«Երևի դուխ են տվել, սա էլ ասել է՝ ես էլ հերոսանամ, ուզում է պատմության մեջ մտնի, որ Իսրայելյան Կարոյին բոքսել է, փողոցի մեջտեղը մեր ու հեր է հայհոյել»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 31-ին Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանի վրա հարձակում էր տեղի ունեցել: 168.am-ի հետ զրույցում Կ. Իսրայելյանը պատմել էր, որ իր վրա հարձակվողը մոտավորապես 50 տարեկան մի տղամարդ է եղել, ով նախ՝ հայհոյել է քաղաքապետի թեկնածուին, ապա՝ հարվածել նրա դեմքին և գլխին: Կատարվածի հետևանքով Կ. Իսրայելյանն ատամնաշարի հետ խնդիրներ է ունեցել, սակայն նա դեռ չի շտապում հիվանդանոց պառկել, քանի որ ընտրություններին հաշված օրեր են մնացել:
Քիչ առաջ Կ. Իսրայելյանը 168.am-ին հայտնեց, որ ինքը հիմա զբաղված է իր քարոզարշավով և դեռ հիվանդանոց չի գնացել. «Հիմա քայլում եմ փողոցով՝ արդեն թիկնապահներով, ու նկարներս եմ բաժանում, ոչինչ չեմ խոսում, ժամանակ էլ չկա, պետք է հասցնեմ ամբողջ քաղաքին նկարներս բաժանեմ»:
Խոսելով իր ինքնազգացողության մասին՝ քաղաքապետի թեկնածուն ասաց, որ մի քիչ ատամների խնդիրներ ունի, ցավում են, բայց հունիսի 7-ից հետո կզբաղվի իր բուժման հարցերով, ինչպես նաև՝ իրեն «ծեծող մարդու» գործով. «Լրատվամիջոցներում գրում են՝ իբր ես էլ եմ խփել: Աղջիկ ջան, ես մոտիկ չէի գնա, մատով չէի էլ կպնի, հլը դրան նայի, որովհետև հոգով կեղտ են, ամսի 7-ից հետո կխոսենք, տեսնենք՝ ինչ է իրենից ներկայացնում, որ եկել է փողոցում ինձ այդ վիճակին է գցել»:
Հարցին՝ գործի քննությունից ինչ-որ նորություններ կա՞ն, Կ. Իսրայելյանը պատասխանեց, որ իրեն ոչ էլ հետաքրքրում է դա. «Թող իրավապահ մարմինները մտածեն, իրենցով էլ կզբաղվեմ, եթե ճիշտ չվարվեն: Ո՞վ է այդ քնձռոտ, պանիր ծախող էշը»:
Հարցին էլ՝ Ձեզ խփողի անուն-ազգանունը կամ նրանից ինչ-որ տեղեկություններ հայտնի՞ են, Կ. Իսրայելյանն այսպես պատասխանեց. «Ոչ մի բան ո՛չ գիտեմ, ո՛չ էլ ուզում եմ իմանալ, երբ ինձ պետք եղավ, կիմանամ իրեն էլ, էրեխուն էլ, իրա պապուն էլ, ախպերներին էլ, Կապուտան գյուղն էլ…»:
Մենք հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք այս ընթացքում քաղաքապետի մյուս թեկնածուները կապ հաստատե՞լ են նրա հետ, իր որպիսությունից հարցրե՞լ են: Ի պատասխան մեր հարցի՝ Կ. Իսրայելյանն ասաց, որ թեկնածուներից Պալաչը՝ Արթուր Հարությունյանը, իր զորակցությունն է հայտնել, իսկ մյուսները՝ ոչ. «Երկու ամիս է, ամիս ու կես է արդեն իր զորքն այս քաղաքում է: Այդ զորքը՝ մարզպետի գլխավորությամբ, գիշեր-ցերեկ այստեղ են, ի՞նչ են անում այս քաղաքում: Ես միշտ կավիճ էի առնում, քաղաքապետարանի դիմաց կավճանկարչություն էի կազմակերպում: Երեկ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, մարզպետարանը բոլոր դպրոցներին, բոլոր մանկապարտեզներին ասել է՝ մեկդ փորձի բացակայել այդ միջոցառումից, մեկդ փորձի Վահագնին չընտրել, անմիջապես ձեզ գործից կհանենք: Իրենց սեփականությո՞ւնն է, ի՞նչն է, երկիր չկա, ես մի առիթով ասել եմ՝ «բարգավաճիզմը», այդ քծնողները պետք է այս քաղաքից հավերժ դուրս գան»:
Հարցին՝ ինչ-որ ստույգ տեղեկություն ունե՞ք, որ մարզպետարանը նման բան է արել, թե՞ կասկածների մակարդակով եք նման բան ասում, Կ. Իսրայելյանը պատասխանեց, որ ունի ստույգ տեղեկատվություն: Մեր հարցին էլ՝ ո՞վ է Ձեզ այդ մասին ասել, քաղաքապետի թեկնածուն այսպես պատասխանեց. «Ես բավականին լավ տեղեկացված եմ այս քաղաքի անցուդարձից, և ինչ էլ անեն, մինույն է՝ ես իմանալու եմ՝ ինչ է կատարվում քաղաքում: Ուղղակի մարդիկ վախենում են իրենցից, անգամ վախենում են մեզ հետ շփվեն»:
Մեր ճշտող հարցին էլ՝ Ձեր վստահված անձի՞նք են այդ տեղեկությունը Ձեզ տվել, Կ. Իսրայելյանն այսպես պատասխանեց. «Ամբողջ քաղաքում իմ վստահված անձինք են, իմ ժողովուրդն իմ վստահված մարդիկ են»:
Հարցին՝ Ձեզ հետ կատարվածը կապո՞ւմ եք Վահագն Գևորգյանի անձի հետ, որ նման բաներ եք ասում, Կ. Իսրայելյանն այսպես պատասխանեց. «Այդ մարդը՝ ինձ խփողը, համարձակություն չունի, իրենից մի հատ ճանճ էլ չի ներկայացնում այս քաղաքում, երևի դուխ են տվել, չէ՞, չեմ ասում՝ կոնկրետ ասել են, որովհետև նա անուղեղի մեկն է: Գնացել-մտել է երևի այդ շտաբ, կոչեցյալները, նրան դուխ են տվել, հատկապես այդ «Բարգավաճի» շտաբը, որը հիմա Վահագն Գևորգյանինն է: Այս մարդը մտել է այդ շտաբը, երևի իրեն դուխ են տվել, սա էլ ասել է՝ ես էլ հերոսանամ, ինչպես Հռոմի պապին այդ թուրքը խփեց, նա էլ է ուզում պատմության մեջ մտնի, որ Իսրայելյան Կարոյին բոքսել է, փողոցի մեջտեղը մեր ու հեր է հայհոյել»: