Ինչպիսի՞ հետևանքներ կունենա ռուս-ադրբեջանական մերձեցումը հայկական կողմի և ԼՂ հիմնահարցի համար
«Ռուսաստանի համար կարևոր են Հայաստանի հետ հարաբերությունները»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայում գործող Կովկասագետների գիտական միության նախագահ, ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը` անդրադառնալով ամերիկյան «Ստրատֆոր» վերլուծական կենտրոնի հրապարակմանն այն մասին, թե Ադրբեջանը թեքվում է դեպի Ռուսաստան: Վերլուծաբանի համոզմամբ` Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն անփոփոխ է և չեզոք:
Մեր այն հարցին, թե ռուս-ադրբեջանական մերձեցումն ինչպիսի՞ հետևանքներ կունենա հայկական կողմի և ԼՂ հիմնահարցի համար, նա պատասխանեց, որ հետևանքների մասին խոսելն անհիմն է: Նրա համոզմամբ, նման կարծիքներ առաջանում են, երբ կա ոչ ամբողջական ընկալում այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանը գործընկեր երկրներ են, բայց անկախ իրենց սեփական հետաքրքրություններով:
«Ոչ բոլոր հարցերում են այդ հետաքրքրությունները համընկնում, հենց այդ պատճառով էլ Ռուսաստանի հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ բացարձակապես այլ բնույթի են, քան Հայաստանի հետ հարաբերությունները, որն այդ երկրների հետ գտնվում է սուր հակամարտության մեջ: Հայաստանը Ռուսաստանի համար կարևորագույն գործընկեր է, Հայաստանի համար էլ Ռուսաստանը մնում է միակ հուսալի անվտանգության երաշխավորը:
Ուստի Ռուսաստան-Թուրքիա և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների մերձեցումը մշտապես սահմանափակ է լինելու»,- նշեց Ալեքսանդր Կռիլովը:
Նրա համոզմամբ՝ պետք է դիտարկել իրատեսական սպառնալիքները տարածաշրջանի համար, և ոչ՝ պարզապես ենթադրությունները: Ռուսաստանցի վերլուծաբանի համոզմամբ` մեծ է վտանգը, որ Կովկասում կհայտնվեն Համաշխարհային խալիֆաթի կողմնակիցները, և ակնհայտ է, որ ամենաձեռնտու օբյեկտը տարածաշրջանում գործողություններ սկսելու համար Ադրբեջանն է:
«Մեկ այլ իրական վտանգ Հարավային Կովկասի ներսում լարվածության աճն է` կողմերի միջև և նրանցից յուրաքանչյուրի ներսում: Այդ լարվածությունը կարող է ժայթքել նոր պատերազմներով և հակամարտություններով: Ցավոք, իրական խնդիրների և սպառնալիքների ուղղությամբ համարժեք քննարկումների համար ուշադրություն չի տրամադրվում»,- ասաց Ալեքսանդր Կռիլովը: