Բաժիններ՝

«Իմ պրակտիկայում առաջին դեպքն է, որ վերլուծական հոդվածի համար լրատվամիջոցին դատի են տալիս»

ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատական հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ:

Օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով հայցին՝ ասաց. «Նախ՝ տարրական իրավաբանական գիտելիքների տիրապետող անձը գիտի, որ պատասխանատվություն կրում է այն անձը, ով սկզբնաղբյուրն է, ով տեղեկությունն առաջին տարածողն է: Մենք առաջին տարածողը չենք: Ավելին, մենք ընդամենը վերլուծել ենք այն հրապարակումները, որոնք եղել են համացանցում: Լրագրողն իր տեսակետն է հայտնել, վերլուծական հոդված է գրել: Այսինքն՝ իմ պրակտիկայում, համենայն դեպս, առաջին դեպքն է, որ վերլուծական հոդվածի համար լրատվամիջոցին դատի են տալիս:

Երկրորդը՝ այդ հոդվածը կարդացող ցանկացած անձ կտեսնի, որ շատ հավասարակշռված, առանց վարկաբեկման որևէ նպատակի, առանց ավելորդ որակումների, շատ խաղաղ, շատ նորմալ վերլուծված է, և ընդամենը ի՞նչ է գրված հոդվածում՝ որ հասարակությունն իրավունք ունի տեղեկանալ, իրավունք ունի փորփրել մարդկանց, պաշտոնյաների անցյալը, նրանց մերձավորների կյանքը, իրավունք ունի նույնիսկ բամբասել, նույնիսկ բամբասանքներ տարածել: Ամբողջ աշխարհում դա ընդունված է: Ի վերջո, «դեղին մամուլ» հասկացությունն աշխարհի բոլոր երկրներում կա, և այդ տաբլոիդներն աշխատում են, սնվում են հենց այդպիսի լուրեր տարածելու միջոցով: Դրա դեմ պայքարել հնարավոր չէ: Նա, ով պայքարում է, միշտ տուժում է, և ընդհանրապես նա, ով պատերազմ է հայտարարում մամուլին, դատի է տալիս, երբեք չի շահում: Մանավանդ «Հրապարակ» օրաթերթին, որը բազմիցս հանդես է եկել և´ պաշտպանության նախարարի, և´ բանակի, և´ հենց մասնավորապես Սեյրան Օհանյանի հետ կապված հրապարակումներով. բավականին հարգալից, հավասարակշիռ, որևէ խնդիր չենք ունեցել երբևէ, իրեն վարկաբեկելու որևէ միտում չենք ունեցել, և մեզ համար ուղղակի տարօրինակ են այդպիսի որակումները, որ իրենք գրել են իրենց այդ պահանջի մեջ»:

Արմինե Օհանյանն ասաց, որ հայցը չեն ստացել, մայիսի 25-ին՝ երկուշաբթի օրը, գրություն են ստացել. «Ենթադրվում է, որ դա ամենաշուտը կարող էինք տպագրել երեքշաբթի օրը: Հենց երկուշաբթի օրը տեղեկացել ենք, որ Կարեն Մեժլումյանը մտել է դատարան, հայցադիմում է ներկայացրել, այն դեպքում, որ մեզ պահանջ էր ներկայացրել, որ մենք մինչև մայիսի 30-ը պետք է տպագրենք:

Այդ շտապողականությունն արդեն իսկ կասկածի տեղիք է տալիս: Մյուս կողմից էլ՝ անհասկանալի է, թե, ի վերջո, ինչ են ուզում, երբ մենք, շաբաթ թե ուրբաթ օրվա համարում տպագրել ենք «Զինվորական բժիշկների ասոցիացիայի» պատասխանը՝ ուղարկված այդ կնոջ անունից, այսպես ասած: Հիմա ես չգիտեմ՝ ինչի՞ մասին է խոսքը:

Ուզո՞ւմ են՝ դատարան գնալ, կգնանք դատարան, խնդիր չկա: Մենք այդպիսի հարուստ փորձ ունենք, այսպես ասած: Մեր բոլոր դատական վեճերում մենք հաղթող ենք դուրս եկել մինչև օրս: Կա Սահմանադրական դատարանի որոշումը, և շատ լավ կլիներ, որ Կարեն Մեժլումյանը ծանոթանար այդ որոշմանը և տեսներ՝ որ կետի տակ է մտնում իր պահանջը: Սահմանադրական դատարանի որոշումը բավականին ամբողջական, հստակ պատասխան է տալիս, թե երբ կարելի է լրատվամիջոցից ինչ-որ բան պահանջել»:

Նա նշեց նաև, որ հայցը կստանան, կծանոթանան, պատասխան կգրեն. «Այս ընթացքում հրապարակումներով հանդես կգանք, կհետևենք, կտեսնենք՝ համացանցում էլ ինչ հրապարակումներ են լինում, կհասկանանք, թե ինչու չեն փորձում այդ բուն սկզբնաղբյուր լրատվամիջոցների դեմ դատական հայցերով մտնել, ինչու են «Հրապարակի» դեմ մտել հատկապես: Հետաքրքիր է, չէ՞, ի վերջո, կա կայք, որից բավական մեծ թվով լրատվամիջոցներ արտատպումներ են արել, և նրանցից ոչ մեկի դեմ հայցադիմումով հանդես չեն գալիս, հանդես են գալիս «Հրապարակի» դեմ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս