ԱՄՆ Պետդեպը քննադատել է հայերի մասին Էրդողանի վերջին հայտարարությունը

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բինգյոլում հունիսի 3-ին կայացած նախնտրական արշավի ժամանակ հայերի, լրագրողների ու սեռական փոքրամասնությունների վերաբերյալ ռասիստական բնույթի սկանդալային հայտարարություններին, տեղեկացնում է Hurriyet Daily News-ը:

Մարի Հարֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտահոգված է, որ Թուրքիայի կառավարությունը միջամտում է ազատ արտահայտվելու գործընթացին: Հարֆը նշել է, որ իրենք դատապարտում են հայերի, լրագրողների ու սեռական փոքրամասնության ներկայացուցիչների վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը:

«Ազատ ու ինքնուրույն մամուլը դեմոկրատական ու բաց հասարակության կարևոր բաղադրատարրերից է: Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է ու մենք Թուրքիային կոչ ենք անում ապահովել ժողովրդավարության արժեքները, ներառյալ՝ ազատ գործընթացները, դատական ազատությունը, ազատ կամարտահայտնելու իրավունքը»,- ասել է Հարֆը:
Երբ Մարի Հարֆին հարցրել են՝ արդյոք նա մեղադրում է Էրդողանին միասեռականների, հայերի ու լրագրողների նկատմամբ արած հայտարարությունների համար, նա պատասխանել է «Միանշանակ»:

Հիշեցնենք, որ Էրդողանը հայերին, լրագրողներին ու միասեռականներին մեղադրել է քրդական Ժողովրդադեմոկրատական կուսակցությանը աջակցություն ցուցաբերելու մեջ:

«Նրանց ամենամեծ դաշնակիցը «Դողան» մեդիան է: Հայկական լոբբին, միասեռականները և նրանք, ովքեր հավատում են «Ալևիզմն առանց Ալիի» գաղափարին, նրանք բոլորը խռովություն դրդողներ են»,- հայտարարել էր Էրդողանը:

Տեսանյութեր

Լրահոս