Ազգային վիճակագրական ծառայությունն այս տարվա առաջին եռամասյակում աճ է արձանագրել
Անցած տարվա համեմատ՝ այս տարի նկատելիորեն նվազել է Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճի տեմպը: Ու թեև միջազգային կառույցները ՀՀ տնտեսության անկում են կանխատեսել, սակայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն այս տարվա առաջին եռամսյակում աճ է արձանագրել:
ԱՎԾ-ի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 2015 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ ՀՆԱ-ն աճել է 2.2 %-ով ու կազմել 873.6 մլրդ դրամ։ Նկատենք, որ 2014 թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ՀՆԱ-ն ավելացել էր 3.1%-ով:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը կանխատեսել էր, որ ՀՀ-ի տնտեսությունն այս տարի աճ չի արձանագրի, և ՀՆԱ-ն կլինի 0%, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 1.5% անկում է կանխատեսել, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 1% անկում: ՀՀ կառավարությունը մինչ օրս չի վերանայել բյուջեով սահմանված ցուցանիշերը և ձգտելու է տնտեսության 4.1% աճի: