Կարապետ Իսրայելյանը մանրամասներ է պատմում իրեն ծեծի ենթարկելու դեպքից. «Գլխիս տվել է երկու հարված»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 31-ին` ժամը 16.45-ին, Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Աբովյանի Հանրապետության փողոցում գտնվող Կենտրոնական շուկայի տարածքում իրեն ծեծի են ենթարկել:

168.am-ի հետ զրույցում՝ պատմելով տեղի ունեցած միջադեպի մասին, Կարապետ Իսրայելյանն ասաց. «Փողոցում անգամ մի խոսք հետը չեմ խոսել, դեմս կանգնել է ինձ հայհոյել և շատ վատ ձևով հարվածել, որովհետև ատամներիս ամբողջ շարժը խախտել է, և գլխիս տվել է երկու հարված, շուկայի բոլոր մարդիկ խառվեցին իրար, աշխարհի ամենասրիկա հայհոյանքներն է ինձ տվել, ես էլ դիմել եմ օրենքին»:

Նա պատմեց, որ իրեն հարվածողը եղել է մոտավորապես 50 տարեկան տղամարդ, որը սկզբում «ամենավատ ձևով» հայհոյել է քաղաքապետի թեկնածուին, հետո սկսել է հարվածել:

Կ. Իսրայելյանը մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ ինքն արդեն եղել է հիվանդանոցում, բժիշկը զննել է իրեն. «Օրենքով պետք է պառկեմ, բայց 4 օր է մնում ընտրություններին, ինչպե՞ս պառկեմ, չեմ կարող, ես մինչև հիմա լուրջ քարոզարշավ չեմ տարել, որովհետև ժողովուդրն ինձ գիտի ու կարիք չկա ես բացատրեմ՝ ես ով եմ, ինչ եմ, երկար տարիներ աշխատել եմ, ու խնդիր չունեմ իմ ժողովրդի հետ: Մնում է մի խնդիր լուծել այս քաղաքում, որը երկրի ղեկավարությանն էլ եմ խնդրել ու հորդորել, որ արդար ազնիվ ընտրությունների գնանք, չփորձեն լցնել (իրենց ոճն է, չէ՞, լցնելը)»:

Հարցին՝ Ձեզ ինչ-որ բան չասացի՞ն խփելու ընթացքում, Կ. Իսրայելյանը պատասխանեց, որ ոչինչ չեն ասել:

«Ծաղկաձորյան դեպքը բոլորդ եք հիշում, ներել եմ նրանց, այդ ջահելները պետք է դատարան գնային, պատիժ ստանային, ասացի՝ ջահել են, մեր հայ էրեխեքն են, էշություն արել են, իմ նման մեծ մարդուն ծեծել են, ի՞նչ է, հավերժ պետք է թշնամի լինե՞նք»,- ասաց քաղաքապետի թեկնածուն:

Հարցին՝ ո՞ւմ եք կասկածում, ում կողմից կարող է պատվիրված լինել այս դեպքը, Կ. Իսրայելյանն այսպես պատասխանեց. «Ում կասկածում եմ, ինձ թողեք: Իրավապահները թող մեղքը գտնեն, բայց որ մեկի մատը մեջն է, դա բացառված է, որ չլինի: Մարդը ինչո՞ւ պետք է գա ինձ նման ճանաչված մարդուն խփի»:

Հարցին էլ՝ հավանական չե՞ք համարում, որ անձնական ինչ-որ խնդիրների պատճառով կարող է եղած լինել այս միջադեպը, Կ. Իսրայելյանն այսպես արձագանքեց. «40 տարի իրենց հետ աշխատել եմ, մեկի մի բաժակ ջուրը չեմ խմել, էլ ի՞նչ պետք է անեի: Նա, որ պատվեր չկատարեր, ինչո՞ւ պետք է խփեր»:

Մենք Կ. Իսրայելյանից նաև հետաքրքրվեցին՝ արդյոք չի՞ կասկածում, որ քաղաքապետի թեկնածուներից մեկը կարող է դա պատվիրած լիներ: Ի պատասխան մեր հարցին՝ նա ասաց, որ չի կարծում, թե թեկնածուներից որևէ մեկն է պատվիրել. «Թեկնածուներից 3-ն էլ ինձ համար երեխա են՝ այդ Էդվինն էլ, Պալաչն էլ, իսկ այդ Վահագնի ապ ու պապերը չեն կարող ինձ 5 մետրից մոտ գալ, բայց նրա կողքին կանգնած է թիկանազորը, ու մեկը կարող է նրան շոյվելու համար արել է»:

Տեսանյութեր

Լրահոս