Բաժիններ՝

Թիրախը Ռուզաննա Խաչատրյանի ամուսինն է՝ Սեյրան Օհանյանը. փաստաբան

ՀՀ պաշտպանության նախարարի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, հայց է ներկայացրել «Հրապարակ» օրաթերթի դեմ: Նրա փաստաբան Կարեն Մեժլումյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ դատարանից խնդրել են պարտավորեցնել «Հրապարակ» օրաթերթում և hraparak.am կայքում հրապարակել «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածի վերաբերյալ իրենց պատասխանը, պարտավորեցնել հերքել հոդվածում տեղ գտած, իրենց գնահատմամբ, իրականությանը չհամապատասխանող փաստեր պարունակող և զրպարտող արտահայտությունները:

Փաստաբան Կարեն Մեժլումյանն ասաց, որ վերջերս «Հրապարակ» օրաթերթում և կայքում հոդվածներ են հրապարակվել Ռուզաննա Խաչատրյանի մասին, որտեղ, ի թիվս նրա իրավունքները խախտող, իրականությանը չհամապատասխանող այլ փաստերի նշման, նա նաև, ըստ էության, հանցագործության մեջ է մեղադրվել:

Փաստաբանն ասաց, որ Ռուզաննա Խաչատրյանը դիմել է իրեն, իրենք պատասխան են գրել և ուղարկել ինչպես «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագրին, այնպես էլ նյութի հեղինակ Սյուզան Սիմոնյանին, նրանց էլեկտրոնային հասցեներին: Փաստաբանի խոսքով՝ պատասխանում նշվել է, որ ավտովթարի վերաբերյալ տարածված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, Ռուզաննա Խաչատրյանն այդպիսի դեպքի հետ առնչություն չունի:

Կարեն Մեժլումյանն ասաց, որ պատասխանը լրատվամիջոցին ուղարկվել է մայիսի 23-ին՝ 13:28-ին, ինչից 1 ժամ 15 րոպե անց հրապարակվել է երկրորդ նյութը՝ «Հանրությունն ուզում է իմանալ-2» վերնագրով, որտեղ արդեն հղում է կատարվել hzham.am կայքին:

Կարդացեք նաև

Կարեն Մեժլումյանն ասաց, որ այդ նյութն արդեն դիտել են որպես մերժում իրենց պատասխանին, հերքումը հրապարակելուն, և մայիսի 25-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում են մուտք արել:

«Ի դեպ, նշեմ, որ թեև օրենքը հնարավորություն է տալիս նաև գումարային փոխհատուցում պահանջել նման դեպքերում՝ այս դեպքում զրպարտության համար, մենք նման պահանջ չենք ներկայացրել»,- ասաց Կարեն Մեժլումյանը: Նրա խոսքով՝ hzham.am կայքը տեղեկություն է հրապարակվել, թե Ռուզաննա Խաչատրյանը ավտոմեքենայի ղեկին է եղել, վթար է տեղի ունեցել, որի արդյունքում գործարար Հովիկ Հայրապետյանը մահացել է:

«Բնականաբար, դա անկհայտ սուտ է, անձին քրեական հանցագործության մեջ մեղադրող սուտ է: Մի բան ասեմ՝ նման վթար տեղի ունեցել է, Հովիկ Հայրապետյանը մահացել է, դրա համար դատապարտվել է անձ, կին՝ Աննա անունով»,- ասաց Կարեն Մեժլումյանը՝ նշելով, որ այդ գործով դատավճիռը եղել է 2003թ. ապրիլի 25-ին:

Անդրադառնալով hzham.am կայքին՝ Կարեն Մեժլումյանն ասաց, որ այնտեղ օրվա ընթացքում զրպարտող, վիրավորանք պարունակող մի քանի նյութ է հրապարակվում Ռուզաննա Խաչատրյանի և Սեյրան Օհանյանի մասին: Փաստաբանի խոսքով՝ կայքի «մեր մասին» էջում որպես լրատվական գործունեություն իրականացնող նշված է Ա/Ձ Աննա Գևորգյան, սակայն, ըստ էլեկտրոնային ռեգիստրի տվյլաների, այն հաշվառումից հանվել է, այսինքն՝ լուծարվել է: Փաստաբանն ասաց, որ զանգահարել է կայքում նշված հեռախոսահամարով, հաղորդագրություն ուղարկել, սակայն պատասխան չի ստացել: Կարեն Մեժլումյանի խոսքով՝ հայցադիմում ներկայացննելիս պարտադիր պետք է նշվի պատասխանողի հասցեն, սակայն այս դեպքում հասցեն չկա:

Ասուլիսին ներկա էր նաև «Հրապարակ» թերթի լրագրող, հոդվածի հեղինակ Սյուզան Սիմոնյանը, ով նշեց, որ վերջնագրում առաջարկվել է մինչև մայիսի 30-ը հրապարակել պատասխանը, ինչպես նաև հերքում, բայց մայիսի 23-ին արդեն հայց են ներկայացրել դատարան: Բացի դա՝ նա նշեց, որ մայիսի 23-ին կայքում հրապարակված նյութը թերթում արդեն տպագրված է եղել: Կարեն Մեժլումյանի հարցին՝ ինչո՞ւ մինչ օրս չեք տպում պատասխանը, նա պատասխանեց. «Որովհետև Դուք վազեցիք դատարան, կներեք»: Լրագրողը նաև նշեց, որ «Հանրությունն ուզում է իմանալ-2» հոդվածում հրապարակվել է «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի պատասխանը:

Սյուզան Սիմոնյանը խնդրեց փաստաբանին «Հանրությունն ուզում է իմանալ» հոդվածում գտնել «մեկ նախադասություն, որտեղ «Հրապարակն» ասի, որ Սեյրան Օհանյանի կինը վթարի պատճառ է եղել»: Կարեն Մեժլումյանն էլ նշեց, որ տեղադրված է Ռուզաննա Խաչատրյանը նկարը, նշվում է, որ նա տարբեր միջոցառումների է մասնակցում, ապա ասվում. «Որոշ լրատվամիջոցներ խորացան նախարարի և նրա տիկնոջ հարաբերություններում, պատմեցին նրանց «թեթև» ծանոթության և արտամուսնական երկարատև կապի մասին, հիշեցին և տարածեցին վաղուց մոռացված պատմությունն այն մասին, թե ինչպես է մի կին, երբ նա դեռ հայտնի չէր, վարել իր մտերիմ ընկերոջ մեքենան և ջախջախել այն՝ վերջինիս մահվան պատճառը դառնալով»:

Լրագրողը հարցրեց՝ «գրված է, որ Սեյրան Օհանյանի կի՞նն է», ինչին փաստաբանը պատասխանեց. «Եթե Դուք կարծում եք, որ ամեն տողի մեջ, ամեն նախադասության մեջ մի քանի անգամ պետք է ասեք, ուրեմն Դուք այստեղ էլ օբյեկտիվ չեք»:

Սյուզան Սիմոնյանն ասաց, որ հրապարակման մեջ գրված է, որ Ռուզաննա Խաչատրյանը հերքել է այդ տեղեկությունները, նրա ֆեյսբուքյան էջից մեջերում է արված, ինչին ի պատասխան Կարեն Մեժլումյանն ասաց. «Դուք պարտավոր եք պատասխանը հրապարակել «Զանգվածային լրատվության մասին» օրենքով և Դուք պարտավոր եք հերքում հրապարակել: Դա չեք անում Դուք»: Նա նշեց նաև, որ հերքում չի հրապարակվել, Ռուզաննա Խաչատրյանի պատասխանը չի հրապարակվել:

Լրագրողները նշեցին նաև, որ զրպարտությունն ապաքրեականացվել է, սակայն Սեյրան Օհանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին և հետաքրքրվեցին, թե ինչ պետք է անի գլխավոր դատախազը: «Ես չեմ ցանկանում այդ դաշտ մտնել այս պահին, բայց հանցագործության տարրեր կան: Զուտ այն հոդվածով չէ, որ զրպարտություն էր և վիրավորանք: Այլ հանցակազմի տարրեր կան»,- ի պատասխան ասաց Կարեն Մեժլումյանը: Հարցին՝ եթե մինչև մայիսի 30-ը «Հրապարակ» օրաթերթը տպագրի հերքումն ու պատասխանը, հայցադիմումը հետ կվերցնե՞ն, փաստաբանը պատասխանեց, որ կքննարկեն այդ հարցը:

Հարցին, թե ինչո՞վ է իր վստահորդը պայմանավորում իր անձի շուրջ ակտիվացումները՝ հիմնականում բացասական տոնով, Կարեն Մեժլումյանը պատասխանեց. «Այդ ամենի թիրախը, ըստ նրա և ըստ մեզ, նրա ամուսինն է՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և նրան վարկաբեկումների միջոցով փորձում են նաև վարկաբեկել իր ամուսնուն»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս