2015 թվականին պետք է աճի եվրոպական շուկայում «Գազպրոմի» մասնաբաժինը. Միլլեր
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Գազպրոմը» 2015 թվականին մեծացնելու է գազի արտահանումը՝ համեմատած 2014 թվականի հետ: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Նրա խոսքերով՝ մայիսին գազի մատակարարումներն ավելացել են ավելի քան 5 տոկոսով: Միլլերն ընդգծել է, որ պետք է աճի եվրոպական շուկայում «Գազպրոմի» մասնաբաժինը.
«2014 թվականի արդյունքներով այն կազմել է ԵՄ-ի գազային սպառման 30 տոկոսը: Էլ ավելի մեծ է ԵՄ-ի ներկրման մեջ «Գազպրոմի» մասնաբաժինը: Ներկայումս դա կազմում է 2/3, և դա շատ մեծ թիվ է»:
Միլլերը վստահություն է հայտնել, որ աճելու է գազից Եվրոպայի ունեցած կախվածությունը, և որ «Գազպրոմի» համար մրցակիցներ չկան 10.000 կիլոմետր շառավղով:
Անդրադառնալով TAP գազատարով Եվրոպային ադրբեջանական գազ մատակարարելու խնդրին՝ Միլլերը հայտարարել է, որ 4 տարի առաջ նախագծի մասնակիցները պլանավորել էին մատակարարումները սկսել 2017 թվականին.
«Ներկայումս խոսում են 2021 թվականի մասին և յուրաքանչյուր տարի դրան հավելվում է 4 տարի: Փորձագետները հայտարարում են, որ այդ միտումը շարունակվելու է նաև հետագայում»: