Բաժիններ՝

Էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումը մեծ ցնցումների կհանգեցնի. Վարդան Բոստանջյան

Տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը չափազանց վատ է գնահատում էլեկտրաէներգիայի սպասվող թանկացումը և կարծում է, որ հասարակության, քաղաքացիների վրա նորից նման բեռ դնելը շատ տխուր հետևանքների ու մեծ ցնցումների կհանգեցնի: 168.am-ի հետ զրույցում Վ.Բոստանջյանը նշեց, որ քաղաքացին առայժմ գոնե կարողանում էր սպառել էլեկտրաէներգիա:

«Շատ խոցելի իրավիճակ է: «Վատ կառավարումը» կուլտուրական բառակապակցություն է: Փողերը պարզապես գողացել կերել են ու դա մի հոգի չի արել, երկու հոգի չի արել ու ոչ միայն էներգետիկայի ոլորտում: Դրա մասին առնվազն ՎՊ նախագահն ասաց՝ խոսելով բյուջեի 70% թալանի մասին: Հիմա ինչքան էլ ուզենան ծածկադմփոց անել, է անեն… Ես չեմ հասկանում, կարո՞ղ է նպատակ են հետապնդում, որ մեր երկիրը դատարկվի: Անգամ բանը հասել է նրան, որ Հանրապետականները, որ ամեն ինչի մեղավորությունը նրանցն է, իրենք են ասում, որ վատ բան է, որ ամեն ինչ արդարացնում ու հիմնավորում էին, իրենք էլ չեն կարողանում գտնել բառեր, որ ժողովրդին ըմբռնելի ձևով ներկայացնեն»,- ասաց Վ.Բոստանջյանը:

Նա դժվարացավ ասել, թե քաղաքացիների բողոքի ալիքը ինչքանո՞վ կազդի որոշում կայացնողների վրա. «Որոշում կայացնողները կարծես թե անցել են բոլոր ռուբիկոնները: Արդեն նրանց վրա երևի ոչ մի բան չի ազդում: Դա է ցույց տալիս ոչ միայն սակագնի բարձրացումը, այլ տևական ժամանակ մեր երկրում տեղի ունեցողը: Ամեն բնագավառում շատ ահավոր վիճակ է, և եթե որոշում կայացնողները ոչ մի գործ չեն անում այս ուղղությամբ, նշանակում է, ժողովուրդը դուրս գա փողոց, թե դուրս չգա, նրանց վրա չի ազդում: Ուրեմն շեմը անցել են»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս