Քաղաքացիների այսօրվա վրդովմունքն ավելի լուրջ շարժման կվերածվի՞, թե՞ ոչ
«Բարդ հարց է՝ թանկացումների հետ կապված քաղաքացիների այսօրվա վրդովմունքն ավելի լուրջ շարժման կվերածվի՞, թե՞ ոչ: Դա կախված է նրանից, թե այդ շարժումը ղեկավարող խումբը կամ մարդիկ ինչպիսի կազմակերպչական աշխատանք կտանեն և ինչ խնդիրներ կդնեն իրենց առջև: Կախված է նաև մոբիլիզացիայից, հանրության արձագանքից: Փորձը ցույց է տվել, որ որոշակի կազմակերպչական, գաղափարական լուրջ գործողությունների դեպքում հնարավոր է լինում կազմակերպել նման մոբիլիզացիա ու հասնել որոշակի հաջողությունների: Նման հաջողություններ մենք տեսել ենք թե՛ Մաշտոցի պուրակի, և թե՛ 150 դրամի հետ կապված: Բայց միևնույն ժամանակ տեսնում ենք, որ բոլոր այս խնդիրների հիմքում կրկին ընկած է կազմակերպված ինստիտուցիոնալ ընդդիմության բացակայությունը, որը կվերցնի պատասխանատվությունը այդ խնդիրների լուծման համար և կառաջնորդի այդ շարժումները»,- 168.am-ին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նրա կարծիքով՝ քաղաքացիական նախաձեռնությունների գործողություններին նոր շունչ է պետք հաղորդել, նախաձեռնությունները մի նոր աստիճանի պետք է բարձրանան ու նոր պատասխանատվություններ ստանձնեն քաղաքական դաշտում.
«ՔՊ-ում մենք արդեն նման միտումներ տեսնում ենք և վարչությունում ունենք շատ մարդիկ, որոնք նախկինում շատ ակտիվ են եղել քաղաքացիական նախաձեռնություններում և իրենք են հասկացել, որ ավելի մեծ հաջողությունների հասնելու համար անհրաժեշտ է ինքնադրսևորվել, ընդգրկվել այնպիսի կառույցների մեջ, ինչպիսին «Քաղաքացիական պայմանագիրն» է»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: