ արհամարհական վերաբերմունքը, ի՞նչն է պատճառը, որ ռուս պաշտոնյան իրեն նման ձևով է պահում Հայաստանի, հայ ժողովրդի, ՀՀ ԱԺ-ի նկատմամբ, Ս. Գիմիշյանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ՝ բոլոր գողերը միասին են որոշել, որ Բիբինը չգա, միայն Բիբինի որոշումը չէ, սա հաստատ համաձայնեցված է Հայաստանի իշխանությունների հետ, որ ինքը չի գալիս: Հակառակ դեպքում՝ ինչպե՞ս կարող է հա՛մ գող լինի, հա՛մ էլ չգա, այս քայլն էլ է ապացուցում, որ իրենք միասին են պատասխանատուն, և միասին էլ որոշել են, որ Բիբինը չգա, որովհետև եթե գա, պետք է հարցերին պատասխան տա, ինչպե՞ս պատասխան տա»:

 

Տեսանյութեր

Լրահոս