Օբաման ստորագրել է «ԱՄՆ-ի ազատության մասին ակտը»
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է օրենք, որն արգելում է ամերիկացիների էլեկտրահեռահաղորդակցության մասին տվյալների զագվածային հավաքումը: Ավելի վաղ փաստաթուղթը, որն ստացել էր «ԱՄՆ-ի ազատության մասին ակտ» անվանումը, ընդունվել էր ԱՄՆ Կոնգրեսի սենատի կողմից ու հավանության էր արժանացել Ներկայացուցիչների պալատի կողմից:
ԱՄՆ ադմինիստրացիայի ղեկավարը ողջունել է Կոնգրեսի նման որոշումը՝ այն գնահատելով որպես «խելամիտ փոխհամաձայնություն»: Օբաման նշել է, որ փաստաթուղթը ապահովում է անձնական կյանքի անձեռնմխելիությունը ու քաղաքացիական ազատությունների ապահովումը՝ դրա հետ միասին անվտանգության ծառայություններին տրամադրելով անհրաժեշտ գործիքներ ամերիկացիների պաշտպանության համար:
«ԱՄՆ-ի ազատության մասին ակտը» զգալի սահմանափակումներ է մտցնում Ազգային անվտանգության գործակալության էլեկտրոնային գաղտնալսման ծրագրի նկատմամբ՝ դրանք ամբողջությամբ չարգելելով, հայտնում է TASS-ը:
Այսպես, նոր օրենքը թույլ չի տալիս հատուկ ծառայություններին սեփական ցանկությամբ փրովայդեր-ընկերություններից վերցել երկրի քաղաքացիների հեռուստահաղորդակցության տվյալները:
Ընդ որում՝ տեղեկությունները պահվելու են կորպորատիվ արխիվներում, իսկ դրանց մատչում ունենալու համար Ազգային անվտանգության ծառայությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն ու մյուս գերատեսչությունները պետք է ունենան հատուկ դատարանի որոշումները:
Բացի այդ՝ խստացվում են նաև զանգվածային տվյալներում որոնողական օպերացիաների անցկացման կանոնները: Ներկայում դա արվում է այն բանի համար, որ հատուկ ծառայությունների տրամադրության տակ հայտնվի միայն այն տեղեկությունը, որը իսկապես կարող է նրանց հարկավոր լինել ահաբեկչության ու հանցավորության դեմ պայքարի համար:
«ԱՄՆ-ի ազատության մասին ակտը» եկավ փոխարինելու մեկ այլ օրենքի՝ «Հայրենասիրության մասին ակտին», որն ընդունվել էր ԱՄՆ-ում 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո: Դրա գործողության ժամկետը սպառվել էր այս տարվա հունիսի 1-ին: