Աբովյանցիների համար ամեն ինչ պարզ է՝ «Քաղաքապետն արդեն ընտրված է»

Հունիսի 7-ին Աբովյան քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ: Նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանին (այժմ՝ Կոտայքի մարզպետ) գալու է փոխարինելու քաղաքապետի արդեն 5 թեկնածուներից մեկը: Հիշեցնենք, որ Աբովյան քաղաքի քաղաքապետի թեկնածուները սկզբում 6-ն էին՝ Արթուր Հարությունյանը՝ «Պալաչ» մականունով, Վահագն Գևորգյանը, Էդվին Թադևոսյանը, Կարապետ Իսրայելյանը, Արթուր Հարությունյանը և Սամվել Հակոբյանը: Վերջինս մայիսի 28-ին ինքնաբացարկ է հայտնել՝ հօգուտ Էդվին Թադևոսյանի:

168.am-ի հետ զրույցում աբովյանցիները հիմնականում նշում էին, որ իրենց համար մեկ է, թե ով կընտրվի, քանի որ համոզված են, որ իրենց ձայնը որոշիչ չի լինելու: Նրանք մտահոգություն էին հայտնում, որ քաղաքում կան բազում խնդիրներ, և այդ խնդիրները ո՛չ նախկին քաղաքապետն է լուծել, ո՛չ էլ ապագան է անելու: Ոմանք նշում էին որոշ թեկնածուների անուններ, որոնց հետ հույսեր են կապում և իրենց ձայնը տալու են նրանց:

Աբովյանցի մի մարդ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը քվեարկելու է Վահագն Գևորգյանի օգտին, քանի որ մի քանի անգամ լսել է նրա ելույթները և հավանել է դրանք: Նա նշեց, սակայն, որ իրենք ընտրեն-չընտրեն, միևնույն է, «այդ մարդը»՝ Վահագն Գևորգյանը, արդեն ընտրված է երկրի ղեկավարության կողմից:

Աբովյանցիներից մեկն էլ նշեց, որ ոչ մի թեկնածուի օգտին չի քվեարկելու, քանի որ նրանցից ոչ մեկին չի ճանաչում ու չի հավատում, բայցև համոզված է, որ քաղաքապետն արդեն ընտրված է:

Կարդացեք նաև

Հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի ձեր ապագա քաղաքապետը, աբովյանցիներից մեկն այսպես պատասխանեց. «Էն Կարո Իսրայելյանը գոնե գալիս էր, շաբաթը մի անգամ քայլում էր քաղաքում, մարդկանց հետ խոսում էր, էս վերջինը (Կարապետ Գուլոյանը,- Ա. Ք. ) սկի Աբովյանի տեղը չգիտեր: Քաղաքապետը պետք է քաղաքի ներսից լինի, որ հասկանա մարդկանց խնդիրները»:

Մի մարդ էլ պնդեց, որ քաղաքապետը պետք է լինի Աբովյանի բնակիչ: Նրա համար լավագույն թեկնածուներն են՝ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, և Կարապետ Իսրայելյանը:

Աբովյանցիները հիմնականում դժվարանում էին իրենց նախընտրած թեկնածուների անունները տալ. կա՛մ ասում էին, որ չունեն նախընտրած թեկնածու, կա՛մ էլ ասում էին, որ նախընտրած թեկնածուի անունը գաղտնի են պահում: Հիմնականում, սակայն, շատերն ասում էին, որ չեն հավատում ընտրությունների ընթացքին, միևնույն է՝ կեղծվելու են, ու իրենց ձայնը, ինչպես միշտ, որոշիչ չի լինելու:

Մեր հարցին՝ Աբովյանի քաղաքապետի նախորդ ընտրությունների փորձի՞ց եք ասում, որ ընտրություններն արդար չեն անցնի, թե՞ ընդհանուր հանրապետության մաշտաբով կազմակերպված ընտրություններից է ձեր դժգոհությունը, աբովյանցիներից մեկը պատասխանեց, որ դրանք պետք չէ տարանջատել, Հայաստանում բոլոր ընտրություններն են կեղծվում. «Ինչ կատարվում է վերին շերտերում, նույնն էլ այստեղ է լինում»:

Ի պատասխան մեր ճշտող հարցին՝ Աբովյանի քաղաքապետի նախորդ ընտրություններն է՞լ են եղել ոչ արդար, կեղծված, նա նշեց, որ այդ հարցին չի ուզում պատասխանել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս