«Բիբինը ոնց ծախսել ա, թող գնա ճարի ու տանի իրա պարտքերը տա, իսկականից, հերիք ա թալանեք»

Այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման խնդրի շուրջ լսումների ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երբ ուսումնասիրում են ՀԷՑ-ի ներկայացրած սակագների բարձրացման փաթեթը, տեսնում են, որ այդ փաթեթով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կայանցնում է այնպիսի որոշում, որ ներկայացված 37 մլրդ դրամ վնասից փոխհատուցվում է 23.4 մլրդը:

«Բա հարց է ծագում՝ եթե վնասը 37 մլրդ դրամ է, մենք ինչի՞ ենք 23-ը փոխհատուցում: Ուրեմն՝ պարզվում է հետևյալը. 14 մլրդն արդեն փոխհատուցվել է անցած տարի: Բա հարց է ծագում՝ էդ որտեղի՞ց է փոխհատուցվել: Պարզվում է, որ այդ 14 մլրդ դրամը փոխհատուցվել է անցյալ տարի և նախանցյալ տարի բարձրացված սակագնի հաշվին: Այսինքն՝ մենք այսօր Հանրային ծառայություններիը կարգավորող հանձնաժողովի տվյալներով կանգնում ենք մի փաստի առաջ, որ մենք այսօր ունենք մի սակագին, որ եթե այդ սակագինը գործի ու չբարձրանա, հաջորդ մեկ տարվա ընթացքում մենք ևս 14 մլրդ դրամ այդ գնի դեպքում կփոխհատուցենք»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ եթե սակագինը չբարձրացվի, մինչև 2 տարվա ընթացքում փոխհատուցումը կլրանա:

Ընդ որում, ըստ նրա, կարելի է փոխհատուցել 3 տարվա ընթացում, ժամկետի խնդիր չկա և հարց է, թե ինչու են հիմա շտապում բարձրացնել սակագինը: Փաշինյանի կարծիքով՝ ՀԷՑ-ը պետք է վճարի արտադրողներին, բայց գումար չունի, իսկ չունի, որովհետև Բիբինը ստանում է 60 հազար դոլար աշխատավարձ. «Պարոն Նազարյան, որ Դուք ասում եք՝ էդ ճոխությունները չի մտնում, մենք էդ ճոխությունների համար ենք հիմա վճարում: Եթե Բիբինը էդ ճոխությունները չաներ, լեսքսուսներ չվարձեր, վերանորոգումների վրա միլիոնավոր գումարներ չծախսեր…»:

Պատգամավորը կոչ արեց սպասեցնել Բիբինին 2 տարի. «Բիբինը ոնց ծախսել ա, թող գնա ճարի ու տանի իրա պարտքերը տա, իսկականից, հերիք ա թալանեք, էս ժողովուրդը մեղք ա»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս