Սեյրան Օհանյանի կնոջ հայցը մակագրվել է դատարանի նախագահին
ՀՀ պաշտպանության նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի մակագրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ Ռուբեն Վարդազարյանին: Գործն այս դատավորին մակագրվել է մայիսի 27-ին:
Մինչ այդ գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանին, ով, սակայն, իր նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել: Datalex դատական տեղեկատվական կայքում տեղադրված չէ ինքնաբացարկի որոշումը:
Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը հայտնել էր, որ դատարանից խնդրել են պարտավորեցնել «Հրապարակ» օրաթերթում և hraparak.am կայքում հրապարակել «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածի վերաբերյալ իրենց պատասխանը, պարտավորեցնել հերքել հոդվածում տեղ գտած, իրենց գնահատմամբ, իրականությանը չհամապատասխանող փաստեր պարունակող և զրպարտող արտահայտությունները:
Օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հայցին՝ ասել էր, որ տարրական իրավաբանական գիտելիքների տիրապետող անձը գիտի, որ պատասխանատվություն կրում է այն անձը, ով սկզբնաղբյուրն է, ով տեղեկությունն առաջին տարածողն է. «Մենք առաջին տարածողը չենք: Ավելին, մենք ընդամենը վերլուծել ենք այն հրապարակումները, որոնք եղել են համացանցում: Լրագրողն իր տեսակետն է հայտնել, վերլուծական հոդված է գրել: Այսինքն՝ իմ պրակտիկայում, համենայն դեպս, առաջին դեպքն է, որ վերլուծական հոդվածի համար լրատվամիջոցին դատի են տալիս»: